Արտարժույթի փոխանակման եւս 15 կետերի լիցենզիաներն ուժը կորցրած
ճանաչելու վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի մայիսի 31-ի որոշման
մասին փոխանակման կետերը տեղեկացվել են հունիսի 6-ին միայն: Իսկ մինչ այդ
նրանք շարունակել են իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն
ներկայացնել բանկին, անգամ՝ վճարել օրենքով սահմանված վարձավճարները:
«Ինչպե՞ս կարելի է հասկանալ այն փաստը, որ իմ «չենջը» փաստորեն փակ է,
բայց հարկայինը զանգում ինձնից հարկ է պահանջում, որը ես, բնականաբար,
վճարում եմ, իսկ մի քանի օր անց ինձ գալիս ասում են՝ քո «չենջը» դեռ
մայիսի 18-ից է փակ, դու ինչի՞ ես աշխատում, դու փակ ես»,- ասում էր
Տիգրան Մեծ փողոցում գտնվող փոխանակման կետերից մեկի աշխատակիցը: Նույն
փողոցի 11 հասցեում գործող «Արմեն Հայրապետյան» փոխանակման կետը
լիցենզիայի դադարեցման վերաբերյալ որոշումը ստացել է հունիսի 8-ի
առավոտյան, որոշման մեջ պատճառաբանված է. «Փոխանակման կետը աշխատանքային
ժամին չէր աշխատում»: Գրեթե նույն բովանդակությունն ունեին Տիգրան Մեծ
հասցեում նույն ճակատագրին արժանացած «չենջերի» վերաբերյալ որոշումները,
որոնց աշխատակիցները միաբերան պնդում էին, որ այդ խախտումը համապատասխան
մարմիններն արձանագրել են մայիսի 19-ին՝ ճիշտ այն ժամին, երբ իրենք
գործադուլ են հայտարարել՝ բողոքելով մինչ այդ փակված եւս 17 փոխանակման
կետերի հանդեպ ԿԲ որոշման դեմ: Ինչպես հավաստիացնում էին «Անի
Ամիրգուլյան» փոխանակման կետի աշխատակիցները, գործադուլի մասին իրենք
գրավոր դիմումով նախապես փորձել են տեղյակ պահել ԿԲ-ին. «Սակայն դիմումը
չընդունեցին` պատճառաբանելով, որ՝ ավելի շուտ պետք է տեղյակ պահեիք այդ
մասին, փաստորեն մեզ թույլ չէին տալիս գործադուլ անել՝ ի պաշտպանություն
մեր գործընկերների, թե չէ հենց այդ պահի՞ն պիտի ստուգում անցկացնեին ու
խախտում հայտնաբերեին, բա ինչո՞ւ մի ամիս շարունակ, օր էր լինում՝ երկու
անգամ ստուգում էին անցկացնում, ոչ մի խախտում չէին հայտնաբերում»:
Տիգրան Մեծի «Արման Գիզիրյան» փոխանակման կետը երեկ արդեն ազատում էր
տարածքը: Աշխատակիցներին հանդիպեցինք համակարգիչը տեղափոխելու պահին:
«Կարո՞ղ ա չգիտեին, որ փակելու են՝ ինչո՞ւ էին ստիպում, որ կոմպյուտեր
առնենք, հազարումի ծախս անենք»,- բողոքում էին գրեթե բոլոր «չենջերի»
աշխատողները: «Անի Ամիրգուլյան» փոխանակման կետն ընդամենը երկու ամիս է
գործում. «Հազիվ հասցրել ենք էս երկու ամսում վերանորոգում անել,
կահավորել տարածքը, համակարգիչ գնել, նոր-նոր ճիշտ աշխատել էինք սովորում՝
փակեցին, ամենաքիչը 3-4 ընտանիք է այսօր ամեն մի «չենջի» հույսով ապրում,
հաշվեք՝ քանի՞ ընտանիք են օտարության մղում»:
«Չեն կշտանում, աչքերը հիմա էլ տնկեցին «չենջերի» վրա էդ անկուշտները,
մանր գող-ջեբկիրները, հիմա էլ ուզում են ժողովրդի գրպանը հատ-հատ ստուգեն,
էս ոլորտն էլ թող մոնոպոլիզացնեն, տեսնենք կկշտանա՞ն»,- երեկ վրդովված
ասում էին փոխանակման կետերի աշխատակիցները, որոնց մի մասը «մինչեւ վերջ,
մինչեւ Եվրոբանկ պայքարելու» պատրաստակամություն էր հանդես բերում, մի
մասն էլ վստահ էր, «որ այս երկրում ոչինչ հնարավոր չէ փոխել»:
Հետաքրքիրն այն է, որ ԿԲ-ն նման «ստուգումներ» անցկացնում է հատկապես այն
օրերին, երբ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ աճում է։ Որեւէ այլ կերպ,
քան պատժիչ գործողություններ, այս ամենն անվանել հնարավոր չէ։
Ն.Ա.