Հայաստանը՝ տարածաշրջանային անմրցունակության կենտրոն

12/11/2008

Մինչ մեր իշխանությունները խոստանում են հանրապետության տարբեր բնակավայրերը զանազան տարածաշրջանային ու համաշխարհային կենտրոններ դարձնելու մասին, Հայաստանի տնտեսությունը գրեթե բոլոր ցուցանիշներով սրընթաց անկում է ապրում: Հայաստանի տնտեսությունն իր մրցունակությամբ հասել է… Սենեգալի մակարդակին: Եվ սա ոչ թե «դեղին մամուլի», այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններից մեկի` Համաշխարհային տնտեսական ֆորումի «World Economic Forum» գնահատականն է: «World Economic Forum»-ի ամենամյա գլոբալ մրցունակության 2008-2009թթ. զեկույցում 134 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը՝ Սենեգալի եւ Դոմինիկյան Հանրապետության կողքին։ Ընդ որում, նախորդ տարիների համեմատ՝ այս ցուցանիշով Հայաստանը նահանջ է արձանագրել. 2007-2008թթ. զեկույցում Հայաստանը զբաղեցնում էր՝ 93-րդ, 2006-2007թթ. զեկույցում՝ 80-րդ հորիզոնականները։ Եվ եթե հաշվի առնենք, որ նույն զեկույցում մեր հարեւաններից Վրաստանը 90-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 69-րդ, իսկ Թուրքիան զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը, ապա հանուն արդարության պետք է խոստովանենք, որ մեր իշխանությունները կարողացել են Հայաստանը դարձնել «տարածաշրջանային անմրցունակության կենտրոն»: Իսկ մինչ Հայաստանը նույն իշխանությունների անշրջելի բարեշրջումների արդյունքում դառնա «հայկական աշխարհ», առանց ավելորդ մեծամտության կարող ենք հավակնել այս ցուցանիշով ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային կենտրոնի դափնիներին: