«Տեղաշարժ կա»,- «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

14/11/2008

– ԼՂՀ վերաբերյալ հռչակագիրը, որը բոլորովին վերջերս Մոսկվայում ստորագրեցիք ադրբեջանցի Ձեր գործընկերոջ հետ, արդյո՞ք տեղաշարժ է այդ տարածքի վերաբերյալ կարգավորման ուղղությամբ, որը հակամարտության պատճառ է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

– Տեղաշարժ կա երեք պատճառով։ Նախ` Հայաստանում, ինչպես եւ Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում, նախագահական ընտրություններն անցել են, ինչը դիվանագիտական առավել ակտիվության հնարավորություն է տալիս։ Երկրորդ` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի շուրջ վերջին հակամարտությունն ակնհայտ դարձրեց, թե ինչքան մեծ վտանգ են պարունակում չկարգավորված հակամարտությունները։ Ակնհայտ դարձավ, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով խեղդելու փորձը կարող է շատ ծանր հետեւանքների բերել։ Եվ վերջապես, ակնհայտ դարձավ, որ մեր երկրների միջեւ գործող հաղորդակցության ուղիները բավարար չեն տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Մենք նույն բանը կրկնում ենք արդեն 15 տարի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Սա է, որ ընդգծում է Մոսկվայում նոյեմբերի 2-ին ստորագրված հռչակագիրը։

– Ո՞րն է հաջորդ փուլը։

– Մեր արտաքին գործերի նախարարները կշարունակեն բանակցությունները։ Չեմ բացառում, որ Ադրբեջանի նախագահի հետ կարող է նոր հանդիպում լինել, չեմ բացառում ՌԴ նախագահի հետագա միջնորդական գործողությունները: Նիկոլա Սարկոզին եւս ինձ խոստացավ ակտիվորեն հետաքրքրվել այս հակամարտությամբ, ավելին, նա ասաց, որ պատրաստ է 2009թ. առաջին կիսամյակի ընթացքում այցելել տարածաշրջան։

– Ի՞նչ դասեր եք քաղել Վրաստանի հակամարտությունից։

– Մենք մեծ կարեւորություն ենք տալիս մեր հարեւան Վրաստանի կայունությանը։ Վրաստանում ապրում է ավելի քան 350.000 հաշվող հայկական համայնք, եւ մենք անտարբեր չենք կարող լինել նրանց ճակատագրի հանդեպ: Վրացիների հետ կողք կողքի ապրում ենք դարեր շարունակ։ Մյուս կողմից, մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր ենք, ինչը նույնպես պարտավորություններ է նշանակում։ Կարծում եմ, որ Հայաստանն իրեն ճիշտ դրսեւորեց այս իրադարձությունների ժամանակ։ Դա մեզ հնարավորություն տվեց պահպանել լավ հարաբերություններ եւ՛ Վրաստանի, եւ՛ Ռուսաստանի հետ, եւ այսօր էլ զարգացնել դրանք։

– Ի՞նչ խորհուրդ կտայիք նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին։

– Քայլ անելուց առաջ պետք է լավ կշռադատել։ Մենք շահագրգիռ ենք ոչ թե մեր հարեւանների առճակատմամբ, այլ` նրանց համագործակցությամբ։ Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում զարգացման իր ճանապարհը: Մենք, օրինակ, Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական գործընկերության հարաբերություններ, եւ որեւէ կերպ չեմ տեսնում, թե այդ հանգամանքն ինչով է մեզ վնասում։

– Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ջերմացումն արդյո՞ք շարունակվել է սեպտեմբերին նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան ժամանելուց հետո։

– Այդ այցն արդեն նշանակալից էր, բայց դա դեռեւս շատ քիչ է։ Պետք է հասնենք հարաբերությունների հաստատմանը եւ սահմանների բացմանը։ Այլապես մեր ժողովրդի մոտ հիասթափությունը շատ խորը կլինի։ Մենք բարի կամք դրսեւորեցինք, ընդունում ենք Թուրքիայի դերը աշխարհում եւ տարածաշրջանում, բայց մենք ցանկանում ենք հարաբերություններ հաստատել որպես հավասար երկրներ։ Մենք ցեղասպանության ճանաչումը չենք համարում որպես նախապայման հարաբերությունների կարգավորման համար, բայց նաեւ ցանկանում ենք, որ թուրքերն էլ նախապայմաններ չառաջադրեն։

Զրույցը վարեց ԱԼԵՆ ԲԱՐԼՈՒԵՆ