Դոլա՞ր, թե՞ եվրո. իհարկե դրամ

26/06/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Ուրեմն, դոլարի եւ դրամի հարաբերակցությունը որոշվում է առաջարկով եւ
պահանջարկով: Եթե վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ պահանջարկն
ավելացել է դոլարի նկատմամբ, տեսնում ենք, որ փոխարժեքը փոքր-ինչ
բարձրանում է: Գործոնները, որոնք ազդում են այդ հարաբերակցության վրա,
բազմաթիվ են, եւ հնարավոր չէ կշիռ տալ: Երկրորդը՝ ինչ ծավալի փող է գալիս
Հայաստան՝ ուղղակի ներդրումների տեսքով, անուղղակի, մասնավոր
տրանսֆերտների»,- վերջին օրերին դոլարի կտրուկ արժեւորմանը նորից այսպիսի
մարգարեական ու միամիտ բացատրություն տվեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը:
ԿԲ նախագահի հավաստմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա նույն
ժամանակահատվածի համեմատ մասնավոր տրանսֆերտների չափը 40%-ով ավելացել է:
Այնուամենայնիվ, կարծիք կա, որ տարադրամի շուկայում դոլարի հերթական
արժեւորումը հերթական սպեկուլյացիան է: Տիգրան Սարգսյանն, ինչպես միշտ,
ունի իր պատասխանը եւ դա կապեց նաեւ միջազգային շուկայում եվրոյի
արժեզրկման հետ: «Արտարժութային շուկաներում ձեւավորվող միտումները եւ
նրանց ներհոսքը Հայաստան, միջազգային շուկաների ազդեցությունը մեր շուկայի
վրա մեր կառավարումից դուրս են գտնվում, բայց ազդում են մեր շուկայի
մասնակիցների սպասումների վրա: Աշխարհում որեւիցե կենտրոնական բանկ ի
վիճակի չէ կանխատեսումներ կատարել, թե ինչպիսին կլինի փոխարժեքը վաղը»:
Իսկ կանխատեսումներ արդեն եղել են, իհարկե, ոչ Կենտրոնական բանկի կողմից:
Սպասվում է, որ մի քանի օրից, անկախ միջազգային շուկայական
հարաբերություններից, դոլարը նորից կարժեզրկվի: Բնականաբար, դա էլ մեր
Կենտրոնական բանկի կառավարումից դուրս կլինի: Պարոն Սարգսյանն այս անգամ
էլ ու կրկին խորհուրդ տվեց ապավինել դրամին:«Այն շոկերը, որ երբեմն
առաջանում են, պայմանավորված են այն հանգամանքով, որ այս նոր միջավայրում
մարդիկ չեն կողմնորոշվում եւ չեն կարողանում կառավարել իրենց արժութային
ռիսկերը: Ռիսկերից զերծ մնալու լավագույն ձեւը՝ խնայողությունները պահել
հայկական դրամով»: Տարադրամի փոխանակման կետերի հանդեպ ԿԲ նախագահն իր
խոսքի տերն է.«Ստուգումներ պարբերաբար լինելու են, այն փոխանակման
կետերում, որտեղ մենք հայտնաբերելու ենք խախտումներ, նրանք փակվելու են»: