Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նոյեմբերի 15-22-ը կայանալիք «Լիստապադ» միջազգային կինոփառատոնին Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, կինոկենտրոնը կմասնակցի նաեւ դեկտեմբերի 11-18-ը Դուբայում կայանալիք 5-րդ միջազգային կինոփառատոնին: Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը կներկայացվի Վենետիկի, Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները»` Կաննի, Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը»` Բեռլինի կինոփառատոներին: Գ. Ըստ Գեւորգյանի, ավարտվում են Միքայել Դովլաթյանի «Սողանք», Արամ Շահբազյանի «Չնչիկ», Դավիթ Սաֆարյանի «Նաեւ նե» ֆիլմի նկարահանումները: 2009-ին կսկսվեն Վիգեն Չալդրանյանի «Մաեստրոն» ֆիլմի նկարահանումները: «Տասնյակ փառատոներ կան, որոնց մենք անպայման կմասնակցենք: Դա շատ կարեւոր է, քանի որ ոչ միայն հայկական կինոարտադրանքն ենք ներկայացնում, այլեւ հնարավորություն է ստեղծվում հետագա համագործակցության, ինչպես նաեւ միջազգային կինոշուկա մտնելու համար»,- ասել է Գ. Գեւորգյանը: