Վերջին շրջանում բնակիչների կողմից հաճախակի են դարձել բողոքները բնական գազի, այսպես կոչված, ներտնային սպասարկման հետ կապված: Այդ հարցը երեկ քննարկվում էր նաեւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում:
Շուրջ մեկ ժամ տեւած քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշակի փոփոխություններ կատարեց այս ոլորտը կարգավորող նախկինում ընդունված որոշումներից մեկում, որով սահմանվում են այն դեպքերը, երբ մատակարարը, այն է՝ «ՀայՌուսգազարդը», իրավունք ունի ընդհատել բաժանորդի գազամատակարարումը: Ըստ նախկին կարգի, ընկերությունը իրավունք ունի նաեւ սպառողի կողմից «պայմանագրով սահմանված ժամկետներում մատակարարված գազի կամ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում» դադարեցնել գազամատակարարումը: Այսինքն՝ եթե սպառողը պարտաճանաչ վճարել է գազի մատակարարման դիմաց, բայց չի կատարել տեխնիկական սպասարկման ծառայության համար սահմանված վճարները, ապա կարող է զրկվել գազամատակարարումից: Տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սպառողները հավասարաչափ մուծում են յուրաքանչյուր ամիս, սակայն տեխնիկական սպասարկումն իրականացվում է տարեկան 2 անգամ: Այս կարգը գործում է արդեն մի քանի տարի, եւ փոփոխություններով հստակեցվեց, թե ինչ ասել է՝ «իրականացնել սպասարկում տարեկան 2 անգամ»: Ըստ այդմ, սահմանվեց, որ այդ սպասարկումն իրականացվելու է յուրաքանչյուր վեց ամսվա ընթացքում 1 անգամ: Այնուամենայնիվ, սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները վիճարկում էին ոչ թե այդ վերջին փոփոխությունը, այլ այն, թե ինչու պետք է սպառողները սպասարկման ծառայության դիմաց վճարեն ամեն ամիս այն դեպքում, երբ ծառայությունը մատուցվում է վեց ամիսը մեկ: Նրանք նշում էին, որ սպառողների շահերի տեսանկյունից ավելի լավ կլինի, եթե վճարումը կատարվի ծառայության մատուցումից հետո այնպես, ինչպես գազի վարձն է վճարվում մատակարարումից հետո: Որոշ հանձնաժողովականներ պնդում էին, որ եթե վճարումները կատարվեն վեց ամիսը մեկ, ապա սպասարկող կազմակերպությունները չեն կարողանա իրականացնել իրենց ամենամսյա ծախսերը եւ ստիպված կլինեն վարկեր վերցնել ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար: Սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավար Աբգար Եղոյանը, սակայն, համաձայն չէր այս տեսակետի հետ: Ըստ նրա՝ մատակարարող կազմակերպությունն այստեղ ֆինանսական խնդիրներ՝ կապված դրամական մուտքերի անընդհատության ապահովման հետ, չի ունենա, քանի որ յուրաքանչյուր ամիս այն սպառողների մեծ մասը, որոնց արդեն մատուցվել է ծառայությունը, կկատարեն վճարումները: Այսինքն՝ կազմակերպությունը ստիպված չի լինի լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել բանկերից: «Եթե կազմակերպությունը կատարելու է 6 ամսվա ընթացքում ծառայությունը, ուրեմն թող իրավունք ունենա նաեւ անջատել միայն այն սպառողներին, ում որ ծառայություն մատուցած կլինի: Հակառակ դեպքում, ստացվում է այնպես, որ կազմակերպությունն իրավունք ունի ծառայությունը մատուցել վեց ամսվա ընթացքում, բայց գումարները հավաքել ամեն ամիս, դրա համար էլ մենք կարծում ենք, որ այստեղ շահերի հավասարակշռություն չկա, եւ առաջարկում ենք, որ անջատելու իրավունք ունենա միայն այն դեպքում, երբ ծառայությունը մատուցված լինի»,- նշեց պարոն Եղոյանը: Սրան ի պատասխան՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ իր կարծիքով՝ հենց սպառողների շահերից է բխում վճարումները կատարել ամսեամիս եւ ըստ այդմ էլ ընդհատել գազամատակարարումը, քանի որ այս դեպքում սպառողները հնարավորություն կունենան պլանավորել իրենց ամսական ծախսերը: Հակառակ դեպքում սպառողները չեն իմանալու, թե այդ վեց ամսվա ընթացքում կոնկրետ որ օրն իրենց կմատուցվի տեխնիկական սպասարկման ծառայությունը: Մյուս կողմից էլ, ըստ Ռ. Նազարյանի, «այդ վեց ամսվա գումարն ավելի մեծ կլինի», ուստի սա սպառողների համար այնքան էլ ձեռնտու տարբերակ չէ: Անդրադառնալով սպառողների շահերի պաշտպանությանը՝ ՀԾԿՀ-ի Լիցենզավորված գործունեության մոնիտորինգի եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Մկրտիչ Ջալալյանը նշեց, որ որոշ կարեւոր փոփոխություններ էին կատարվել նաեւ մոտ մեկ ամիս առաջ: «Մինչ հոկտեմբերը ով դառնում էր նոր բաժանորդ, առաջին մի տարվա վճարը մուծում էր միանգամից: Մենք սա հոկտեմբեր ամսի նիստում փոխեցինք, եւ սպառողներն այսօր վճարում են սպասարկման ժամանակաշրջանի սկզբից՝ յուրաքանչյուր ամիս: Օրինակ, եթե սպառողը դառնում է բաժանորդ օգոստոսին, նա սկսում է վճարել նոյեմբերի մեկից՝ ամեն ամիս: Եթե ընկերությունը սահմանված ժամանակաշրջանում չի սպասարկում՝ վտանգելով սպառողների անվտանգությունը, սպառողի ամբողջ վճարվածը դառնում է կանխավճար, ստացվում է, որ բնակիչը մյուս վեց ամսվա փողը արդեն տվել է, բացի այդ՝ եւս կես տարվա տույժ է գումարվում սրա վրա, այսինքն՝ հաջորդող մոտ մեկ տարվա գումարը սպառողն այլեւս չի վճարի, բայց տեխնիկական սպասարկման ծառայությունը 2 անգամ կիրականացվի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է երեկվա նիստին, պարոն Ջալալյանն առանձնացրեց երեք կարեւոր փոփոխություն: «Առաջին, ջեռուցման ժամանակահատվածում՝ նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 15-ը, «ՀայՌուսգազարդն» իրավունք չունի նախատեսել պլանային աշխատանքներ ու անջատել սպառողների գազամատակարարումը: Երկրորդ՝ նախկինում բազմաբնակարան շենքերի եւ ընդհանրապես բոլոր բնակիչների սպասարկումն անպայման պետք է իրականացներ «ՀայՌուսգազարդը»՝ մեր կողմից որոշված գներով: Մյուսները, այսինքն՝ գազ ստացող կազմակերպությունները պարտադիր պիտի էլի սպասարկվեն, բայց նրանց սպասարկման վճարը մենք չէինք սահմանում: Այսօր ամրագրեցինք, որ բազմաբնակարան շենքերում գտնվող կենցաղային սպասարկման կազմակերպությունները, դա կլինի վարսավիրանոց, խանութ եւ այլն, նույնպես այսուհետ կսպասարկվեն մեր կողմից սահմանվող գներով: Եվ երրորդ՝ նախկինում գործող կանոնները բնակիչների եւ կազմակերպությունների համար չէին սահմանում գազամատակարարման ընդհատման պայմաններ: Բայց կան պայմաններ, որ բնակչության համար առանձնահատուկ են, կիրառելի չեն կազմակերպությունների համար եւ հակառակը: Ուստի փոփոխություններով հստակեցվեց այս ամենը»,- նշեց Մ. Ջալալյանը: Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից մեկի ղեկավար Արամ Գրիգորյանն էլ դժգոհեց, որ «փաստաթուղթը, երբ ասվում է, թե իբր քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ, իրականում այդպես չէ»: Իսկ այդ սպասարկման ծառայություն ասվածն էլ, ըստ նրա, ընդամենը այն է, որ գալիս, մի քանի հարց են տալիս ու գնում: Սա, ըստ Ա. Գրիգորյանի, իրենք իմացել են 3 ամսվա ընթացքում իրականացված մոնիտորինգի ժամանակ:
Մի խոսքով, սպառողների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկները չընդունվեցին: Փոխարենը` փոփոխությունների նախագիծն ընդունվեց միաձայն: