Ճապոնական «Fujitsu» ընկերությունը հայտարարել է դյուրակիր համակարգիչ թողարկելու մասին, որը հատուկ նախատեսված է 60-ից բարձր տարիքի մարդկանց համար: Այդ մասին հաղորդել է «ՖրանսՊրես» գործակալությունը` վկայակոչելով ընկերության արած հայտարարությունը: Ներկայումս նոութբուքերի վաճառքը, որն առայժմ կրում է «raku raku pasokon» («պարզ անհատական համակարգիչ») անվանումը, ծրագրվում է միայն Ճապոնիայի տարածքում: Ըստ վիճակագրության տվյալների` 60-ից բարձր տարիքի ճապոնացիների միայն կեսն է օգտվում համակարգիչներից, ինչը բացատրվում է նրանով, որ մարդիկ չեն ցանկանում աշխատել «խելացի» եւ, ոմանց կարծիքով, օգտագործման առումով բարդ տեխնիկայի հետ: Գործակալությունը նաեւ հաղորդում է, որ Ճապոնիայի բնակչության ավելի քան 20 տոկոսը 65-ից բարձր տարիքի մարդիկ են, բայց նորույթը կարող է գրավել նաեւ ավելի տարեցներին. ըստ կառավարական տվյալների` երկրում 100-ից բարձր տարիքի ավելի քան 36 հազար բնակիչ կա: Նաեւ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդիկ կկարողանան առանց դժվարության սովորել աշխատել «պարզ» եւ կոմպակտ անհատական համակարգչով` տանից դուրս չգալով եւ չհաճախելով որեւէ դասընթացի: «Fujitsu»-ն չի բացահայտում նոր արտադրանքի բոլոր գաղտնիքները, բայց հաղորդում է նորույթի մի քանի առանձնահատկությունների մասին: Օրինակ, առավել հաճախ օգտագործվող ստեղները ստեղնաշարի վրա առանձնացված են գույնով, իսկ այդ կոճակների վրա նշանները ներկայացված են առավել խոշոր տառերով: Նոր համակարգիչը հագեցած է դրանից օգտվողներին օգնելու բարելավված համակարգով եւ մի շարք ուսուցանող ծրագրերով: Համակարգչի մենյուն նույնպես անսովոր է: Օրինակ, ամենից շատ օգտագործվող ծրագրերը (էլեկտրոնային փոստի ստուգումը եւ Ինտերնետը) լուսավորվելու են որոշակի գույնով, ինչը «սկսնակներին» թույլ չի տա մոլորվել եւ կօգնի արագորեն գտնելու այն, ինչ իրենց հարկավոր է: «Fujitsu»-ի հայտարարության մեջ ասված է, որ նոութբուքին կարելի է միացնել հեռախոս եւ մեկ տարվա ընթացքում օգտվել հատուկ անվճար հեռախոսագծից: Առայժմ ընկերությունը չի հաղորդում, թե երբ վաճառքի կհանվի նորույթը: