Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով կազմել է 3 մլն 235.0 հազ., որից 2 մլն 073.4 հազ.` քաղաքային բնակչության: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: ՀՀ բնակչության թվաքանակը տարեսկզբի համեմատ աճել է 4.9 հազ., իսկ 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 8.3 հազարով: Տարեսկզբի դրությամբ, Հայաստանի մշտական բնակչության 67.2 տոկոսը կազմել են աշխատունակ տարիքի, 20.8 տոկոսը` աշխատունակ տարիքից ցածր, իսկ 12.0 տոկոսը` աշխատունակ տարիքից բարձր մարդիկ: Հանրապետության 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել 489 տարեց եւ երեխա (0-15 տարեկան): Մշտական բնակչության միջին տարիքն այս տարեսկզբի դրությամբ կազմել է 34.3 տարի:
Այս տարվա առաջին ինն ամիսներին հանրապետությունում արձանագրվել է 29 հազ. 823 ծնունդ, ինչը 2007թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.1 տոկոսով: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է մահացության 20 հազ. 532 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.1 տոկոսով ավելի: Մահացության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 8.5 պրոմիլե: Մահերի 6.1 տոկոսն առաջացել է նորագոյացությունների, 10 տոկոսը` դժբախտ պատահարների, թունավորումների եւ վնասվածքների, 9.6 տոկոսը` մարսողական օրգանների հիվանդությունների, 14.3 տոկոսը` վարակային հիվանդությունների եւ այլ պատճառներով: Արյան շրջանառության համակարգի եւ շնչառական օրգանների հիվանդություններից մահվան ցուցանիշն այս տարի նվազել է: Նույն ժամանակահատվածում 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 6.6 տոկոսով, իսկ մանկական մահացության գործակիցը 1000 կենդանի ծնվածի հաշվով կազմել է 10.5 պրոմիլե` 2007թ. նույն ժամանակաշրջանի 11.5 պրոմիլեի դիմաց: Այս տարիքային խմբում արձանագրված մահերի 71.8 տոկոսը կազմել են շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակներից, բնածին անկանոնություններից եւ ձեւախախտումային խանգարումներով պայմանավորված մահվան դեպքերը: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 356 դեպք, այդ թվում` մինչեւ 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 87.6 տոկոս: Գրանցվել է մայրական մահացության 13 դեպք: Այս տարվա ինն ամիսներին հանրապետությունում արձանագրվել է մեռելածնության 437 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 425-ի դիմաց: