Հնդկացի գրող Սալման Ռուշդիի «Կեսգիշերվա զավակները» վեպը շուտով էկրանավորվելու է կանադուհի ռեժիսոր Դիպա Մետայի կողմից։ Այժմ բանակցություններ են ընթանում մի քանի հոլիվուդյան ստուդիաների հետ։ 1981 թվականին լույս տեսած այդ վեպը շատ մեծ արձագանք է ստացել աշխարհում, այն շատ նրբորեն ու ինքնահեգնանքով պատկերում է Հնդկաստանի մի քանի պատմական շերտերը։ Սալման Ռուշդիի շնորհիվ աշխարհն իմացավ հարուստ ու խճճված անցյալ ունեցող, բազմազգ Հնդկաստանի մասին, տեղեկացավ նրա երազանքների ու կորուստների մասին։ Վեպի հերոսները, որոնք ծնվում են Հնդկաստանի՝ իր անկախությունը հռչակելու պահին, դառնում են նոր Հնդկաստանի խորհրդանիշները։ Սակայն ժամանակը, որը սովորաբար փշրում ու փոշիացնում է երազանքները, նաեւ՝ քայքայում է այդ հերոսների մարմինները։ Անկախ պետությունների կյանքում առաջացած ճեղքերը բառիս բուն իմաստով ճեղքում են մարդկանց էությունները։ «Կեսգիշերվա զավակները» ֆիլմը, որի սցենարը գրելու է հենց վեպի հեղինակը, էկրաններին կբարձրանա 2010 թվականին։