Վաճառքում նաեւ որսի միս

26/06/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանում որսաշրջանի պաշտոնական բացումն ավանդաբար տեղի է ունենում
օգոստոսի վերջին կիրակի օրը եւ տեւում է մինչեւ դեկտեմբերի 31-ը, որոշ
դեպքերում՝ մինչեւ փետրվարի վերջը: Այս սահմաներից դուրս որսն արգելվում
է, հետեւաբար՝ արգելվում է նաեւ որսի միս ուտելը: Որսաշրջանի ժամանակ
թույլատրվում է սպանել նապաստակ, բադ, կաքավ եւ մի քանի այլ տեսակի
թռչուններ: Իսկ մուֆլոնի, եղնիկի, արջի եւ բազում այլ կենդանատեսակների
որսն արգելվում է: Եվ ընդհանրապես, որսի համար արգելված կենդանիների ցանկն
ավելի մեծ է, քան այն կենդանիների ցանկը, որոնց որսը թույլատրելի է:
«Թույլատրելիության չափն էլ անսահման չէ,- ասում է Հայաստանի որսորդների
միության նախագահ Ա.Դավթյանը: -Որսորդները սպանում են այնքան կենդանի կամ
թռչուն, որ տեղում խորովեն ուտեն: Արդյունաբերության նպատակով մեզ մոտ որս
չի կազմակերպվում: Հայաստանում թույլատրվում է միայն արդյունաբերական
ձկնորսությունը, այն էլ որոշակի ժամանակամիջոցում: Մնացած բոլոր դեպքերում
դա համարվում է որսագողություն կամ ձկնգողություն»:
Երեւանի Դավիթաշեն համայնքի «Դագ» սուպերմարկետի պատուհանին մեծ տառերով
գրված է՝ «Որսի միս», տակն էլ պատկերված է որսացու կենդանու նկարը: Եթե
վաճառվում է, ուրեմն որեւէ մեկը որսացել է: Իսկ որսի կանոնների խախտման
համար ՀՀ վարչական օրենսգիրքը նախատեսում է սահմանված աշխատավարձի
հիսունապատիկից մինչեւ հարյուրհիսունապատիկի չափով տուգանք: Իսկ այս
դեպքում եթե նույնիսկ կենդանու տեսակը որսալու համար թույլատրելի է, ապա
ժամանակը բնավ էլ թույլատրելի չէ: Սա հարցի մի կողմն է: Իսկ որ խանութը
բացահայտ է գովազդում որսի միսը, դա արդեն՝ «վերջն է», ինչպես պատասխանեց
Որսմիության նախագահը:
«Դագ» սուպերմարկետի մսավաճառը, սակայն, հրաժարվեց, որ ինքը որսի միս է վաճառում:
«Որսն արգելված է, որսի միս որտեղի՞ց: Այն ժամանակ, երբ թույլատրվում է,
եկեք ձեզ որսած նապաստակ կտանք: Իսկ եթե ուզեք, երկու օրից տնական
նապաստակի միս կբերենք, կիլոն 2500-3500 դրամ»,- պատասխանեց նա:
Տնական նապաստակի դեպքում դժվար թե միսը որսի համարվի ու խանութի
պատուհանին էլ գրվի: Իսկ թե ինչու են արգելված ժամանակ որսի միս
գովազդում, փորձառու մսավաճառն այսպես բացատրեց. «Օգնում է մեր առեւտրին.
նայում են՝ գրած է «որսի միս», մտնում են խանութ, բոլոր դեպքերում միս
գնում են: Սա հաճախորդին գրավելու միջոց է, էլի»:
Բայց արդյո՞ք դա այդպես է: Վերջերս մեր խմբագրությունն ահազանգ ստացավ, որ
քաղաքի մի քանի խանութներում որսի միս վաճառվում է, բայց տակից:
«Եթե ուզես՝ երկու օրից բերել կտա՝ արջի ու եղնիկի միս»,- հայտնեց ահազանգողը:
Խանութներում, ըստ ամենայնի, որսի միս վաճառվում է: Եղնիկի միսն, օրինակ
առաջարկվում է 2500-3000 դրամով, Չնայած՝ պատկան մարմինները փնտրում են ու
որսագող չեն գտնում: Գաղտնիք չէ, որ որսի միս հրամցվում է նաեւ որոշ
ռեստորաններում: Չի բացառվում, որ նույն պատկան մարմիններն էլ են սիրում
որսի միս, ու որսագողությունն, այնուամենայնիվ, տեղի է ունենում նրանց
թույլտվությամբ: Եղնիկ ու արջ ավելի շատ կան Արցախի անտառներում: Ու չի
բացառվում, որ վաճառվող կամ հրամցվող որսացուն բերվում է հենց Արցախից:
Մանավանդ, որ խանութի մսավաճառն ասաց, որ ինքը Շուշիից է: