Կարապետիչի կանխատեսումները

19/11/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

«ԱԼՄ» հեռուստաալիքի եւ «Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը երեկ լրագրողների միջոցով աշխարհին հայտնեց, որ Հայաստանի ներկա վիճակն «այնքան վատ չէ, որքան մենք պատկերացնում ենք»: «Այսօր բոլորը մեզ հետ են ցանկանում իրենց հարցերը կարգավորել, մեզ հետ են ճշտումներ մտցնում ու մեր հաշվին են ռեգիոնալ լիդերներ դառնում»,- ասաց նա:

Նա կարծում է, որ լիդեր դառնալու լուրջ մրցակցության մեջ են մտել Իրանն ու Թուրքիան (եւ երկուսն էլ դա անում են` ցանկանալով օգտագործել Հայաստանը), իսկ Ռուսաստանին բնորոշում է՝ որպես «Վրաստանի գործընթացներից վախեցած ու ԱՊՀ տարածքը պահպանել ցանկացող» մի ուժ: «Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի ԱՄՆ-ը չմտնի ԱՊՀ տարածք»:

Հայաստանի լավ վիճակից ելնելով, Տ. Կարապետյանն առաջարկում է օգտագործել տարածաշրջանի գազամուղները՝ որպես մեր ուժի ապացույց. «Որպես ինքնապաշտպանական քայլ կարող ենք ռմբակոծել, կամ որեւէ կերպ վնասել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղները: Դա կատաստրոֆիկ կանդրադառնա եւ՛ Թուրքիայի, եւ՛ Եվրոպայի վրա: Եվ մենք դա պիտի առաջ տանենք, այլ ոչ թե՝ մեկուսանանք: Մենք պետք է այնպես անենք, որ միջնորդ դառնա ոչ միայն Թուրքիան, որին մենք չենք հավատում, այլ` նաեւ Իրանը, որն ավելի անկողմնապահ կլինի»:

Նրա մեկ այլ դիտարկումը վերաբերում էր Հայաստանի ակտիվացմանը Վրաստանի տարածքում. «Թուրքիան ցանկանում է ինքնուրույն քայլ խաղալ, ու կարող է դաշինք կազմել Ռուսաստանի հետ: Թուրքիան անցել է մեզ, նրան արդեն հետաքրքրում են Սիրիան, Իրանը, Միացյալ Նահանգները: Այնպես որ, մթնոլորտը մեր ռեգիոնում փոխվում է, եւ մենք ընդհանրապես վախենալու բան չունենք: Հայաստանի վիճակն այնքան բարվոք է, որ մենք նույնիսկ կարող ենք ակտիվանալ Ջավախքում»:

«Ադեկվատ գործարքները» գնահատող Տ. Կարապետյանը դեմ է Արցախի ազատագրված տարածքները զիջելուն, սակայն ասուլիսի ընթացքում կարեւոր ճշտում արեց. «Ինձ համար ընդունելի է Աղդամի տարածքից հրաժարվելը: Աղդամը միշտ էլ եղել է զենքի շուկա, վարկաբեկված ու մաֆիոզ ադրբեջանական ուժերի խաչմերուկ, որտեղ զենք է վաճառվում այնպես, ինչպես մեր շուկաներում խնձոր է վաճառվում: Որեւէ մի տեղ պետք է, չէ՞, մտնեն ռուսական խաղաղարար ուժերը: Թող մտնեն Աղդամի տարածք»:

Ուրվագծելով նման հնարավորությունը` նա ասում է, որ դա բողոք չի առաջացնի ու չի նմանվի «ոչ մի թիզ հող` թշնամուն» խոսքերին, որոնք այսօր հնչում են` «Հողը հող է, բայց այդ տարածքը մերը չէ»:

Տ. Կարապետյանն ասում է, որ մարտի 1-ին կատարված դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբը չի կարող օբյեկտիվ լինել ու ամեն դեպքում «կփորձի արդարացնել իշխանական գործընթացները»: Նա կողմ է նաեւ ընդդիմության` պայքարը կանգնեցնելու որոշմանը. «Ընդդիմությունը շատ խելացի է վարվել: Լեւոն Տեր-Պետրոսյանը կանխագուշակել է այն գործընթացները, որոնք լինելու են, ու որոշել է բացասական դերակատարություն չունենալու համար դադարեցնել պայքարը»: Կարապետիչը ճիշտ չի համարում այն կարծիքը, որ ընդդիմությունը ցուցարարների պակաս զգալով է պայքարը դադարեցրել. «Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզապես չցանկացավ թեժ գործողություններում թիրախ լինել»:

Տ.Կարապետյանը հիմա էլ շարունակում է ԱԺ-ի լուծարման կողմնակիցը լինել ու քմծիծաղով է խոսում այն քաղաքական գործիչների մասին, «որոնց հաշվում են զույգերով»: Տիգրան Թորոսյանի ու Վարդան Օսկանյանի մասին նա ասաց. «Այդ պարոնները ներքին քաղաքական դաշտում չեն տեղավորվում ու փորձում են արտաքին քաղաքական դաշտում տեղավորվել: Միանշանակ է, որ նրանք ներսում աջակցություն չունեն»:

Տ.Կարապետյանն իր կարծիքը հայտնեց նաեւ հեռուստատեսության ոլորտում կատարվող վերաձեւումների մասին. «Էլ ի՞նչ իմաստ ունի խոսել մշակույթի կամ բարձր խնդիրների մասին, եթե հեռուստատեսությունները միայն փող աշխատելով են զբաղված: Եվ մեր ալիքն իրոք տարբերվում է բոլորից, որովհետեւ մեր եթերում սերիալներ, պոռնոֆիլմեր ու այլ հանցագործ բաներ չկան: Մենք ոչ մի օգուտ չունենք ու վնասով ենք աշխատում: Շատ գովազդատուներին այլ ալիքներում առաջարկում են րոպեն մեկ դոլարով տալ, բայց ասում են, որ իրենց մոտ րոպեն 100 հազար դրամ արժե, միայն թե նրանք մեզ մոտ գովազդ չբերեն: Շատ հեռուստաընկերություններ նման քաղաքականություն ունեն, իսկ մենք մոլի կերպով փող չենք աշխատում, մենք ամեն ինչից հագեցած ենք, վեհ գաղափարներով ենք առաջնորդվում ու ոչ մեկի ցուցումները չենք կատարում»: Նա Հանրային ալիքը «իշխանական» անվանեց եւ մատնանշեց, որ ամենասարսափելի երեւույթը հեռուստատեսային «sms»-ներն են: «Ի՞նչ է նշանակում` գովազդել, որ երիտասարդները կարող են ծանոթանալ աղջիկների հետ, եթե այս համարով զանգահարեն: Այդ ի՞նչ աղջիկներ են, եւ այդ ինչի՞ պրոպագանդա է: Չէ՞ որ մենք ավանդական ենք, քրիստոնյա ենք: Իսկ «sms»-ները լայն ընտրություն են տալիս, ասում են` զանգահարիր Նատաշային»: Այլ հեռուստատեսային պրոբլեմներ Տ.Կարապետյանը չի տեսնում: Կամ էլ տեսնում է, բայց լռում է: