Ո՞վ է «գործուն չղջալու»

14/11/2008

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, բացահայտել է իշխանությունների դիրքորոշումը քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: Նա ասել է, թե քաղաքական հայացքների համար ձերբակալվածների նկատմամբ համաներում չի կիրառվում, քանի որ «խոչընդոտող հանգամանք կա»: Իսկ այդ խոչընդոտի ստեղծողն, ըստ Գ. Դանիելյանի` ընդդիմությունն է: «Համաներում տարածվում է նրանց վրա, ովքեր ընդունում են իրենց մեղքը»,- պարզաբանել է նա` ավելացնելով, թե քանի դեռ նրանք չեն հայտարարում, որ մեղավոր են կատարվածի համար, նրանց նկատմամբ համաներում չի կարող տարածվել: Հարցին` ինչո՞ւ կամ ինչպե՞ս պետք է այդ մարդիկ իրենց «մեղքն ընդունեն», եթե իրենց մեղավոր չեն համարում, Գ. Դանիելյանը պատասխանել է. «Համաներում լինում է այն դեպքում, երբ տվյալ մարդն ուղղվում է, նրան պատժելու կարիք չի լինում, եւ նա հասարակության համար վտանգ չի ներկայացնում: Այսինքն` ընդունում է իր մեղքը եւ ասում է, որ դա այլեւս չի կրկնվի»: Հասկացա՞ք: Հանրահավաքներին մասնակցող քաղաքական գործիչներին բռնում են «իշխանությունը բռնազավթելու», «իշխանությունը յուրացնելու» եւ այլ անհեթեթ մեղադրանքներով, հետո նրանցից պահանջում են «ընդունել մեղքը» եւ, ուշադրություն դարձրեք, ինչպես Գ. Դանիելյանն է ասում, «…որ դա այլեւս չի կրկնվի»: Այսինքն` իշխանությունները քաղբանտարկյալներին «գործուն զղջման» գործարք են առաջարկում: Իսկ դա վկայում է միայն մի բանի մասին. իշխանությունները մտավախություն ունեն, որ քաղբանտարկյալները կամ նրանց մի մասը կարող է հրաժարվել համաներումից: Այդ դեպքում կարող է իշխանությունները ստիպված լինեն «գործուն զղջալ»: