ՀՅԴ-ն սպասում է

14/11/2008

«Ազատությանը» տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է, թե իրենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին են փոխանցել ԼՂՀ բանակցությունների վերաբերյալ իրենց տեսակետը, վերապահումները եւ հիմա սպասում են նախագահի հետագա քայլերին: Նա ասել է, որ դեռեւս մեկ տարի առաջ ՀՅԴ-ին մտահոգել է Մադրիդյան սկզբունքներում ամրագրված այն կետը, համաձայն որի` հայկական ուժերի կողմից վերահսկվող 5 տարածքները պետք է վերադարձվեն նախքան ԼՂՀ կարգավիճակի որոշումը, իսկ Քելբաջարում եւ Լաչինում պետք է խաղաղապահ ուժեր տեղակայվեն: «Ես հույս ունեմ, որ այդ Մադրիդյան սկզբունքները Ռուսաստանում կայացած` նախագահների հռչակագրի մեջ մատնանշվել է իբրեւ բանակցությունների հիմք, բայց ոչ այդ սկզբունքների ամբողջությամբ որդեգրում: Սա ինձ նաեւ հույս է ներշնչում, որ հայկական կողմն առավելագույնը անելու է` այդ հիմնական թերությունները, որը կա այդ սկզբունքների մեջ, վերացնելու»,- ասել է նա: Հարցին էլ` «եթե թերությունները չվերացվեն, ՀՅԴ-ն դուրս կգա՞ կոալիցիայից», Հ. Մարգարյանը պատասխանել է. «Ինքնանպատակ չէ մեր` կոալիցիայի մեջ մնալը: Այսօր մեր` կոալիցիայի մեջ մնալը նաեւ բացատրվում է, հիմնականում բացատրվում է այն առումով, որ մենք կարողանում ենք մեր տեսակետն ասել, եւ հույս ունեմ, որ կկարողանանք նաեւ ազդել»: Նա անհիմն է համարել ընդդիմության պնդումները, թե մինչեւ տարեվերջ ԼՂՀ հակամարտությունը լուծում է ստանալու, եւ որ Ս. Սարգսյանի վրա մեծ ճնշումներ կան, որոնց այլընտրանք չունենալով` նախագահը ստիպված է լինելու գնալ զիջումների: «Ճնշումները` ընդհանրապես կան, բայց այդպես մասնակի, հատուկ, ինչ-որ մի ժամկետով կատարված ճնշում` ես նման ճնշումից տեղյակ չեմ եւ չեմ նկատել նախագահի մոտ, որ ինքն այդ տեսակ ճնշումի ենթակա է»,- ասել է նա: «Ընդդիմությունն ինչո՞ւ է այդպիսի բան ասում` չգիտեմ, հավանաբար սուրճի բաժակ են նայել,- հավելել է նա,- Կար մի պահ, որ բոլորս անհանգստացանք, երբ Ռուսաստանը որոշ ակտիվություն ցույց տվեց: Անշուշտ, Ռուսաստանը, հավանաբար, կուզեր, որ հարցը կայծակնային լուծում ստանա, եւ ինքը կարողանա Ադրբեջանն ունենալ վերջնականորեն իր ազդեցության դաշտում: Բայց կարծում եմ, որ նաեւ ինքը հանդիպեց որոշ դիմադրության եւ նահանջեց եւ բավարարվեց այնքանով, որ փաստեց իր «պապայության» հանգամանքը շրջանում, եւ այդքանը: Այդ առումով, մտահոգություններն ավելի նվազել են այս պահին»: