1.5 ամսում «լղոզված» պատասխաններ

14/11/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Դեռեւս սեպտեմբեր ամսին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 25 կետից բաղկացած գրավոր հարցաշար էր փոխանցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` կապված մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունների հետ: Թվում էր, թե ամբողջ մեկուկես ամիս ուշացնելուց հետո կառավարությունը գոնե պատգամավորի հարցերին պատշաճ կպատասխաներ:

Սխալ էր թվում:

Երեկ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի անունից Զ. Փոստանջյանը 6 էջանոց պատասխան է ստացել, որն, ըստ նրա` «լղոզված է» եւ իր հարցերին կոնկրետ պատասխաններ չի պարունակում: Նշենք, որ պատգամավորը խնդրել էր վարչապետին` պատասխանների հետ իրեն տրամադրել նաեւ համապատասխան որոշումների (եթե այդպիսիք գոյություն ունեն) պատճենները, սակայն պատասխան-նամակին որեւէ փաստաթղթի պատճեն կցված չէ: Արդյոք մարտի 1-ի վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում Ոստիկանության կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ որոշում կայացվե՞լ է: Զ. Փոստանջյանի այս հարցին Գ. Դանիելյանը պատասխանել է. «Փետրվարի 28-ին եւ 29-ին ՀՀ Ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում ստացվել է օպերատիվ տեղեկատվություն այն մասին, որ Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով «Ազատության» հրապարակում հավաքված ցուցարարներին բաժանվում են մեծ քանակությամբ հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր եւ մահակներ, որպեսզի մայրաքաղաքում հրահրվեն սադրիչ գործողություններ»: Ըստ նրա` ստացված օպերատիվ տեղեկությունները «ստուգելու նպատակով Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը փետրվարի 29-ին որոշում է կայացրել` իրականացնելու տեղանքի հետազոտում»: «Նույն օրը վերջինիս զեկուցագրի եւ ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարության հիման վրա ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի մոտ կայացած օպերատիվ խորհրդակցության ընթացքում քննարկվել եւ հաստատվել է «Ազատության» հրապարակում մարտի 1-ին իրականացվելիք միջոցառման պլանը, այդ ընթացքում օգտագործվող հիմնական եւ օժանդակ ուժերի հաշվարկը»: Ըստ Գ. Դանիելյանի` նշված որոշումը կայացնելու համար իրավական հիմք են հանդիսացել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ եւ 19-րդ հոդվածները եւ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 24-րդ, 36-րդ, 37-րդ ու 38-րդ հոդվածների պահանջները: Գ. Դանիելյանի ասելով` «Ազատության» հրապարակում տեղանքի հետազոտում իրականացնելը հանձնարարվել է Ոստիկանության թվով 133 ծառայողներից բաղկացած խմբին, որում ընդգրկված են եղել Ոստիկանության օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչներ: «Միեւնույն ժամանակ, համաձայն միջոցառման ընթացքում օգտագործվող ոստիկանական ուժերի հաշվարկին, իրավիճակի սրման դեպքում բնակչության անվտանգությունն ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով «Ազատության» հրապարակի հարակից տարածքներում տեղակայվել են ոստիկանական օժանդակ ուժեր (Ոստիկանության 602 ծառայող): Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի ուժերն իրականացվող միջոցառմանը ներգրավված չեն եղել, նրանք տեղակայված են եղել Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում (Ֆրանսիական հրապարակում) եւ գտնվել են ռեզերվում։ Միայն ժամը 11:33-ից Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի ուժերն օգտագործվել են «Ազատության» հրապարակի շրջափակման գործողություններին: Տեղանքի հետազոտում իրականացնելու նպատակով «Ազատության» հրապարակ ժամանած Ոստիկանության ծառայողները եղել են անզեն եւ առանց անհատական պաշտպանության միջոցների: Ոստիկանության օժանդակ ուժերը նույնպես եղել են անզեն, իսկ հատուկ պաշտպանիչ միջոցներ` վահան, մահակ եւ սաղավարտ, ունեցել են միայն պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները»: Հարցին, թե` մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում Ոստիկանության իրականացրած միջոցառման ժամանակ հրապարակում գտնվող ցուցարարներին հրապարակն ազատելու վերաբերյալ հրապարակային կոչ արվե՞լ է, թե՞ ոչ (խնդրել էր տրամադրել նաեւ այդ կոչի «անվիճելի» տեսագրությունը, ինչը նույնպես բացակայում է.- Լ.Ս.), Գ. Դանիելյանը պատասխանել է, թե` «Ոստիկանության օպերատիվ ծառայության ներկայացուցիչներն «Ազատության» հրապարակում բարձրախոսով մի քանի անգամ առաջարկությամբ եւ խնդրանքով դիմել են հավաքվածներին` թույլ տալ հրապարակում իրականացնել հետազոտություն: Սակայն այնտեղ գտնվող 800-900 ցուցարարներ «արգելափակել եւ չեն թույլատրել ոստիկաններին մոտենալ տեղանքի հետազոտման վայրին, այնուհետեւ ցուցաբերել են կատաղի դիմադրություն»: «Ցուցարարների առաջին շարքերում կանգնած եւ իրենց երկրապահ կոչող անձինք հայհոյել են` սպառնալով հաշվեհարդար տեսնել ոստիկանների նկատմամբ: Այդ վերաբերմունքից ոգեւորված` նրանց միացել են նաեւ մյուս ցուցարարները եւ հարձակվել ոստիկանների վրա, նետել քարեր, հարվածել փայտե մահակներով եւ մետաղյա ձողերով, ինչպես նաեւ 34 ոստիկան ստացել է ծանրության տարբեր աստիճանի, այդ թվում նաեւ՝ ծանր մարմնական վնասվածքներ: Ստեղծված իրավիճակից եւ իրավախախտումների բնույթից ելնելով` օպերատիվ որոշում է կայացվել անհապաղ սկսել խմբակային անհնազանդությունը կանխելու միջոցառումները` դրանում ներգրավելով իրավիճակի սրման դեպքում ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով «Ազատության» հրապարակի հարակից տարածքում տեղակայված Ոստիկանության օժանդակ ուժերը»: Գ. Դանիելյանի ասելով` նշված ուժերը «Ազատության» հրապարակ են մտել 3 ուղղություններով, որպեսզի ցուցարարներին Տերյան եւ Թումանյան փողոցների ուղղությամբ հեռանալու հնարավորություն տրվի: Բնականաբար, ըստ Գ. Դանիելյանի` միջոցառման մասնակցող Ոստիկանության ծառայողները զինված չեն եղել, իսկ հատուկ պաշտպանիչ միջոցներ (վահան, մահակ, սաղավարտ) ունեցել են միայն Պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները: Ավելին, ըստ Դանիելյանի` Ոստիկանության օպերատիվ ծառայության ներկայացուցիչները մարտի 1-ին «Ազատության» հրապարակում բարձրախոսով մի քանի անգամ հավաքվածներին դիմել են հետեւյալ կոչ-խնդրանքով. «Հարգելի քաղաքացիներ, Ոստիկանության ստացած տեղեկությունների համաձայն, «Ազատության» հրապարակում պահվում են զենք, ռազմամթերք եւ բռնություն կիրառելու համար հարմարեցված այլ առարկաներ: Զգուշացնում ենք, որ զենք եւ ռազմամթերք ապօրինի պահելը հանցագործություն է եւ պատժվում է օրենքով: ՀՀ Ոստիկանության աշխատակիցներն իրականացնելու են տեղանքի հետազոտում: Խնդրում ենք չխոչընդոտել զենքի եւ ռազմամթերքի հայտնաբերմանն ուղղված Ոստիկանության գործողություններին եւ ենթարկվել Ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Զգուշացնում ենք նաեւ, որ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»: Իսկ այն, որ այդ տեսագրությունը մինչեւ այսօր որեւէ հեռուստաընկերություն չի ցուցադրում` թույլ է տալիս ենթադրել, որ այն պարզապես գոյություն չունի, քանի որ նման կոչ չի եղել: Գ. Դանիելյանի պատասխան-նամակում նաեւ նշված է, թե մարտի 1-ի վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում ՀՀ Պաշտպանության նախարարության ոչ մի զինծառայող չի եղել: «ՀՀ նախագահի կողմից 2008թ. մարտի 1-ի համար ՆՀ-35-Ն հրամանագիրն արձակելուց հետո միայն, որի 3-րդ կետի համաձայն, արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը, պաշտպանության նախարարի կողմից արձակվել է համապատասխան հրաման եւ հաստատվել հրահանգ` արտակարգ դրության պայմաններում բնակավայրերում տարվող պարեկապահակետային ծառայության վերաբերյալ, որի նպատակն է եղել երկրում սահմանադրական կարգի պահպանումը, բնակավայրերում հասարակական կարգուկանոնի հաստատումը, պետական կարեւոր օբյեկտների պահպանությունը եւ արտակարգ դրության պահանջների կատարումը: Պարեկապահակետային վերակարգում ծառայության րնդգրկված անձնակազմն առաջնորդվել է ՀՀ օրենքներով, համազորային կանոնադրությունների եւ ՀՀ պաշտպանության նախարարի հրահանգի պահանջներով, զինվել է անհրաժեշտ հաստիքահաշվեցուցակային զենքով, որը չի գործածվել: Արտակարգ դրության ավարտից հետո նշված անձնակազմը` կցագրված հաստիքահաշվեցուցակային զենքով հանդերձ, վերադարձվել է մշտական տեղակայման վայրեր: Մարտի 1-ի վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում ՀՀ Ոստիկանության գործողությունների ղեկավար է հանդիսացել ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Ա. Աֆրիկյանը»: Ինչ վերաբերում է կառավարության կողմից «մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետեւանքով մահացած անձանց ազգականներին` տուժողի իրավահաջորդներին եւ մարմնական վնասվածք ստացած անձանց հատուցման եւ բարոյական, նյութական աջակցության, փոխհատուցման» գործողությունների իրականացմանը, ապա Գ. Դանիելյանի պատասխանն ուղղակի ապշեցուցիչ է. «Հայտնում ենք, որ առաջադրված հարցն ուղղակի առնչվում է հանցագործության կատարման արդյունքում տուժած քաղաքացիների կամ նրանց ընտանիքների կրած նյութական վնասի փոխհատուցմանը, որի պատասխանատուն պետք է լինի հանցագործություն կատարած անձը, այլ ոչ թե կառավարությունը, եւ հարցը պետք է լուծվի դատական կարգով»: Ավելին, նա նշել է, թե` մարտի 1-ին, 2-ին տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների կապակցությամբ հարուցված է քր.գործ, եւ Հայաստանի քննչական ծառայության կողմից իրականացվում է նախաքննություն, որի շրջանակներում կպարզվի քաղաքացիներին, Ոստիկանության աշխատակիցներին եւ պետությանը հասցված վնասի չափը, ինչպես նաեւ` դրա համար պատասխանատու անձանց շրջանակը»: Նաեւ հավելել է, թե այս առումով հարկ կլինի ՀՀ Քր. դատավարության օրենսգրքի 20-րդ գլխի կանոններով սահմանված կարգով հայց հարուցել ինչպես անմիջական կատարողների, այնպես էլ հանցագործության կազմակերպիչների դեմ: Ինչ վերաբերում է ՀՀ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությանն ու համաչափությանը, ապա Գ. Դանիելյանը նշել է, թե քր.գործի նախաքննությունն ավարտված չէ, ուստի դրա վերաբերյալ նախաքննական մարմինը դեռեւս իրավական գնահատականներ չի տվել: «Ինչ վերաբերում է կառավարության կողմից նյութական աջակցության տրամադրման հարցին, ապա, ինչպես հայտնի է, կառավարության կողմից զգալի գումարներ են ծախսվել պետությանը պատճառած վնասի վերականգնման նպատակով: Իսկ կոնկրետ քաղաքացիներին պատճառած նյութական վնասի առումով պետական իրավասու մարմինների խնդիրն է հանցագործություն կատարած կոնկրետ անձանց կողմից պատճառված վնասի վերականգնման ապահովումը»: Իսկ ՀՀ Առողջապահության նախարարության բոլոր դիահերձարանների ղեկավարներից մարտի 1-ից առ այսօր դիակների վերաբերյալ դիահերձարաններում վարվող գրավոր մատյանների արդեն առկա գրառումներում կամ այլ գրավոր փաստաթղթերում զննություն կատարելու թույլտվություն ստանալու եւ փաստաթղթերի պատճենները ձեռք բերելու կապակցությամբ տրված հարցին ի պատասխան, Գ. Դանիելյանը նշել է, որ պահանջվող տեղեկությունները պարունակում են բժշկական գաղտնիք եւ համաձայն «Բնակչության օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի` հայցվող տեղեկությունները չեն կարող տրամադրվել: «Բացի այդ` մարտի 1-ից առ այսօր նախարարության դիահերձարաններում գտնվել են ոչ միայն հիշյալ, այլեւ տարբեր քննչական մարմինների վարույթներում քննվող քր.գործերով փորձաքննության ենթարկված դիակներ»: Գ. Դանիելյանը նաեւ հայտնել է, թե Հանրապետության հրապարակում, Մաշտոցի պողոտայում, ինչպես նաեւ որեւէ այլ վայրում անցորդների նկատմամբ բռնություն կամ բռնություն գործադրելու սպառնալիք կիրառելու հրահանգ չի տրվել, «առավել եւս` որեւէ պաշտոնատար անձ նման հրաման տալու լիազորություն կամ իրավունք չունի»: Այսինքն` ուզում ես ասել, թե ոստիկանները, որոնք մի քանի հոգով դաժանաբար ծեծում էին անցորդներին, դա անում էին ինքնաբո՞ւխ:

Հարցին, թե` ո՞վ եւ ի՞նչ հիմքով է «Երկիր Մեդիա» եւ «ԱԼՄ» հեռուստաընկերությունների լրագրողներից առգրավել մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների տեսագրությունները, Գ. Դանիելյանը գրել է. «Մարտի 1-ին, առավոտյան ազգաբնակչության անվտանգությունն ապահովելուն եւ հասարակական կարգը պահպանելուն ուղղված միջոցառման ժամանակ, այնուհետեւ տեղանքի հետազոտման ընթացքում, ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից «Երկիր Մեդիա» եւ «ԱԼՄ» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերից տեսանյութեր չեն առգրավվել: «Երկիր Մեդիա» եւ «ԱԼՄ» հ/ը-ների նկարահանող խմբերի եւ լրագրողների մասնագիտական գործունեությանը մարտի 1-ին խոչընդոտելու փաստի վերաբերյալ ՀՀ Ոստիկանության որեւէ ստորաբաժանման կողմից տվյալներ, հաղորդումներ կամ դիմումներ չեն ստացվել, նման դեպք չի արձանագրվել»:

Իսկ ի պատասխան այն հարցին, թե` իրենց հասած վկայականների կրկնօրինակներում բացակայում է մարտի 1-ի դեպքերի տեսաֆիլմում նկարահանված` ցրված գանգով տուժածի վկայականը` անձնավորություն, որի ծնոտը եւ ուղեղանյութը ցրված էին ասֆալտի վրա, Գ. Դանիելյանը նշել է. «Այն, որ Ձեզ «հասած» մահվան վկայականներում հնարավոր չէ գտնել «ցրված գանգով» տուժածին, բնական է, քանի որ մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում վիրավորվածների եւ մահացածների թվում նման վնասվածքներ ստացած անձինք չկան: Ավելին, նախաքննական մարմնի կողմից նշանակված հանձնաժողովային փորձաքննության թիվ 102 եզրակացության համաձայն, տեսանյութում պատկերված օբյեկտը հանդիսանում է ծնոտ, սակայն պատկանում է ոչ թե մարդու, այլ կենդանու»: Նա նաեւ հերքել է, թե արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի պայմաններում Երեւան ծանր զրահատեխնիկա է մուտք գործել: Ըստ նրա` նման բան չի եղել` «չնայած ցուցարարների բազմությունը եղել է զինված, եւ նրանց գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքի հետեւանքով մահացել է Ոստիկանության 1 զինծառայող, պայթուցիկ սարքերի բեկորներից մահացել է 1 սպա եւ մարմնական վնասվածք են ստացել Ոստիկանության 42 աշխատակից»: