Ինչպե՞ս բարձրացնել գոյություն չունեցողը

12/11/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ԱԺ յուրաքանչյուր ընտրության նախաշեմին կուսակցությունների համամասնական ցուցակներ են ներթափանցում այնպիսի անուններ, որոնք խորհրդարանական քառամյա ժամկետում կամ ընդհանրապես որեւէ բանով աչքի չեն ընկնում կամ, «լավագույն դեպքում», աչքի են ընկնում այս կամ այն աղմկոտ պատմության հետ կապված:

Նման պատգամավորներից շատերն «անցողիկ» ցուցակներում հայտնվում են գրեթե բոլոր ընտրություններում` ամեն անգամ իրենց ներկայությամբ հաստատելով յուրաքանչյուր ընտրությունից առաջ շրջանառվող այն լուրերը, որ պատգամավոր դառնալը Հայաստանում կոնկրետ գին ունի, որը վճարվում է կոնկրետ կուսակցությունների կոնկրետ ղեկավարների: Սա, իհարկե, նորություն չէ Հայաստանում: Պարզապես հերթական անգամ այդ մասին հիշելու առիթն այն պնդումներն են, թե ԱԺ նախագահի փոփոխությունը պայմանավորված էր «ԱԺ դերի բարձրացման» օրհասական պահանջով: Քանի որ նույնիսկ աբստրակտ երեւակայություն ունենալու դեպքում հնարավոր չէ պատկերացնել, թե, ասենք, ինչպես պետք է բարձրանա խորհրդարանի դերը Մելիք Գասպարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հարություն Ղարագյոզյանի, Արմեն Պուրտոյանի, Մելիք Մանուկյանի եւ նման մի շարք պատգամավորներով: Այդ պատգամավորների վերաբերյալ ԱԺ-ի պաշտոնական կայքէջից տեղեկություններ ստանալու բոլոր փորձերի արդյունքում պարզվում է միայն, որ նրանց կենսագրության հիշարժան դրվագները կապված են այս կուսակցությունից այն կուսակցություն անցնելու հետ:

Օրինակ, որեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ հնարավոր է 18 տարի անընդմեջ լինել պատգամավոր, ու ոչ մի բառ չարտահայտել: Պարզվում է` հնարավոր է: Խոսքը պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի մասին է: 90-ականներից մինչեւ այսօր նա պատգամավոր է` նախ եղել է ԳԽ պատգամավոր, այնուհետեւ՝ արդեն Ազգային ժողովի: Նա այն եզակի պատգամավորներից է, որն անցած 18 տարիներին դեռեւս չի հաղթահարել ԱԺ ամբիոնին մոտենալու բարդույթը: Համենայնդեպս, նրան ոչ ոք այդ «տարածքում» չի տեսել, բայց փոխարենը նրան տեսել են եւ դեռ էլի կտեսնեն այս կամ այն կուսակցության շարքերում` նայած քաղաքական մթնոլորտին: Տարբեր կուսակցական ոլորաններով անցնելուց հետո նա այժմ (ամենայն հավանականությամբ՝ ժամանակավորապես) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, եւ այս անգամ ԱԺ-ում հայտնվել է ԲՀԿ ցուցակով, որովհետեւ ՀՀԿ ցուցակում նրա համար տեղ չի եղել: Ավելի պատկերավոր ներկայացնելու համար, թե ինչպիսի «անփոխարինելի» պատգամավոր է Հ. Ղարագյոզյանը, նշենք, որ ԱԺ կայքում նրա անունը հիշատակվում է ընդամենը երկու անգամ. մի անգամ 2004թ.` որպես ռեկորդային բացակայություններ ունեցող պատգամավորի, մյուս անգամ՝ որպես «Շահումով խաղերի մասին» օրինագծում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի համահեղինակ: Այս օրինագծի տակ էլ նրա անունը հայտնվել է զուտ այն պատճառով, որ այդ ժամանակ պետք էր «օգնել», այսինքն` լոբբինգ անել գործընկերոջ բիզնեսի ծաղկեցման համար` որպեսզի գործարար-պատգամավոր «Ջերմուկ» ՍՊԸ-ի սեփականատեր Աշոտ Արսենյանին օրենքով թույլատրվեր Ջերմուկում կազինոներ բացել: «Շահումով խաղերի մասին» օրինագիծը ճակատագրական է եղել նաեւ ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանի համար, քանի որ նրա օրենսդրական գործունեությունը եւս սկսվում եւ ավարտվում է դրանով: Նրա անվան հետ կապվող այլ օրենսդրական նախաձեռնություն գոյություն չունի: Ի դեպ, նշված օրինագծի լոբբինգին մասնակցել է նաեւ մեկ այլ գործարար պատգամավոր՝ Մանվել Ղազարյանը, ով, սակայն, երեք անգամ դառնալով ԱԺ պատգամավոր` միայն այս օրինագծի տակ չի ստորագրել. նա նաեւ «Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերակառուցման եւ վերանորոգման ծրագրի մասին» օրինագծի հեղինակ է: Ի դեպ, «Ջերմուկ» ՍՊԸ-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի 8-ամյա պատգամավորական գործունեությունն էլ է սկսվում ու ավարտվում միայն «Շահումով խաղերի մասին» օրինագծի տակ ստորագրելով. նա «աչքի» է ընկնում նաեւ նրանով, որ տարին մեկ-երկու անգամ գալիս է խորհրդարան: Մեկ այլ գործարար` «Գրեյթ Վելլի» ՍՊԸ սեփականատեր, ԱԺ երկու գումարումների պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը նույնպես «աննախադեպ» է: Նրա անունն ԱԺ կայքէջում հիշատակվում է միայն անթիվ բացակայություններ ունենալու առիթով ու ԱԺ ճեպազրույցներում: Ուրիշ ոչինչ: Հիշեցնենք, որ ճեպազրույցներում էլ նրա անունը հիշատակվել է, երբ Մոսկվայի խաղատներում երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր Արզաքանցյանը կրակոցներից վիրավորվել էր: ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանը չնայած արդեն երեք անգամ է, ինչ պատգամավոր է դարձել, սակայն նրա անունը ԱԺ կայքում հիշատակվում է միայն մեկ անգամ, երբ 2004թ. ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում քննարկվել է քվեարկությունների կեսից ավելիին բացակայած պատգամավորների հարցը: ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը, ով արդեն երեք անգամ պատգամավոր է դարձել, իր պատգամավորական փառահեղ գործունեության ընթացքում ընդհանրապես ոչինչ չի արել, բացի նրանից, որ ստիպված անդամակցում է ԱԺ այս կամ այն հանձնաժողովին: Նա բացառիկ է նույնիսկ նրանով, որ իր անունն անցած 9 տարիների ընթացքում ոչ մի օրինագծի տակ չի դրվել: Այսինքն, ինչպես ընդունված է ԱԺ-ում` ոչ ոք չի առաջարկել նրան ստորագրությամբ միանալ ինչ-որ նախագծի: Այս առումով, օրինակ, բավական լավ վիճակում են ՕԵԿ ցուցակով ԱԺ մտած պատգամավորները, որովհետեւ ՕԵԿ-ը հաճախ իր օրենսդրական նախաձեռնությունների տակ նշում է նաեւ նրանց անունները: ՕԵԿ-ի այս բարեհաճությունից նախկին գումարման ԱԺ-ում օգտվել է, օրինակ, պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ գործարանի սեփականատեր), ում անունը ՕԵԿ-ականների հետ հիշատակվում է մի քանի օրինագծերում: Սակայն նրա «օրինաստեղծ» կարիերան այդքանով ավարտվել է, քանի որ նա այս անգամ պատգամավոր է դարձել ՀՀԿ ցուցակով, իսկ ՀՀԿ-ում նման ավանդույթներ չկան: Նույնը վերաբերում է նաեւ պատգամավորներ Մելիք Մանուկյանին եւ Արշակ Մխիթարյանին, որոնք նախորդ գումարման ԱԺ-ում ՕԵԿ-ական էին, իսկ այս գումարման ԱԺ-ում` ԲՀԿ-ականներ: Նախորդ գումարման ԱԺ-ում Գրիգոր Մարգարյանի բախտն էլ էր այդ առումով բերել, որովհետեւ այն ժամանակ նա ՕԵԿ ցուցակով էր դարձել պատգամավոր, ու պոպուլիստական ՕԵԿ-ը ակամայից նրա համար էլ է մի քանի օրինագծերի տակ ստորագրել` ցույց տալու համար, որ իր պատգամավորներն օրենք գրել գիտեն: Իսկ այժմ նրա անունը հիշատակվում է միայն գործուղումների հետ կապված: Հիշեցնենք, որ այս անգամ նա պատգամավոր է դարձել ՀՀԿ ցուցակով: Երեք անգամ ԱԺ պատգամավոր է եղել նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանը, ով այդ տարիների ընթացքում ընդամենը 1-2 օրինագծի համահեղինակ է: Իսկ չորս անգամ ԱԺ պատգամավոր եղած Վոլոդյա Բադալյանի ստորագրությունն առկա է միայն մեկ օրինագծի տակ` կապված խմելու ջրի մատակարարման հետ: ՀՀԿ-ական պատգամավորներ Արմեն Պուրտոյանը («2X2» բարի եւ մի շարք այլ օբյեկտների սեփականատեր), Մելիք Գասպարյանը (մի շարք երթուղային գծերի սեփականատեր), Վահե Հակոբյանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդին) արդեն երկրորդ անգամ են ձեռք բերել իրենց մանդատները, սակայն նրանց անունները հիշատակվում են ընդամենը 1-2 օրենսդրական նախաձեռնությունների տակ: Իսկ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի անունն անցած 5 տարիների ընթացքում հիշատակվել է 1-2 օրինագծերի հետ կապված: Սակայն, պարզվում է` նրանք հարազատներով միշտ միասին են աշխատում, որովհետեւ նրա անունը հանդիպում է միայն այնտեղ, որտեղ կան Գալուստ եւ Արման Սահակյանների անունները:

ԱԺ կայքէջի «որոնում» ցանցում գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի անունները գրելուց երկար ցանկ է բերում: Սկզբում տպավորությունն այնպիսին է, թե նրանք բավական ակտիվ օրենսդրական գործունեություն են ծավալել ԱԺ-ում, սակայն, դա միայն առաջին հայացքից է, որովհետեւ նրանց դեպքում, չգիտես ինչու, բացվում է Ալեքսանյան, Սարգսյան, Սամվել, Լեւոն անուններով պատգամավորների եւ դեսպանների մասին կայքում տեղադրված տեղեկատվությունը: Այնպես որ` նրանք նույնպես այս տարիների ընթացքում ոչ մի օրենսդրական նախաձեռնության տակ իրենց անունները գրել չեն տվել: Պասիվությամբ աչքի է ընկնում նաեւ Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, ԱԺ երեք գումարումների պատգամավոր Գագիկ Աբրահամյանը, ում անունը որեւէ տեղ գոյություն չունի: Համենայնդեպս, ԱԺ կայքէջում նրա անունը գրելիս ոչինչ, բացի երեք օրինակով նրա կենսագրությունից, չի բացվում: Ա. Աբրահամյանի մյուս երկու եղբայրների մասին դեռեւս վաղ է խոսել, քանի որ նրանք միայն անցած տարի են հայտնվել ԱԺ-ում:

Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել` համոզվելու համար, որ այս գումարման ԱԺ-ին այլեւս ոչինչ չի կարող փրկել: Թերեւս ավելի հեշտ էր նշել միայն ԱԺ ակտիվ պատգամավորների անունները, որոնց թիվը աներեւակայելի քիչ է: Նշենք նաեւ, որ վերոնշյալ պատգամավորներից շատերը, որոնց անունները գրվել են այս կամ այն օրինագծի տակ` շատ դեպքերում տեղյակ էլ չեն այդ մասին, եւ երբ նրանց սխալմամբ այդ մասին հարց ես տալիս` զարմացած հարցնում են, թե իրենք ի՞նչ կապ ունեն դրա հետ: