«Անհրաժեշտ են նոր ընտրություններ»,- ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը

14/11/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Դեմիրճյան, ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հռչակագիրը: Ձեր կարծիքով՝ այդ փաստաթուղթն ի՞նչ դրական կամ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայկական կողմի համար:

– Մայենդորֆյան հռչակագրում ըստ էության վերահաստատվում է ղարաբաղյան կոնֆլիկտը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունը: Բայց միանշանակ բացասական է այն, որ այնտեղ ներկայացված չէ ղարաբաղյան կողմը: Եվ, ըստ էության, արդեն իսկ արձանագրվեց, որ հարցի լուծումը պետք է շարունակվի առանց Ղարաբաղի, ինչը սկսվել է 1998 թվականից: Մեր դիրքորոշումն այդ առումով հստակ է. եթե հիշում եք, նաեւ 2003թ. նախագահական դեբատների ժամանակ էլ ես ասում էի, որ Հայաստանը պետք է լինի անվտանգության երաշխավորը, սակայն բանակցային գործընթացում երբեք չպետք է փոխարինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Մյուս թեկնածուն (Ռոբերտ Քոչարյանը.- Ա.Ա.) հակադրվում էր այդ գաղափարին: ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային գործընթացների լիարժեք անդամ, եւ հայկական կողմի ջանքերը հիմա պետք է ուղղվեն դրան: Առանց ԼՂՀ մասնակցության հնարավոր չէ հասնել կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման: ԼՂՀ նախագահն էլ վերջերս այդ առումով համապատասխան հայտարարություն արեց: Պետք է հարգվի եւ ընդունվի Ղարաբաղի ժողովրդի կարծիքը: Եվ, իհարկե, այս փաստաթղթով նաեւ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանն ընդգծեց իր դերը կարգավորման հարցում: Ռուսաստանը նաեւ ցույց տվեց, որ թույլ չի տա հարցի կարգավորման ռազմական լուծումը: Իսկ ամեն դեպքում սա հռչակագիր է, որն իմպերատիվ ուժ չունի:

– Կիսո՞ւմ եք այն գնահատականները, որ այդ հռչակագրով ամրագրվում է ազատագրված տարածքների վերադարձման պարտավորությունը, քանի որ դրանում նշված է, որ որպես հակամարտության կարգավորման հիմք են ընդունվել մադրիդյան սկզբունքները:

– Հիմա խոսքը գնում է մադրիդյան սկզբունքների մասին, որոնց ծանոթ չեմ: Դեռ վաղ է կոնկրետ գնահատականներ տալ, կհետեւեմ գործընթացին, հետո նոր տեսակետներ կներկայացնեմ: Թեպետ ընդհանուր առումներով գիտեմ, թե խոսքն ինչի մասին է, եւ միանշանակ է, որ Հայաստանի համար մտահոգիչ շատ բան կա: Նշվում է, որ հակամարտությունը պիտի լուծվի միջազգային բանաձեւերի շրջանակում, իսկ մեզ հայտնի է, թե վերջին շրջանում ոչ հայանպաստ ինչ բանաձեւեր են ընդունվել: Նորից ասեմ, որ ամենամտահոգիչն այն է, որ ղարաբաղյան կողմը ներկայացված չէր բանակցային գործընթացում: Իսկ միակողմանի զիջումների գնալուն, մենք, բնականաբար, դեմ ենք: Ինչ խոսք, կարգավորումը ենթադրում է փոխզիջումներ, բայց ոչ երբեք՝ միակողմանի:

– Ձեր կարծիքով՝ այս պայմաններում արդյոք արդարացվա՞ծ էր ընդդիմության կողմի հանրահավաքային պայքարը ժամանակավորապես դադարեցնելու քայլը: Հատկապես, որ քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը եւս լուծված չէ:

– Այո, ընդդիմությունը ժամանակավորապես դադարեցրեց հանրահավաքները` հաշվի առնելով ղարաբաղյան հարցի կարեւորությունը, համարեց, որ դժվար փուլ է այդ առումով, եւ պետք չէ արտաքին ճնշումներին նպաստել: Դադար տվեցինք` իշխանություններին հնարավորություն տալով բանակցությունները հանգիստ վարել: Սակայն դա չի նշանակում, որ ընդդիմությունը դիտորդի կարգավիճակ է ընդունելու: Եթե տեսնենք, որ զարգացումները հայանպաստ չեն, մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք: Ցանկացած պայքարի մեջ էլ պաուզաներ կարող են լինել: Վերջիվերջո պայքարը միայն հանրահավաքներով չի կարելի սահմանափակել: Դեռ չի քննարկվել հանրահավաքները վերսկսելու հարցը, բայց կքննարկվի: Ընդդիմության բոլոր պահանջներն ուժի մեջ են, ընդդիմության ջանքերը պետք է ուղղված լինեն սկսած քաղբանտարկյալներին ազատ արձակելուց, մինչեւ մեր երկրում նոր, համապետական ազատ, արդար ընտրությունների անցկացումը: Ընդդիմությունը հանրահավաքային դադար տվեց, բայց դա չի նշանակում, որ պայքարին էլ դադար տվեց: Դիտորդի կարգավիճակում չենք մնա:

– Ձեր համախոհների շարքերում ոմանք նույնպես դեմ են այդ դադարին:

– Իհարկե, որոշումը միանշանակ չի ընկալվել: Ես շատ լավ հասկանում եմ այդ մարդկանց, մարդիկ ուզում են արագ փոփոխություններ, սակայն պետք է պատրաստ լինել երկարատեւ պայքարի: Այս պայքարը երկարատեւ է, եւ ընդդիմությունը միանշանակ այն շարունակելու է մինչեւ իր պահանջների կատարումը:

– Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ առաջիկա 1-2 ամիսներին լուծվի ԼՂՀ հակամարտությունը:

– Ես դա քիչ հավանական եմ համարում:

– Ինչո՞ւ:

– Ես արդեն նշեցի, որ առանց ԼՂՀ մասնակցության այդ հարցի կարգավորումը իրատեսական չէ: Չի կարելի նման փաստաթուղթ ստորագրել առանց հաշվի առնելու հասարակական կարծիքը: Չմոռանանք նաեւ, որ ԱՄՆ-ում նոր նախագահ է ընտրվել եւ այնտեղ իրականացվում է իշխանության փոխանցման գործընթաց: Նոր նախագահն իր լիազորությունները կստանձնի հունվարի 21-ից: Բացի այդ, ես համոզված չեմ, որ ԼՂՀ հարցի կարգավորման դեպքում ՌԴ-ն եւ Արեւմուտքը ընդհանուր հայտարարի են եկել կամ կգան մոտ ապագայում` կապված խաղաղապահ ուժերի տեղակայման հետ: Սակայն պետք է նաեւ արձանագրենք, որ Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում զգալիորեն թուլացել են, եւ այս պայմաններում էլ ավելի է կարեւորվում մեր երկրում լեգիտիմ իշխանություն հաստատելու հարցը: