Սկսել են հաղթանակով

19/11/2008

Հայաստանի շախմատիստները փայլուն արդյունքներով են սկսել Գերմանիայում մեկնարկած շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադան: Մրցաշարի առաջին փուլում գործող օլիմպիական չեմպիոն, ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը սպիտակ ֆիգուրներով 4:0 հաշվով հաղթել է Իտալիայի հավաքականին: Լեւոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանոյին, Վլադիմիր Հակոբյանը՝ Սիկելե Գոդենային, Գաբրիել Սարգսյանը՝ Լուկա Շիտաջիին, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Սաբինո Բրունելլիին: Երկրորդ փուլում ՀՀ շախմատիստները սեւ ֆիգուրներով խաղալու են Մոլդովայի թիմի հետ: Իսկ կանանց մրցաշարի առաջին փուլում ՀՀ շախմատիստուհիները սեւերով 3,5:0,5 հաշվով հաղթել են Իտալիայի թիմին: Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Օլգա Զիմինային, Նելլի Աղինյանը՝ Էլեոնորա Ամբրոզիին, Լիլիթ Գալոյանը՝ Մարինա Բրունելլոյին, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Ելենա Սեդինայի հետ: Մրցաշարի 2-րդ փուլում հայ շախմատիստուհիները սպիտակներով խաղալու են Չեխիայի թիմի հետ: ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես է գալիս Վարուժան Հակոբյանը, կանանց՝ Կատերինա Ռոհոնյանը եւ Տաթեւ Աբրահամյանը, Սլովակիայի թիմում՝ Սերգեյ Մովսիսյանը, Անգլիայի կանանց հավաքականում՝ Մերի Գրիգորյան-Լեյլը, Վրաստանի՝ Դավիթ Հարությունյանը, Ֆինլանդիայի՝ Միքայել Հակոբովը, Կանադայի կանանց թիմում՝ Նատալյա Խունդկարյանը եւ Դիանա Կահրամանովան, Լիբանանի՝ Քնարիկ եւ Սյուզան Մուրադյանները, Մոլդովայի՝ Նաիրա Աղաբաբյանը, Ֆրանսիայի՝ Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը, Ուզբեկստանի կանանց թիմում՝ Իրինա Գեւորգյանը: Ռուսաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Յուրի Դոխոյանը: