«Փաստերը ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միակ նպատակը ոչ թե Ղարաբաղը, այլ իրենց իշխանությունը պահելն է»:
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Վերջինս հիշեցրել է, թե ինչպես էին Քոչարյանն ու Ս. Սարգսյանը նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանության գալով պետք է հանձնի Ղարաբաղը, իսկ իրենք Ղարաբաղը պահող են: Լ. Սարգսյանն ասել է, թե ընդդիմությունը դեռ ընտրությունների ժամանակ լավ հասկանում էր, որ ղարաբաղյան հարցում հայանպաստ որոշման հասնելու համար երկրին պետք է լեգիտիմ նախագահ, «սակայն իշխանությունները չցանկացան գիտակցել, թե ինչ հետեւանք կարող էին ունենալ կեղծված ընտրությունները»: «Հիմա նրանց փաստարկների բագաժը սպառված է, եւ նրանք գնալու են զիջումների»,- երեկ հայտարարել է Լ. Սարգսյանը` նշելով, որ հենց դա է պատճառը, որ ընդդիմությունն այս պայմաններում իրեն «զուսպ է պահում, որպեսզի Հայաստանը հանդես գա առավելապես շահեկան դիրքերից, եւ բանը չհասնի 7 շրջանները կորցնելուն»: «Ամեն գնով պետք է փորձենք պահել այն, ինչն արյամբ է ձեռք բերվել»,- ասել է նա: Իսկ ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը` խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում ստորագրված հռչակագրի մասին, հայտարարել է, որ այդ փաստաթղթով ԼՂ-ն դուրս մղվեց բանակցություններից՝ որպես հակամարտության ինքնուրույն կողմ: «Ծեծուջարդով ու բռնություններով անցկացված նախագահական ընտրությունները միջազգային կառույցները «մեկ քայլ առաջ» էին գնահատում, որովհետեւ վերցնելու բան ունեին, եւ նրանք դա հիմա ստանում են»,- ասել է Գ. Եղիազարյանը` նշելով. «Ղարաբաղի հարցը պետք է լուծի միմիայն Ղարաբաղի ժողովուրդը, ոչ թե Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը»: Հարցին, թե իր համար ընդունելի՞ է արդյոք այս պայմաններում ընդդիմության հանրահավաքների ժամանակավոր դադարեցումը, Գ. Եղիազարյանը դրական է պատասխանել` ասելով. «Մենք ժամանակ ենք տվել հանգիստ մտածելու եւ գործելու, սակայն հանգիստ չենք դիտելու, թե ինչպես են հանձնում Ղարաբաղը»: Իսկ ՍԴՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նույն ասուլիսում հայտարարել է, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը փորձում են լուծել այն առաջարկներով, որ առկա են այսօր, «դա նշանակում է, որ միջազգային հանրությունն ական է դնում Կովկասում, եւ այն կպայթի ցանկացած պահի, որ ցանկանում է այդ հանրությունը»: Անդրադառնալով «մադրիդյան սկզբունքներին»՝ Վ. Շիրխանյանն ասել է, թե անհասկանալի է` ինչ փոխզիջումների մասին է խոսքը` հողը՝ հողի՞ դիմաց, ճանապարհը՝ ճանապարհի՞, թե՞ փողը՝ փողի: Վ. Շիրխանյանը հայտարարել է, թե այդ պայմաններում անընդունելի է նաեւ խաղաղապահների մասին խոսակցությունը: Ըստ նրա, խաղաղապահները պետք է ներկայացնեն տարբեր երկրներ, եւ հայ-ադրբեջանական շփման գծում պետք է ամեն մեկը հետապնդի իր պետության շահը: Պաշտպանության նախկին փոխնախարարն ասել է, որ խաղաղապահների առումով 1998 թվականին քննարկվում էր տարբերակ, ըստ որի՝ դրանց հիմնական մասը պետք է լիներ թուրքական զորամիավորումը: Ըստ Շիրխանյանի, այդ տարբերակը մինչեւ այժմ էլ քննարկվում է: ՍԴՀԿ անդամը հայտարարել է նաեւ, որ եթե ԼՂ հարցի կարգավորումն ընթանա ներկայումս քննարկվող առաջարկի հիման վրա, ապա կսկսվի պատերազմ, որը կլինի առավել դաժան, քան առաջինը: Առաջ անցնելով՝ Վ. Շիրխանյանն ասել է, թե այդպիսով միջազգային հանրությունը չի բավարարվի միայն այդ պատերազմով եւ Կովկասը փաստացի կդարձնի արաբաիսրայելական գոտու նման մշտական հակամարտությունների տարածաշրջան, ինչը կբխի գերտերությունների շահից: Այդ տեսանկյունից Վ. Շիրխանյանը գտնում է, որ Ղարաբաղի ժողովուրդը եւ իշխանությունը պետք է հստակ իրենց դիրքորոշումն արտահայտեն կարգավորման ներկայիս առաջարկների վերաբերյալ: Իսկ իրավիճակի նման լրջության պայմաններում ինչո՞ւ է ԼՂ իշխանությունը կրավորական կեցվածք ընդունել եւ, ըստ էության, չի հստակեցնում իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի հանդեպ: Այս հարցին ի պատասխան՝ Վ. Շիրխանյանը պատմել է մի պատմություն: Պաշտպանության նախկին փոխնախարարը հիշել է. Վազգեն Սարգսյանը Շիրխանյանին պատմել է, որ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը նրան (Վ. Սարգսյանին) ասել է, որ միջազգային հանրությունը ներկայացնում է Ղարաբաղի հարցի լուծման մի տարբերակ, որով Հայաստանին են անցնելու նաեւ Անին եւ Արարատ լեռը: Դրանից ելնելով՝ Վ. Շիրխանյանը ենթադրել է, որ գուցե այդպիսի մի արժեքավոր խոստում էլ տվել են Բակո Սահակյանին, դրա համար էլ նա լռություն է պահպանում:
Ի դեպ, լրագրողները Վ. Շիրխանյանին հարցրել են նաեւ, թե տեղյակ չէ՞ արդյոք՝ Վազգեն Սարգսյանն այն ժամանակ ինչպես է արձագանքել Ռ. Քոչարյանի ասածին` հավատացե՞լ է արդյոք նրան, թե՞ ոչ: «Ցավոք, Վազգենը հավատացել էր Քոչարյանին»,- հայտարարել է Վ. Շիրխանյանը, նշելով, թե դրա պատճառը եղել է այն, որ Քոչարյանի ասած տարբերակը Վազգենին է ներկայացվել շատ գեղեցիկ ու հրապուրիչ փաթեթավորումով, դրսից տրված խոստումներով: