Ճգնաժամային երջանկություն

12/11/2008

Տասը բրիտանացիներից ինն իրենց երջանիկ են համարում` չնայած տնտեսական ճգնաժամին, աճող գործազրկությանը եւ բնակարանի շուկայում տիրող անկայունությանը: Այդ մասին վկայում են Մեծ Բրիտանիայի կառավարության պատվերով անցկացված հետազոտության եզրակացությունները: Հետազոտությունն այս տարվա օգոստոսին Ազգային սոցիալ-մարկետինգային կենտրոնի եւ Լոնդոնի Համալսարանական քոլեջի մասնագետների կողմից անցկացվել է 1994 չափահաս բրիտանացիների շրջանում: Հարցվածների մոտ 90 տոկոսն իրենց երջանիկ են համարել, իսկ 70 տոկոսը նշել է, որ լավատեսորեն է նայում ապագային: Ուսումնասիրությունը նաեւ հաստատել է լավատեսության մակարդակի ուղղակի կախվածությունը մարդկանց եկամուտների մակարդակից: Տարեկան ավելի քան 30 հազար ֆունտ ստեռլինգ եկամուտ ունեցող բրիտանացիներն ավելի հաճախ են (դեպքերի 80 տոկոսը) լավատեսություն հայտնում, քան պակաս եկամուտ ունեցող մարդիկ: Տարեկան 17,5 հազար ֆունտից պակաս վաստակողների շրջանում լավատեսները միայն 66 տոկոս են կազմում: Հետազոտության հեղինակ Ալեքս Քրիստոպուլոսը նշել է, որ այսօր դրա արդյունքները կարող էին փոքր-ինչ այլ լինել, քանի որ օգոստոսին, թեեւ տնտեսական ճգնաժամը զգացվում էր, բայց ոչ այնպես ուժգին, ինչպես հետագա ամիսներին: Բացի այդ, նրա խոսքով` օգոստոսին Մեծ Բրիտանիայի բնակչությունն ազգային ոգեւորություն էր ապրում Պեկինի Օլիմպիադայում բրիտանացի մարզիկների աննախադեպ հաջող ելույթի առթիվ: «Հետաքրքիր կլիներ այդ հետազոտությունը կրկնել այժմ, թեեւ, ընդհանուր առմամբ, այսօրինակ հարցումների արդյունքները կայուն մնալու միտում ունեն»,- ասել է Քրիստոպուլոսը: