Հովհաննես Զարդարյանի ցուցահանդեսը

12/11/2008

Նկարիչների միության շենքում բացվել է նկարիչ Հովհաննես Զարդարյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպվել է նկարչի 90-ամյա հոբելյանի առիթով։ Թեեւ նկարիչը բազմիցս է ցուցադրվել տարբեր երկրներում, սակայն այսքան ամբողջական նրա գործերը երբեք ներկայացված չեն եղել։ Ցուցահանդեսին ներկայացված են «Մայրություն», «Կակաչներ», «Աղբյուր», «Պլեադներ» շարքերը, որոնց նկարիչն անդրադարձել է իր ողջ կյանքի ընթացքում։ Բնավ էլ նպատակ չունենալով ավարտել իր գեղանկարչական շարքերը՝ նա կարծես ոչ մի տեղ չի շտապել, պարբերաբար վերադարձել է իր ընտրած թեմաներին, վերափոխել ու շարունակել դրանք։ Նկարչի թոռը՝ Փարիզում ապրող նկարիչ ու դիզայներ Արեգ Այվազյանը, պատմում է, որ իր պապը փակվում էր Բյուրականում գտնվող իր առանձնատանն ու աշխատում էր։ Հովհաննես Զարդարյանի աշխատանքներում տեսնում ես այն անշտապ ջերմությունն ու մաքրությունը, որը զերծ է կոնյունկտուրայից ու շատ գեղեցիկ է։ Կարսում ծնված նկարիչը որոշ ժամանակ ապրել է Թիֆլիսում, սովորել է Ռուսաստանում ու վերջնականորեն հաստատվել է Հայաստանում։ Հովհաննես Զարդարյանը շատ ինքնատիպ ու նուրբ գեղանկարիչ է, որի ստեղծագործությունները դեռ սպասում են իրենց բացահայտմանը։