Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց ՀՀ կառավարության նիստերի դահլիճում անցկացվող «Արմպրոդէքսպո-2008» ագրովերամշակման եւ գյուղատնտեսական ապրանքների ութերորդ միջազգային ցուցահանդես: «Իմ տպավորությունը շատ լավն է, բայց` երկակի այն առումով, որ տեսնելով եւ ուրախանալով մեր բերքուբարիքով, վերամշակվող մթերքի որակով, մյուս կողմից հարց է առաջանում, թե այսպիսի որակն ինչո՞ւ աշխարհում տարածում չի գտնում»,- շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ս. Սարգսյանը: Ըստ նրա` պետությունն ամեն ինչ պետք է անի, օգնի հայ արտադրողներին իրենց մթերքն աշխարհի տարբեր անկյուններում իրացնելու համար: «Վերջերս Արարատի մարզ էի գնացել, այնտեղ խոսում էի վերամշակողների հետ, եւ մենք պայմանավորվեցինք, որ բերքի աճեցման ու մթերման ընթացքում եւ՛ պետությունը, եւ՛ վերամշակողը մշտապես պետք է լինեն գյուղացու կողքին: Իսկ իրացման շրջանում, իհարկե, պետությունը միշտ պետք է օժանդակի վերամշակողին: Մենք պետք է կարողանանք մեզ համար նոր բրենդներ ստեղծել, այնպես, ինչպես ողջ աշխարհում ճանաչում են հայկական կոնյակը, հայկական ծիրանը, պետք է ճանաչեն նաեւ հայկական թթուն, այծի, ոչխարի պանիրը եւ շատ այլ համեղ ուտեստներ»,- նշել է նա: