ԼՂՀ-ն ի վիճակի չէ իր տեսակետները ներկայացնել

12/11/2008

Երեկ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում եւս մեկ անգամ նշել է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններում պետք է ներգրավված լինի նաեւ ԼՂ-ն:

«Այնտեղ, որտեղ միջազգային հանրությունը, տարածաշրջանի երկրները, միջնորդները փորձում են իրենց ազդեցությունն ունենալ եւ հարցը իր տրամաբանական ավարտին հասցնել, իհարկե, ողջունելի է: Խոսքը գնում է երկխոսության մասին, եւ մենք այս տարիների ընթացքում միշտ մեր հայտարարություններում ընդգծում էինք, որ անհրաժեշտ է այդպիսի երկխոսություն ծավալել, լայն երկխոսություն ծավալել,- անդրադառնալով Մոսկվայում նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրին, ասել է Բ. Սահակյանը` ավելացնելով,- Իհարկե, յուրաքանչյուր երկխոսություն իր դրական ազդեցությունն է ունենում հարցի կարգավորման վրա, բայց մենք, միեւնույն ժամանակ, նշել ենք եւ հիմա էլ նշում ենք, որ այդ երկխոսությունը եւ բոլոր ջանքերը, որ գործադրվում են միջազգային հանրության կողմից, Մինսկի խմբի համանախագահների կողմից, եւ հատկապես այս վերջերս ՌԴ նախաձեռնությունը, որը նույնպես ուղղված է այդպիսի երկխոսություն ծավալելուն եւ քաղաքակիրթ պայմաններում հարցին լուծում տալուն: Իհարկե, այդ ամենը ողջունելի է: Բայց մենք ավելացնում ենք, որ այդ ամենը թերի է, քանի որ չի մասնակցում հիմնական կողմը` ԼՂՀ-ն»: Իսկ հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի ԼՂ-ն դառնա բանակցային կողմ, Բ. Սահակյանը պատասխանել է. «Մենք բոլոր հանդիպումների ընթացքում, հատկապես` համանախագահների մասնակցությամբ, խնդրում ենք եւ, ինչո՞ւ չէ` պահանջում ենք, որպեսզի նրանք իրենց լիազորությունները եւ իրավասությունները կիրառեն եւ վերականգնեն այսօր խանգարված ձեւաչափը, կյանքի կոչեն Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը, որի համաձայն՝ ԼՂՀ-ն հանդիսանում է բանակցությունների լիարժեք կողմ: Այդ նույն քննարկումները եւ այդ նույն աշխատանքը մենք իրականացնում ենք ՀՀ իշխանությունների հետ նույնպես, որպեսզի ՀՀ-ն իր ջանքերը գործադրի վերականգնելու ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին: Մենք միշտ ողջունել ենք բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում եւ այսօր էլ մենք նշում ենք, որ Մինսկի խումբը չի սպառել իրեն: Բայց նաեւ ավելացնում ենք, որ այդ աշխատանքները չեն կարող հարցին վերջնական լուծում տալ մի պարզ պատճառով` ԼՂՀ-ի` բանակցությունների չմասնակցելու պատճառով»: Մոսկովյան հռչակագրում, ինչպես հայտնի է, որպես բանակցությունների հիմք՝ նշվել են «մադրիդյան սկզբունքները»: Ինչպիսի՞ առավելագույն զիջումներ են հնարավոր ԼՂՀ կողմից: Այս հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Ընդհանրապես մենք տեսնում ենք մեր մասնակցությունը բանակցային գործընթացում, որից հետո անդրադառնալու ենք ամբողջ փաթեթի քննարկմանը: Մենք ունենք մեր տեսակետները, բայց, զրկված լինելով բանակցություններին մասնակցությունից, իհարկե, ի վիճակի չենք այսօր մեր տեսակետները ներկայացնել: Եվ երբ խոսում ենք այս կամ այն սկզբունքների մասին, լինի դա Մադրիդյան կամ այլ սկզբունքներ, մենք գիտակցում ենք, որ բոլոր սկզբունքները պիտի համաձայնեցված լինեն առաջին հերթին ԼՂՀ իշխանությունների հետ: Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք մտածել այդ սկզբունքները կյանքի կոչելու մասին»: Վերջին շրջանում ակտիվացել են նաեւ քննարկումներն ազատագրված տարածքներում խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորության մասին: Ինչպիսի՞ն է ԼՂ նախագահի վերաբերմունքը այս խնդրի վերաբերյալ. «Ձեր բոլոր հարցերին պատասխանը լինելու է մեկը` մինչեւ չլինենք բանակցային գործընթացում կողմ, լիարժեք կողմ, այսօրվա հնչեցրած պատասխաններն ինչ-որ չափով լինելու են դեկլարատիվ բնույթ կրող: Մենք խոսում ենք ձեզ հետ Արցախյան ճակատագրական հարցի մասին, եւ, ինչո՞ւ չէ` հայ ժողովրդի համար ճակատագրական հարցի մասին, եւ մենք չենք կարող մեզ թույլ տալ սովորական մեկնաբանություններ հնչեցնել: Ամեն ինչ կախված է` թե երբ է վերականգնվելու բանակցային գործընթացի ձեւաչափը, եւ այդ պահից մենք կսկսենք մեր պաշտոնական տեսակետները հնչեցնել»: Ի դեպ, վերջինս պատասխանել է նաեւ ՀՀ նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ի դեպքերից հետո ստեղծված իրավիճակի եւ մարտի 1-ի դեպքերին ԼՂՀ զորամիավորումների մասնակցության մասին խոսակցություններին վերաբերող հարցին: «Ես չեմ կարծում, որ առողջ դատողության տեր մեր հայրենակիցները կարող են իրենց թույլ տալ այդպիսի մեկնաբանություններ կատարել: Դա միանգամայն վիրավորական բնույթ է կրում մեզ համար»,- ասել է նա: