Դիրքորոշումը կոշտանում է

12/11/2008

Երեկ ԼՂ նախագահ Բակո Սահակյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում բավական հետաքրքիր հայտարարություն է արել: Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է արվում, որպեսզի ԼՂ-ն դառնա բանակցային կողմ, Բ. Սահակյանը պատասխանել է. «Մենք բոլոր հանդիպումների ընթացքում, հատկապես` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, խնդրում ենք եւ, ինչո՞ւ չէ` պահանջում ենք, որպեսզի նրանք իրենց լիազորությունները եւ իրավասությունները կիրառեն եւ վերականգնեն այսօր խանգարված ձեւաչափը, կյանքի կոչեն Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը, որի համաձայն՝ ԼՂՀ-ն հանդիսանում է բանակցությունների լիարժեք կողմ: Այդ նույն քննարկումները եւ այդ նույն աշխատանքը մենք իրականացնում ենք ՀՀ իշխանությունների հետ նույնպես, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն իր ջանքերը գործադրի վերականգնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը բանակցային գործընթացին»: Այսինքն` ստացվում է, որ ԼՂ-ի իշխանությունները Ղարաբաղի մասնակցությունը պահանջելու խնդիր ունեն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, այլ հենց ՀՀ իշխանություններից, որոնք, փաստորեն, ըստ Բ. Սահակյանի հայտարարության, առանց համապատասխան «աշխատանքների» չեն գիտակցում բանակցություններին ԼՂ-ի ներգրավվելու անհրաժեշտությունը: