Հայաստանում նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը կանցկացվի էլեկտրոնային բովանդակությամբ համահայկական երրորդ մրցույթը` նվիրված հայոց տպագրության 500-ամյակին: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում տեղեկացրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանը: Ըստ նրա` մրցույթի նպատակն է՝ բացահայտել հայկական էլեկտրոնային բովանդակության ոլորտի վերջին տարիների նվաճումները, ՀՀ արտադրողների համար միջազգային շուկայում նրանց արտադրանքը եւ նվաճումները ներկայացնելու պայմաններ ստեղծել: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս մրցույթը կանցկացվի Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության կանոնակարգով սահմանված 8 անվանակարգերով` էլեկտրոնային ուսուցում, էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային գիտություն, էլեկտրոնային մշակույթ, էլեկտրոնային ժամանց, էլեկտրոնային բիզնես, էլեկտրոնային կառավարում եւ էլեկտրոնային ներգրավում: Մրցույթում հաղթող կճանաչվեն ինչպես ամենաբարձր միավորներ հավաքած լավագույն առաջին 16 աշխատանքները, այնպես էլ իրենց անվանակարգերում լավագույնը ճանաչված առաջին երկու աշխատանքները: Առաջինները կստանան դրամական պարգեւ, իսկ երկրորդները` 2009թ. մայիսին Մեքսիկայում կայանալիք մուլտիմեդիա համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթին մասնակցելու ուղեգիր: Մրցանակային ֆոնդը 12.000 ԱՄՆ դոլար է: Ամենաբարձր գնահատական ստացած առաջին 8 աշխատանքների համար սահմանված է 300.000-ական, 9-16-րդ աշխատանքների համար` 150.000-ական դրամ պարգեւ: Իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանը տեղեկացրել է, որ պետբյուջեից միջոցառման անցկացման համար հատկացվել է շուրջ 5 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում: Նշենք, որ Էլեկտրոնային բովանդակությամբ համահայկական առաջին մրցույթն անցկացվել է 2003թ. եւ նվիրված է եղել մաշտոցյան գրերի գյուտի 1600-ամյակին: Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը եւ Էլեկտրոնային բովանդակության հայկական ասոցիացիան: Հովանավորներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ՏՏ զարգացմանն աջակցող խորհուրդը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը եւ «Այքան Քոմունիքեյշնս» ընկերությունը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 25-ին: