Բայցեւայնպես, այն պետք է փոփոխել

26/06/2005 Արմեն ԱՂԱԲԵԿՅԱՆ

Ես տնտեսագետ եմ, գիտությունների թեկնածու, եւ իմ խնդիրն էր դիտարկել այս
օրենքի կիրառման հետեւանքները Հայաստանի տնտեսական կյանքի վրա:
Դուք բերում եք Ձեր անձնական կարծիքը Հայաստանի իրավական համակարգի եւ սույն օրենքի մասին, որը ես չեմ կիսում:
Ես կոնկրետ փաստերի հիման վրա (բարեբախտաբար, դրանք դեռ բացառություններ
են) դիտարկել եմ անվճարունակության մասին օրենքի կիրառման միայն մի
ասպեկտը, երբ առաջ է գալիս մրցակցող ընկերությունների կամ խոշոր
ֆինանսաարդյունաբերական խմբավորումների կողմից կազմակերպությունների
ձեռքբերման գործընթացը, եւ նշել դրա իրականացման հիմնական ուղղություններն
ու մեթոդները:
Հաշվի առնելով, որ, ըստ իս, սնանկ ճանաչելու մասին հայցադիմում
ներկայացնելն արդեն իսկ գործնականում նշանակում է ճանաչել
կազմակերպությունը սնանկ, ուստի ես ներկայացրել էի ՀՀ Տնտեսական
դատարանում քննվող անվճարունակության հայցերի թիվը: Այստեղ ի նկատի էի
ունեցել այն, որ մինչ այժմ սնանկության հայցով որեւէ կազմակերպությունում
վերջնական ֆինանսական առողջացում չի իրականացվել, եւ դրանք վերջիվերջո
լուծարվել են:
Ինչ վերաբերում է Ձեր կողմից ներկայացված սնանկության հայցադիմումների
կառուցվածքին, ապա Անվճարունակության մասին օրենքի 7-րդ հոդվածով
սահմանվում է անձնական գույքային պատասխանատվությունը՝ դատարան դիմելու
պարտականությունը չկատարելու դեպքում, որով էլ պայմանավորված է
կառավարության ֆունկցիոնալ օղակների այդպիսի ակտիվությունը:
Կառավարչի գործունեությունն այստեղ չեմ կարծում, թե կարելի է աբսուրդ
համարել, հաշվի առնելով, որ այս դեպքում պարտատերն ու գնորդը նույն անձն
են: Եվ պարտատիրոջն ամենեւին չի հետաքրքրում իր պահանջի բավարարումը, քանի
որ այստեղ հիմնական նպատակը գույքի եւ այլ ակտիվների ձեռքբերումն է:
Այստեղ խոսքը գնում է զուտ սեփականության վերաբաշխման եւ արտադրական
հզորությունների փոշիացման մասին, որի առավել ակնառու օրինակներից են
Հայաստանի քիմիական արդյունաբերության հսկաներից՝ «Քիմռեակտիվ» ԲԲԸ-ի եւ
«Պոլիվինացետատ» ԲԲԸ-ի սնանկության գործընթացները:
Ձեր կողմից բերվում է Օրենքի 19-րդ հոդվածը, որը, ըստ Ձեզ, պարտապանին
որոշ իրավունքներ է տալիս: Այո, դատավորի կողմից հայցադիմումը վարույթ
ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ պարտապանը 7 օրվա ընթացքում
կարող է վիճարկել այն եւ գրավոր առարկություններ ներկայացնել: Բայց նույն
օրենքի 20-րդ հոդվածով սահմանվում են սնանկության անվիճելիությունը եւ
այստեղ խոսք չի գնում ո՛չ պարտապանի ֆինանսական դրության, ո՛չ նրա
ակտիվների եւ կապիտալի մեծության վերաբերյալ: Իսկ 1 ամսվա կտրվածքով կես
միլիոն ժամկետային պարտավորություն ունենալը խոշոր կազմակերպության համար
բավականին իրատեսական է: Բացի այդ, Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն,
սնանկության մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ՝
դատավորը նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ, այսպիսով՝
զրկելով կազմակերպության ղեկավարին, տնօրենների խորհրդին կամ բաժնետերերի
ժողովին կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեությունը ղեկավարելու
իրավունքից: Որով խախտվում են եւ՛ Սահմանադրությամբ վերջիններիս ամրագրված
իրավունքները, եւ՛ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի որոշ
դրույթներ:
Իսկ ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված Օրենքի 41-րդ հոդվածին, որը, ըստ
Ձեզ, նման է ԱՄՆ-ում գործող նմանատիպ Օրենքի 11-րդ հոդվածին, ապա, ի
տարբերություն վերջինիս, այս հոդվածով ընդամենը սառեցվում է պարտատերերի
պահանջների բավարարումը եւ որեւէ այլ կերպ այն չի օժանդակում
կազմակերպությանը` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Այո, ես համաձայն եմ, որ սնանկ ճանաչված կազմակերպության գույքը վաճառվում
է ուղղակի վաճառքի ձեւով կամ աճուրդային եղանակով: Սակայն այստեղ նույնպես
կան որոշակի նրբություններ` 1. Ուղղակի վաճառքի դեպքում գույքը կարող է
վաճառվել եւ շուկայական գներով, եւ մնացորդային արժեքով` ըստ դատավորի
հայեցողության: Եվ հիմնականում վաճառվում է մնացորդային արժեքով, որը
տասնյակ անգամ ցածր է տվյալ ապրանքի շուկայական արժեքից: 2. Աճուրդների
անցկացման պարագայում, որը ներկայումս լայնորեն կիրառվում է Դատական
ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, գործածվում է 20%-ի
սկզբունքը, երբ չկայացած աճուրդի դեպքում (որի պատճառները բավականին
սուբյեկտիվ են) հայտարարված կրկնաճուրդին ապրանքի գինն իջեցվում է 20%-ով,
իսկ կրկնաճուրդները կարող են լինել մի քանի անգամ: Ինչպես տեսնում եք,
այստեղ նույնպես չարաշահումներ կատարելու հնարավորությունները բավական շատ
են: Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ, որ վատ օրինակները կարող են չափազանց
վարակիչ լինել, եթե ունեն շահութաբերության բավականին բարձր մակարդակ, եւ
պետք է կարողանալ դա կանգնեցնել:
Եվ վերջապես, ներկայումս Հայաստանում գործող Օրենքը բավականին
նմանություններ ունի դեռեւս 1997-ին Ռուսաստանի Դաշնության Պետական
դումայի կողմից ընդունված Անվճարունակության մասին օրենքի հետ, որը սակայն
հասարակական ճնշման եւ միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացված
ահազանգից հետո 2002-ին հետ կանչվեց եւ փոփոխությունների ենթարկվեց: Եվ
այստեղ մեր հիմնական խնդիրն է հանդիսանում շուտափույթ բացահայտել Օրենքում
առկա բացթողումները, թերությունները, վիճելի հարցերը եւ համատեղ ուժերով
այն փոփոխության ենթարկել: Այսպիսով՝ նվազագույնի հասցնելով Հայաստանի
տնտեսական կյանքին սպառնացող վտանգը: