Հերոսներ լինում են բոլոր ժամանակներում: Ու թեեւ գրականությունն արդի Հայաստանում մոդայից վաղուց է դուրս եկել եւ «մեր ժամանակների հերոսներն» ամենեւին էլ գրական հերոսները չեն, այնուամենայնիվ, կցանկանայի այսօրվա հերոսներին համեմատել համաշխարհային գրականության հերոսների հետ:
Մի կողմ թողնենք վերջին շրջանում հաճախակի հիշվող սերիալների հերոսներին: Սոցիալիստական աշխատանքի հերոսներն այլեւս չկան: Ոչ այն պատճառով, որ չկա սոցիալիզմ: Պարզապես աշխատանք չկա: Պատերազմի հերոսները կամ մահացել են, կամ շատ ծեր են ու անպաշտպան, կամ էլ բանտերում են: Բայց ազգին հերոսներ են պետք: Եվ ազգը առանց երկար-բարակ մտածելու ծնեց այդ հերոսներին:
Տարբերակ առաջին` Դ’Արտանյաններ. Սա այն տիպն է, որը գյուղից եկավ քաղաք եւ ընկերացավ ազնվական Աթոսի, հոգեւորական Արամիսի եւ «հաստավիզ» Պորտոսի հետ: Ու թեեւ նա երդվում էր, որ «մեկը՝ բոլորի, եւ բոլորը՝ մեկի համար» սկզբունքով է առաջնորդվում, սակայն առիթը բաց չթողեց «քցել» ազնվական Աթոսին, «կուպիտ անել» հոգեւորական Արամիսին, հաստավիզ Պորտոսին դարձնել սեփական «ախռանայի շեֆ» եւ դառնալ արքայական հրացանակիրների ղեկավար: Հիշեցնեմ, որ արքայական հրացանակիրների եւ կարդինալի գվարդիականների միջեւ կար թշնամանքի հասնող հակամարտություն: Սակայն դա չխանգարեց պարոն Դ’Արտանյանին, որ հարկ եղած ժամանակ փոխի իր ճամբարը եւ դառնա կարդինալի գվարդիականների հրամանատարը:
Տարբերակ երկրորդ` Կոմս Մոնտե-Քրիստոներ. Այս տիպին են դասվում հիմնականում հայ օլիգարխները, որոնք մինչեւ հեղափոխությունը Էդմոն Դանտեսներ էին, սակայն «նստել-հելնելուց» հետո միանգամից դարձել են կոմս Մոնտե-Քրիստոներ: Եվ հիմա նրանցից ում հարցնում ես, թե որտեղի՞ց իրենց այդ հարստությունը, պատասխանը միանշանակ է` այդ ունեցվածքը նրանց կտակել են իրենց պապերը` աբբա Ֆարիաները:
Տարբերակ երրորդ` Քամելիազարդ տիկնայք. Հայ իրականության մեջ նրանք ոչ միայն տիկնայք են, այլեւ պարոնայք: Այս տիպի կարկառուն ներկայացուցիչներն են հայ «աստղերը»: Նորօրյա Արման Դյուվալները ոչինչ չեն խնայում իրենց Մարգարիտաների համար: Տեսահոլովակներ են նկարում, բարեխոսում են բոլոր հեռուստատեսությունների հետ, որպեսզի այդ հոլովակները եթեր հեռարձակվեն, ավտոմեքենաներ-վարսավիրանոցներ ու խանութներ-ադամանդներ են գնում նրանց համար, իսկ հետո, երբ հոգնում են այդ Մարգարիտաներից, գտնում են նոր Օլիմպիաներ, եւ նույնն անում նրանց համար: Իսկ Մարգարիտաները, որպես կանոն, կամ մնում են «փշալարից» կախված, կամ նոր Դյուվալներ են գտնում:
Տարբերակ չորրորդ` Անդրեաս Էլիզբարովներ. Առիթը չեն կորցրել ընկերներին, գործընկերներին եւ այլոց «քցելու» միջոցով Խորհրդային Միությունից գողացած իրենց փոքր ունեցվածքը հասցնել անհավանական չափերի: Բարոյական քրիստոնեական թեմաները հիշում են միայն այն ժամանակ, երբ «կորցնում» են իրենց զավակներին:
Տարբերակ հինգերորդ` Արթուր Բերթոններ. Արթուր Բերթոնները ժամանակ առ ժամանակ իրենց դնում են հեղափոխական Ֆելիչե Ռիվարեսների տեղը եւ կարծում, որ իրենք իրենց երազած տղերքն են: Իրականում նրանք ընդամենը բոռ են: Իսկ բոռերը պարազիտ միջատներ են, որոնք դեռ զարգացման վաղ շրջանում «վեն են» մտնում կաթնասուն կենդանիներին եւ մարդկանց: Կրող օրգանիզմի համար մահաբեր չեն: Բայց չափից շատ «հաբռգելու» պարագայում նրանց չի կարող փրկել անգամ իրենց «պապան»` կարդինալ Մոնտանելլին:
Տարբերակ վեցերորդ` Նավապետ Գրանտներ. Այս տիպը վաղուց լքել է հայրենիքը եւ հանգրվան գտել օտար ափերում: Եվ հիմա նրանց զավակները ստիպված են նրանց փնտրել եվրոպաներում ու ամերիկաներում: Օտար երկրներում հայրենասիրական կենացներ խմելով, սպասում են, թե ե՞րբ պետք է գա նավապետ Նեմոն եւ ազատագրի իրենց երկիրը: Հատուկ նրանց համար կարող ենք ասել, որ «Նաուտիլուսը» արդեն փչացել է, իսկ Նեմոն` շատ ծեր է:
Տարբերակ յոթերորդ` Պուարոներ. Սա այն տիպաժն է, որը «քիթը խոթում է» ամեն տեղ, բոլորին ուզում է ապացուցել, որ ինքն ամեն ինչից տեղյակ է, եւ որ իր հետ հաշվի են նստում անգամ Սքոթլանդ-Յարդի պաշտոնյաները: Լավ չեն խոսում ոչ թե այն պատճառով, որ բելգիացի են, այլ պարզապես զգացնել է տալիս կրթության եւ ինտելեկտի պակասը: Համագործակցում են տարբեր կառույցների հետ: Որոշ դեպքերում ներկայանում են Միսս Մարփլի տեսքով:
Տարբերակ ութերորդ` թշվառներ. Սա Հայաստանում մնացած ժողովրդի այն հատվածն է, որը հույս ունի, թե ոստիկան-տեսուչ Ժաբերի դավանած իրավաբանական օրենքներն ու եպիսկոպոս Միրիելի դավանած բարձրագույն արդարությունն ի վերջո կհաստատվի Հայոց աշխարհում:
Այս ութ տարբերակներով չեն ավարտվում մերօրյա հերոսների տիպերը: Բայց ժանրի օրենքը ստիպում է ավարտել հոդվածը: Կարծում եմ, որ դեռ առիթ կլինի վերադառնալ այս թեմային: