Դեպի ագրարային երկիր

26/06/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մեր պետական այրերն անընդհատ խոսում են ներդրումների ու բիզնեսի
խրախուսման համար իրենց ստեղծած բարենպաստ պայմաններից եւ արտասահմանյան
վարկատու կազմակերպությունների հետ միասին հաշվում, թե այս տարիներին քանի
միլիոն դոլար է ծախսվել Հայաստանում, մանավանդ՝ ՓՄՁ-ների ոլորտում, եւ
արդյունքում տնտեսական ինչ զարգացումներ են տեղի ունեցել: Այս թեմաներին
էին նվիրված երկուշաբթի Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ)
կառավարիչների 7-րդ տարեկան համաժողովը եւ չորեքշաբթի Իզմիրլյան ու
Եվրասիա հիմնադրամների վարկային գործունեության ներկայացումը:
Հայաստանը Սեւծովյան բանկի հիմնադիր երկրներից է 1998 թվականից եւ բանկի
նախ՝ 2, ապա՝ 1 տոկոսանոց փայատերն է: Նախորդ տարի ՍԱԶԲ-ն իր անդամ բոլոր
երկրներում իրականացրել է 600 մլն դոլարի վարկային ծրագրեր, որի ընդամենը
0,38 տոկոսն է բաժին ընկել Հայաստանին, եւ որը դեռ չի ծախսվել: 2003թ.
փետրվարին Իզմիրլյան հիմնադրամը եւ Սեւծովյան բանկը Հայաստանում 4 մլն
դոլարանոց համատեղ վարկային ծրագիր են սկսել, կողմերից յուրաքանչյուրը
տրամադրել է 2 մլն դոլար: Նորից ՓՄՁ-ների զարգացման համար: Վարկային
գումարի առաջին երկու՝ 500 հազար դոլարանոց պայմանագրերը ստորագրվեցին
ընդամենն այս երկուշաբթի, այսինքն՝ ավելի քան 2 տարի հետո: Պայմանագրերը
կնքվեցին «Վալետա» մսամթերքի վերամշակման եւ «Օվալ» ապակյա տարաներ
արտադրող ընկերությունների հետ: Իսկ ո՞րն էր վարկային ծրագիրն այդքան ուշ
իրականացնելու պատճառը:
«Պատճառները տեխնիկական էին»,- այսպես բացատրեց Իզմիրլյան հիմնադրամի
հայաստանյան գրասենյակի տնօրեն Արա Համազասպյանը: Հենց այդ երկու մլն
դոլարն է Հայաստանին բանկի տրամադրած 0,38 տոկոս վարկը: Մինչդեռ բանկի
անդամ մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը ստացել են վարկային պորտֆելի
համապատասխանաբար 3,3 եւ 2,8 տոկոսները: Բանկի նախագահ Թուրքիայի
ներկայացուցիչ Մուստաֆա Գյուրտինն այս անհամամասնությանը չցանկացավ
քաղաքական բացատրություն տալ:
«Խելքին մոտ բոլոր ծրագրերը կֆինանսավորվեն»,- մեկնաբանեց նա: Մնում է
եզրակացնել, որ Հայաստանից խելքին մոտ ծրագրեր չեն ներկայացվում կամ էլ
հակառակը՝ Հայաստանին լուրջ չեն վերաբերվում:
Իզմիրլյան հիմնադրամը ՓՄՁ-ների զարգացմանն օժանդակող վարկային համատեղ
կառույց է ստեղծել նաեւ Եվրասիա հիմնադրամի հետ՝ «Ունիվերսալ վարկային
կազմակերպություն»: «Հայաստանի տնտեսության եւ բնակչության կենսամիջոցների
բարելավման գործում ներդրում ունենալու համար»,- ասաց ընկերության
գործադիր տնօրեն Զաքար Բոյաջյանը:
Մինչ օրս այդ կազմակերպությունը հաստատել է 41 վարկային ծրագիր՝ 2,3 մլն
դոլար ընդհանուր գումարով եւ 275 աշխատատեղով: Պարոն Բոյաջյանի ասելով՝
ծրագրերի միջեւ խտրականություն չի դրվում, հաշվի է առնվում միայն վարկի
տրամադրման համար պահանջվող բոլոր պայմանների առկայությունը: Բայց եթե
դիտարկում ենք իրականացվող ծրագրերն ըստ ոլորտների, տեսնում ենք, որ
ընտրված են հիմնականում սննդի վերամշակման, գյուղատնտեսության, սպառողական
ապրանքների եւ ծառայությունների ոլորտները: Ինֆորմացիոն եւ տեղեկատվական
ոլորտների մասին խոսք անգամ չկա: Ծրագրեր ներկայացվել են, Զաքար Բոյաջյանի
ասելով՝ ֆինանսավորումը եղել է շատ չնչին: Կարծես թե մեր պետական այրերն
ու արտասահմանյան վարկատու կազմակերպությունները խոսքները մեկ արած
Հայաստանը դարձնում են ագրարային երկիր:
Եվրասիա հիմնադրամը 10 տարիների ընթացքում 10,5 մլն դոլարի ծրագրեր է
իրականացրել հիմնականում փոքր ու միջին ձեռներեցների շրջանակներում:
Այստեղ էլ գումարների հիմնական մասն ուղղվել է վերոհիշյալ ոլորտներին:
Գրեթե նույն պատկերն ենք ստանում նաեւ վարկային այլ կազմակերպությունների
ֆինանսավորած ծրագրերն ուսումնասիրելիս: Ավելացնենք, որ ԱՄՆ կառավարության
կողմից ֆինանսավորվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում
սպասվելիք գումարներն էլ նախատեսված է ուղղել գյուղական ճանապարհների եւ
ոռոգման ցանցի վերանորոգման համար: Ստացվում է, որ ծրագրերի հիմնական մասն
ուղղվում է գյուղատնտեսության զարգացմանը: Ինչո՞ւ:
«Գլոբալիզացված աշխարհն ի՞նչ մարտահրավերներ է մեզ նետում,- նկատեց
տնտեսագետներից մեկը,- մենք հենց դրա վրա էլ պետք է աշխատենք: Մենք պետք է
սկսենք տնտեսության ամենակարեւոր, ճեղքումային ճյուղերից, պետք է ճեղքում
ստեղծենք մեր տնտեսության մեջ, մենք պետք է սկսենք բարձր եւ ինֆորմացիոն
տեխնոլոգիաների ոլորտից: Ի՞նչ ենք ուզում մենք՝ քայլել համաշխարհային
տնտեսության զարգացման ուղղությա՞մբ, թե՞ ստեղծել ագրարային երկիր»:
Ինչեւէ, եթե Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացնելու իրական
ցանկություն կա, դա լավ ցանկություն է, սակայն այս ոլորտին ահռելի
գումարներ ուղղելուց հետո էլ գյուղական համայնքներում աղքատությունը
նահանջելու ցանկություն չի դրսեւորում: Որովհետեւ վարկային որոշ ծրագրերը,
մանավանդ կառավարության միջնորդությամբ իրականացվող ծրագրերն
ուսումնասիրելիս ահռելի գումարների չարաշահումներ են հայտնաբերվում: Իսկ
Իզմիրլյան ու Եվրասիա հիմնադրամների ներկայացուցիչները գոհ էին իրենց
գումարների վերադարձելիության աստիճանից: Հավանաբար նրանից է, որ
պետության մատն այստեղ խառը չէ: Իսկ արդյո՞ք վարկերի պարտաճանաչ մարումը
հավասարազոր է գումարների նպատակային ուղղվածությանը: «Իհարկե»,-
պատասխանեց Իզմիրլյան հիմնադրամի ներկայացուցիչ Ա.Համազասպյանը:
Երկու հիմնադրամների ներկայացուցիչներն էլ համաձայն են, որ ստվեր՝ մի քիչ,
այնուամենայնիվ, կա, բայց դա չի խանգարում Հայաստանում զարգացնել
գյուղատնտեսությունը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, մանավանդ, որ
իրենք այդ ուղղությամբ աշխատում են, եւ պաշտոնական վիճակագրությունն այդ
փաստն ամեն տարի արձանագրում է: Սակայն պաշտոնական մեկ այլ փաստաթղթի՝
2004թ. բյուջեի եկամուտները ուսումնասիրելիս նկատում ենք, որ հարկերի մեջ
եկամտահարկին բաժին է ընկել ընդամենը 12,8 տոկոսը: Իսկ սա նշանակում է, որ
Հայաստանում տնտեսության զարգացման, մանավանդ փոքր ու միջին
ձեռնարկատիրության զարգացման մասին խոսելը ինքնախաբեություն է: