Արժեզրկվող կանխատեսումներ

13/11/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

2009թ. բյուջեի նախագծում դրամի փոխարժեքը սահմանված է 1 դոլարի դիմաց 302.4 դրամ: Այսինքն` կառավարությունը կանխատեսում է, որ հաջորդ տարի ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կպահպանի ներկայիս մակարդակը: Դա, իհարկե, մեղմ ասած, կասկածելի է: Թեեւ մեր ԿԲ-ն «լողացող» փոխարժեքը կառավարելու արդեն հարուստ փորձ ունի:

Մինչ 2009թ. փոխարժեքի հնարավոր փոփոխության մասին խոսելը, փորձենք վերհիշել, թե ինչ փոփոխությունների է այն ենթարկվել նախորդ եւ ընթացիկ տարում: 2007թ. հունվարի մեկի 1 դոլարը 363.5 դրամի փոխարժեքը ողջ տարվա ընթացքում նվազեց (այսինքն` դրամը շարունակեց արժեւորվել նախորդ տարիների նման), եւ 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ այն արդեն 304.22 դրամ էր: 2008թ. սկզբից, սակայն, դոլար-դրամ փոխարժեքը սկսեց տատանվել, կամ, ինչպես բանկիրներն են ասում, անկանոն վարք դրսեւորել: Այս տարվա առաջին եռամսյակում վերջին 4 տարիների կտրվածքով առաջին անգամ դրամի արժեզրկման միտումներ զգացվեցին: Բնականաբար, դա պայմանավորված էր նախագահական ընտրություններով եւ հետընտրական իրադարձություններով. խոսակցություններ կային երկրից մեծ ծավալի արտարժույթի արտահոսքի մասին: Երկրորդ եռամսյակում շարունակվեց փոխարժեքի տատանումների անկանոն վարքը, թեեւ ընդհանուր առմամբ դրամն ավելի շատ արժեւորվեց: Իսկ այս տարվա երրորդ եռամսյակում տատանումներն էլ ավելի անկանոն դարձան` հավանաբար պայմանավորված արդեն նաեւ միջազգային ֆինանսական ճգնաժամով: Այս տարվա հոկտեմբերի 1-ից մինչեւ 14-ն ընկած ժամանակահատվածում դրամն օր օրի արժեզրկվեց` 301.9-ից հասնելով 307.11 դրամի 1 դոլարի դիմաց, իսկ ամսվա երկրորդ կեսին տատանումները կրկին դարձան անկանոն:

Եվ չնայած հատկապես հիմա դժվար է կանխատեսել, թե բյուջեի նախագծում հաշվարկված 302.4 դրամ փոխարժեքը որքանով իրականություն կդառնա, այնուամենայնիվ, կարելի է գոնե մոտավոր պատկերացում կազմել, եթե քննարկենք գործոնները, որոնք ավելի շատ են ազդելու փոխարժեքի տատանումների վրա: Կարելի է պայմանականորեն առանձնացնել 3 հիմնական գործոն: Առաջինը` Հայաստանի ներմուծման ու արտահանման տարբերությունների աճի ֆանտաստիկ տեմպերն են: Հայտնի է, որ եթե բացառենք մյուս գործոնները, ապա որքան շատ է երկիրը ներմուծում եւ որքան քիչ է արտահանում, այնքան արագ այդ երկրի արժույթը պետք է արժեզրկվի: Սա պայմանավորված է նրանով, որ որեւէ երկրի արտադրած ապրանքը ձեռք բերելու համար այլ երկրների քաղաքացիները պետք է իրենց երկրի արժույթը արտարժույթի շուկայում փոխարկեն ապրանքն արտահանող երկրի արժույթով, այսինքն` արտարժույթի շուկայում առաջարկեն իրենց երկրի արժույթն ու պահանջարկ ներկայացնեն արտահանող երկրի արժույթի նկատմամբ: Եվ որքան շատ առաջարկեն իրենց արժույթն ու պահանջեն արտահանող երկրներինը, այնքան շատ իրենց երկրի արժույթը կարժեզրկվի: Այս շատ պարզագույն սխեման ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին առեւտրի ներկայիս ցուցանիշների ու դրանց միտումների պարագայում՝ դրամն անխուսափելիորեն պետք է արժեզրկվի: Այսպես, եթե 2007թ. հունվար-սեպտեմբերին մենք արտահանել ենք շուրջ 830 մլն դոլարի ապրանք եւ ներմուծել 2.2 մլրդ դոլարի, դա նշանակում է, որ ՀՀ-նից դուրս է եկել 2.2 մլրդ դոլար եւ մտել շատ ավելի քիչ` 830 մլն դոլար, այսինքն` մյուս գործոնների բացառման պարագայում երկրում դոլարը քչացել է, հետեւաբար՝ այն պետք է արժեւորվեր: Սակայն, քանի որ դա տեղի չի ունեցել, ապա գոնե տեսականորեն կարող ենք ենթադրել, որ այլ գործոնների ազդեցությունն ավելի ուժեղ է եղել: Սակայն գործնականում ներմուծման-արտահանման տարբերության գործոնի ազդեցությունը չէր կարող այդպիսին լինել: Առավել եւս, որ նույնը տեղի է ունեցել նաեւ 2008 թ.: Այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր արտահանումը դոլարային արտահայտությամբ չի ավելացել, իսկ ներմուծումը 2.2 մլրդ դոլարից դարձել է 3.1 մլրդ դոլար, այսինքն` ներմուծում-արտահանում տարբերությունն ավելացել է շուրջ 0.9 մլրդ դոլարով կամ 41 %-ով: Այսինքն` այս գործոնի ազդեցության չափաբաժինը գնալով մեծանում է: Մեր ներմուծման ծավալը 2009թ. նույնպես աճելու է, իսկ արտահանման վիճակը` տնտեսության ներկայիս պայմաններում շարունակելու է «խղճուկ» մնալ: Ուստի դժվար չէ ենթադրել, որ 2009թ. դրամի արժեզրկման վրա ազդող այս գործոնի ազդեցությունը կմեծանա: Սակայն, մեր ԿԲ-ն, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, դրամի արժեզրկման (այսինքն` անուղղակիորեն նաեւ արտահանման ծավալների աճի) դեմ պայքարելու անփոխարինելի ձիրք ունի` դրանից բխող` արտահանողների համար՝ բացասական, ներմուծողների համար՝ դրական դրամական հետեւանքներով:

Փոխարժեքի վրա ազդող երկրորդ ամենակարեւոր գործոնը կարելի է համարել արտերկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները, որոնք հենց ԿԲ-ի գնահատականներով, տատանվում են 1.5-2 մլրդ դոլարի սահմաններում: Ըստ ԿԲ-ի` հենց սա է այն հիմնական գործոնը, որ 2004-2007թթ. հանգեցրել է դրամի արժեւորման: Այսինքն` դրսից Հայաստան մտնող դոլարները եւ դրանց աճն այնքան շատ է եղել, որ ծածկել է ներմուծման համար Հայաստանից դուրս եկած դոլարների ծավալը: Ավելին` մեզ մոտ հանգեցրել է դոլարի արժեզրկման կամ դրամի արժեւորման(՞): 2009թ., սակայն, կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, ենթադրվում է, որ Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալը կնվազի, քանի որ ճգնաժամ ապրող երկրներում բնակչության եկամուտները կտրուկ նվազում են: Իսկ քանի որ մեր տրանսֆերտները գալիս են հիմնականում Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, իսկ սրանք ճգնաժամից ամենաշատը տուժող երկրներն են, հետեւաբար՝ ակնհայտ է, որ տրանսֆերտների ծավալը եթե չնվազի էլ, հաստատ չի աճի: Այսինքն` այս գործոնը եւս մեծ հաշվով հանգեցնելու է դրամի արժեզրկմանը: Իսկ որպես երրորդ գործոն՝ կարելի է առանձնացնել այն, թե ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը (Ֆեդերալ Ռեզերվային Համակարգը` ՖԵԴ-ը) ինչ արժութային քաղաքականություն կիրականացնի: Իրաքի պատերազմից ի վեր այն վարել է, այսպես կոչված, «էժան փողի» քաղաքականություն, այսինքն` ավելացրել է շրջանառության մեջ գտնվող դոլարի քանակությունը: Սովորաբար մեր ԿԲ-ի մասնագետների մոտ մեծ է գայթակղությունը 2004-2007թթ. դրամի թռիչքը բացատրել նաեւ այս գործոնով, թեեւ այն փաստը, որ դրամն արժեւորվել է ոչ միայն դոլարի, այլեւ եվրոյի եւ մյուս բոլոր երկրների արժույթների նկատմամբ, ցույց է տալիս, որ այդ վարկածը, մեղմ ասած, ճիշտ չէ: Վերջին տնտեսական ճգնաժամի հետեւանքով ԱՄՆ-ի բանկերի ու վարկային կազմակերպությունների մոտ, բնականաբար, փողը պահելու եւ չվարկավորելու միտում նկատվեց, ինչն ազդում է շրջանառության մեջ գտնվող դոլարի քանակի վրա` դրա նվազման ուղղությամբ, այսինքն` դոլարը քչանում է, եւ սրա հետեւանքով բոլոր երկրների արժույթների նկատմամբ արժեւորվում: Սակայն ՖԵԴ-ը, ճգնաժամից հնարավորինս առանց ցնցումների դուրս գալու նպատակով, պարբերաբար իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը (վերջերս այն իջեցվեց. 1.5%-ից դարձավ 1%, որն աննախադեպ ցուցանիշ է), ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի բանկերն ավելի լավ պայմաններով կարող են ՖԵԴ-ից վարկ վերցնել եւ, հետեւաբար, ավելի շատ վարկեր տրամադրել: Այս ամենի արդյունքում աշխարհում շրջանառության մեջ գտնվող դոլարի քանակն ի վերջո կաճի՞, թե՞ կնվազի եւ (կամ) որ ժամանակաշրջանում ինչ ուղղությամբ կփոփոխվի, այսօր դժվար է գնահատել:

Այսպիսով` գոնե այս պահի դրությամբ փոխարժեքի վրա ազդող հիմնական գործոնների միտումները վկայում են, որ 2009թ. շատ մեծ է լինելու դրամի արժեզրկման հավանականությունը: Սակայն, ինչպես գրեթե բոլոր հարցերում, այս դեպքում եւս մեր կառավարությունը հակառակն է կանխատեսել: