«Հայէկոնոմբանկը» Վերականգնման եւ զարգացման եվրոբանկի հետ կիրականացնի
երկու՝ Տեխնիկական աջակցության եւ Ֆինանսական միջոցների ներգրավման
ծրագրեր: Առաջինը կկազմի մոտ 900.000 եվրո, իսկ երկրորդը, որ նախատեսված է
փոքր ու միջին ձեռնարկատիրության վարկավորման համար, կազմում է 5 մլն
դոլար: «Հայէկոնոմբանկը» հայաստանցի բաժնետերեր ունեցող բանկերից միակն է,
ուր Եվրոբանկն այսպիսի խոշոր ներդրումներ է կատարում: Եվրոբանկի տրամադրած
գումարի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել նաեւ հիպոտեկային
վարկավորման ծավալները, որն անցած տարիներին կազմել է մոտ 3 մլն դոլար:
Ֆինանսական նոր միջոցներ ներգրավելու դեպքում հնարավոր կլինի փոքր-ինչ
մեղմացնել վարկի այդ տեսակի տրամադրման պայմանները: Ներկայումս
«Հայէկոնոմբանկը» հիպոտեկային վարկեր տրամադրում է 5-7 տարի մարման
ժամկետով եւ 12-14 տոկոսային դրույքով: Իսկ մինչ այդ «Հայէկոնոմբանկը»
ներկայացրեց անցած՝ 2004թ. տարեկան հաշվետվությունը. տարին ավարտել է մոտ
1 մլրդ դրամի շահույթով՝ 2003թ. նույն ցուցանիշը գերազանցելով 30%-ով:
Բանկն իր ակտիվներն ավելացրել է 45,3%-ով՝ հասցնելով 27,5 մլրդ դրամի:
Աճել է նաեւ ընդհանուր կապիտալը՝ կազմելով 3,96 մլրդ դրամ: 40%-ով
ավելացել են նաեւ վարկային ներդրումները՝ կազմելով մոտ 12 մլրդ դրամ:
Բանկը սպասարկում է ավելի քան 27,5 հազար վարկառուի, ունի մոտ 2000
ավանդատու, իսկ հաճախորդների քանակը հասել է 34.500-ի: Իսկ Կենտրոնական
բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանի ասելով՝ բանկային համակարգի ակտիվների
մոտ 8%-ը եւ հիպոտեկային վարկավորման 10%-ը «Հայէկոնոմբանկինն» է: Ըստ Ա.
Ջավադյանի՝ սա բարձր ցուցանիշ է:
«Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը կարեւորում է, որ
բանկի բաժնետերերի շահաբաժինը 2004թ. 6-ից հասել է 10%-ի: Ի դեպ, բանկի
բաժնետոմսերի 25 գումարած 1% փաթեթը պատկանում է Եվրոբանկին: Վերջինիս հետ
համագործակցությունը Ա. Օսիպյանը կարեւորեց բանկի միջազգային ճանաչման եւ
հետագա զարգացման առումով: Նշենք, որ Սուքիասյանների ընտանիքին է
պատկանում «Հայէկոնոմբանկի» 50 գումարած 1% բաժնեմասը:
Ա.Ա.