Անվճարունակության մասին նոր օրենքն աշխատում է

26/06/2005 Բոբ ՖԻԴԼԵՐ

«168 ժամ»-ի թիվ 26 համարում վերջերս տպագրված հոդվածում տեսակետներ են
առաջ քաշվել անվճարունակության մասին նոր օրենքի եւ այն իրավական
համակարգի մասին, որտեղ իրականացվում է նշված օրենքը: Հոդվածի հեղինակը
քննադատաբար է արտահայտվում օրենքի եւ դրա չարաշահման մասին: Եթե հոդվածը
ստույգ լիներ, այնտեղ անշուշտ անդրադարձ չէր լինի այն մասին, թե ինչպես
պետք է օրենքը կամ սնանկության գործընթացը գործի դրվի: Ինչեւէ, ելնելով
դատարանների եւ կառավարիչների աշխատանքի վերաբերյալ իմ անձնական
տեսանկյունից, պետք է նշել, որ հեղինակի կողմից մեջբերվող խնդիրները
հստակորեն կարելի է անվանել բացառություններ, եթե դրանք ընդհանրապես
գոյություն ունեն: Օրենքը պարունակում է պարտապանի պաշտպանության մի շարք
միջոցառումներ եւ ընդհանուր առմամբ լավ է աշխատում: Վերակառուցման եւ
զարգացման եվրոպական բանկը բարձր է գնահատում տվյալ օրենքը իմաստային,
կիրառման եւ թափանցիկության նկատառումներով:
Հեղինակը հոդվածը սկսում է պնդումով, թե օրենքի ընդունումից ի վեր սնանկ
հայտարարված ընկերությունների թվի աննախադեպ աճ է գրանցվել: Նա մեջբերում
է հետեւյալ թվային տվյալները. 1333 դեպք 2003 թվականին, 2048-ը` 2004-ին
եւ 1580 դեպք միայն սույն թվականի առաջին երեք ամիսների ընթացքում: Այս
տվյալները համապատասխանում են համապատասխան տարիներին սնանկության գործերի
թվին: Փաստացի նշված տարիներին սնանկ հայտարարված ընկերությունների ստույգ
թիվը 2003 թվականին կազմել է 149, ստույգ թիվը 2004 թվականի համար եղել է
930, իսկ 2005 թվականի առաջին երեք ամիսների ճշգրիտ թիվը 104 է: Եվս մեկ
անգամ նշենք, որ սրանք դատարանների կողմից սնանկ ճանաչված
ընկերություններն են, այլ ոչ դատական հայցերի ընդհանուր թիվը:
Հեղինակի գլխավոր պնդումն այն է, որ սնանկության մասին նոր օրենքը
իրավունք է վերապահում մրցակցող ընկերություններին ձեռք բերելու այլ
ընկերություններ, եւ որ գործում է մեքենայությունների հզոր համակարգ այս
արդյունքին հանգեցնելու համար, որի դեմ պարտապանը միանգամայն անզոր է
պայքարել: Այս մտավախությունը փաստերով չի հիմնավորվում:
Հարկ է հիշել, որ ընկերությունը սնանկ է համարվում միայն այն դեպքում, երբ
դատարանը գտնում է, որ ընկերությունն անցել է սահմանային շեմի միայն այն
ստուգումը, ըստ որի՝ նա համարվում է սնանկ: Առաջնային ստուգումներից մեկը
համարվում է այն փաստը, թե արդյոք սահմանված ժամկետում պարտապանը վճարո՞ւմ
է իր պարտքերը (սահմանված ժամկետից հետո 30 օրվա ընթացքում), եւ որ պարտքը
լինի նվազագույն աշխատավարձի առնվազն հինգհարյուրապատիկի չափով: Գործերի
90%-ից ավելին հարուցվում է պետության` Հարկային պետական ծառայության կամ
կենսաթոշակային ծառայությունների կողմից: 5%-ից պակաս դեպքերում գործերը
դատարան են ներկայացվում այլ պարտատերերի կողմից (մնացած դեպքերում
գործերը ներկայացվում են պարտապանի կողմից): Պետք է նաեւ հաշվի առնել, որ
պետությանը վճարելիք պարտքը պետք է վճարվի սահմանված ժամկետից հետո
առնվազն 180 օրվա ընթացքում: Այլ կերպ ասած, պարտապանը ոչ թե թերացել է
պարտքերը վճարել, այլ պարզապես չի վճարել դրանք մի որոշակի
ժամանակահատվածում:
Այնուհետեւ հեղինակն անդրադառնում է նրան, որ մի դեպքում՝ կառավարիչը
դատարանում ներկայացնում է պարտատերերի շահերը (այդպես էլ կա), մյուս
կողմից՝ դրանից հետո նույն կառավարիչը ծիծաղելի ցածր գներով վաճառում է
ընկերության ակտիվները: Սա անիմաստ է թվում մասնավորապես պարտատերերի
առումով: Անշուշտ, նրանք կպնդեն, որ ակտիվները վաճառվեն հնարավորինս բարձր
գներով, որպեսզի իրենց վճարվի հասանելիք պարտքի հնարավորինս ամենամեծ
մասը:
Հեղինակը պնդում է նաեւ, թե դատարանում պարտապանին խոսքի գրեթե ոչ մի
հնարավորություն չի ընձեռվում: Սա նույնպես ճիշտ չէ: Մասնավորապես, օրենքի
19 հոդվածով պարտապանին դատական լսումների հնարավորություն է տրվում այն
դեպքերում, երբ վերջինս առարկում է հայցին կամ պահանջում է այն: Դատարանի
կողմից չի կարող ինքնաբերաբար որոշում կայացվել պարտապանին սնանկ
հայտարարելու մասին: Պարտապանին տրվում են դատական լսումների եւ
ապացույցներ ներկայացնելու բազմաթիվ հնարավորություններ, որոնց
արդյունքում դատարանը մերժում է սնանկ ճանաչելու մասին հայցը, եթե
պարտապանին հաջողվում է ապացուցել դրա անհիմն լինելը: Պետք է նշել, որ մի
շարք դեպքերում դատարանը մերժել է պարտատերերի կողմից ներկայացված
հայցերը:
Պարտապանին տրվում է նաեւ բողոքարկման իրավունք, եւ բողոքարկումն
ընդունելու պարագայում դատարանը պարտապանին սնանկ չի ճանաչում (հոդված
20): Այս բոլոր իրադարձությունները կատարվում են դատական գործի սկզբնական
փուլում, լուծարումից եւ ակտիվների վաճառքից շատ ամիսներ առաջ:
Հեղինակը նաեւ հավանությամբ մեջբերում է ընդդեմ պարտապանի ԱՄՆ օրենքով
ամրագրված գործողությունների հետաձգումը, որը պարտապանին պաշտպանություն է
ապահովում իր պարտատերերից: ՀՀ «Անվճարունակության մասին» օրենքի 41
հոդվածով գրեթե նույնանման ապահովություն է նախատեսվում:
Եթե պարտապանը սահմանված ժամկետում չի վճարել իր պարտքերը եւ ճանաչվել է
սնանկ, ապա օրենքի համաձայն՝ պետք է վաճառքի հանվեն պարտապանի ակտիվները
եւ հասույթները բաշխվեն պարտատերերի միջեւ: Վաճառքը կատարվում է կամ
աճուրդի, կամ ուղղակի վաճառքի ձեւով եւ վերահսկվում է Տնտեսական դատարանի
դատավորների կողմից: Հաճախ ակտիվները վաճառվում են այնպիսի գներով, որի
արդյունքում պարտապանը հիմք է ունենում կարծելու, որ դրանք իրական արժեքից
ցածր գներով են վաճառվել: Ելնելով սնանկության դեպքում վաճառքների
«հուսահատ» բնույթից, ճշմարիտ է այն կարծիքը, որ ակտիվների համար
առաջարկվող գները հաճախ իրապես ցածր են: Սակայն եթե վաճառքն ընթացել է բաց
եւ թափանցիկ եւ օրենքի շրջանակներում, ապա դա նշանակում է, որ արվել է
ամեն ինչ՝ այդ ակտիվների դիմաց հնարավորինս բարձր գումար ստանալու
ուղղությամբ: Եթե այնպես է պատահում, որ պարտապանի մրցակիցն ակտիվների
վաճառքի ժամանակ ձեռք է բերում այդ ակտիվները, ապա պարտադիր չէ, որ դա
դիտվի որպես անօրինական կամ անբարոյական քայլ: Դա ընդամենն ապացույց է
ձեռնտու գներով լրացուցիչ ակտիվների ձեռքբերման գործարար որոշման: Այդ
ակտիվներն այդուհետ կներդրվեն արդյունավետ տնտեսական գործունեության մեջ,
որը նշանակում է, որ կվարձվեն նոր աշխատողներ, կկատարվի առեւտուր եւ
կվճարվեն նոր հարկեր:
Դատարանների, կառավարության եւ լրատվամիջոցների կողմից պահանջվում է
հաստատակամություն, որպեսզի հեղինակի կողմից հայտարարված հիմնախնդիրներն
իրականում տեղի չունենան: Սակայն ներկա օրենքը եւ սնանկության մասին
օրենքի կիրառումը Հայաստանում չեն հիմնավորում այն եզրակացությունը, ըստ
որի՝ այն կարող է կամ օգտագործվում է մի քանի ընտրյալների կողմից`
գործարարությանը չարամտորեն վնաս հասցնելու եւ տնտեսական աճի լճացման
նպատակներով: Դատարանում կան այնպիսի դատավորներ, որոնք մասնագիտացած են
սնանկության հարցերում եւ որոնք ջանասիրաբար աշխատել են այն հնարավորինս
արդյունավետ եւ արդար գործընթացի վերածելու ուղղությամբ:

ԲՈԲ ՖԻԴԼԵՐ

Փաստաբան, ԱՄՆ-ից
Հայաստանին սնանկության մասին օրենքը մշակելու եւ համակարգի հիմնական մասնակիցներին վերապատրաստելու գործում աջակից փորձագետ