Երեկ Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկել է Եվրամիություն-Ռուսաստան գագաթաժողովը: Դրա ընթացքում քննարկվելու են Ռուսաստանի հետ Եվրոպայի հետագա հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ ընդհատված բանակցությունները վերսկսելու հնարավորությունները: Առաջին հերթին քննարկվելու է, թե որքանով է Ռուսաստանը կատարել ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման Մեդվեդեւ-Սարկոզի պլանը, որից հետո օրակարգում է համագործակցության երկարաժամկետ համաձայնագրի մշակման շուրջ բանակցությունների վերսկսման հարցը: Հիշեցնենք, որ այդ բանակցություններն ընդհատվել էին Ռուս-վրացական պատերազմի հետ կապված, երբ Եվրամիության անդամ պետությունները հանդես էին գալիս Ռուսաստանի գործողությունները խստորեն դատապարտող հայտարարություններով: Թեեւ Lիտվան եւ Lեհաստանը մինչեւ այսօր էլ ընդդիմանում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հեռանկարին, այնուհանդերձ, երկուշաբթի օրը Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարները որոշեցին վերսկսել բանակցությունները պաշտոնական Մոսկվայի հետ: Եվրամիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարեց, որ ռուսական կողմը հիմնականում կատարել է խաղաղ համաձայնագրի պահանջները: Գագաթաժողովում Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: