Դուդուկահար Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված նոյեմբերի 11-ին կայանալիք համերգին, որը տեղի է ունենալու Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, ելույթ են ունենալու համաշխարհային ճանաչում ունեցող արտասահմանցի մի շարք երաժիշտներ:
Արդեն Հայաստանում են Զուկկերոն (Zucchero), «Ալան Փարսոնզ Լայվ Փրոջեքթը» (Alan Parsons Live Project) եւ «Փլանեթ X»-ը (Planet X): Երեւան են գալու նաեւ Պեդրո Էուստաչեն, Անդրեաս Վոլենվեյդերը, Բորիս Գրեբենշչիկովը, Եվգենի Պետրոսյանը եւ այլ արտիստներ:
Համերգի կազմակերպիչ, «Քոնսուլար» ընկերության նախագահ Գարիկ Իսրայելյանը երեկվա ասուլիսում ասել է, թե հրավիրելով աշխարհահռչակ երաժիշտներին՝ նպատակ ունեն մեկ օրում նույն տեղում կազմակերպել «անմոռաց հոբելյանական միջոցառում», որտեղ հանդիսատեսին կներկայացվեն երաժշտական տարբեր ոճեր՝ ծանր, դասական ռոքից մինչեւ ազգային, ժողովրդական երաժշտություն: Անդրեաս Վոլենվեյդերն էլ ասել է, թե իր համար մեծ պատիվ է մասնակցել հայազգի մեծ դուդուկահարի հոբելյանական համերգին, ով բազամաթիվ անգամ գրավել է իրեն դուդուկի աննման կատարումներով: Իսկ երաժիշտ Պեդրո Էուստաչեն նշել է, որ շատ անգամներ առիթ է ունեցել նվագելու «պաշտոնական համերգներում նախագահների ներկայությամբ, սակայն Ջիվան Գասպարյանին նվիրված համերգում հանդես գալը կրկնակի հաճույք է»: «Ջիվանն ինձ հանդիպած լավագույն արվեստագետներից ու մարդկանցից է, ում մեծությունը զիջում է միայն նրա համեստությանը»,- ասել է նա` հավելելով, թե աշխարհում ընդունված է, որ դուդուկ նվագել սովորում են Ջիվան Գասպարյանից: Ամերիկաբնակ երաժիշտ Դեյվիդ Շիրինյանի խոսքով, նախագծելով «Ճակատագրի նախերգանքը» երաժշտական նախագիծը՝ հետագայում ներառել է նաեւ Ջիվան Գասպարյանին, իսկ այսօրվա համերգին այդ համատեղ նախագծում հանդես կգա արդեն կրտսեր Ջիվան Գասպարյանի հետ: Որպես համերգաշարի մաս, Զուկկերոն, «Ալան Փարսոնզ Լայվ Փրոջեքթը» եւ «Փլանեթ X»-ը համաձայնել են հանդես գալ հավելյալ համերգներով: Իտալացի ռոք երգիչ եւ միջազգային գերաստղ Զուկկերոն համերգով հանդես կգա նոյեմբերի 12-ին` իր «Ողջ լավագույնը» ծրագրով համաշխարհային շրջագայության շրջանակներում: Հաջորդ օրը Հայաստանում իր առաջին համերգով հանդես կգա «Ալան Փարսոնզ Լայվ Փրոջեքթը», որին կհաջորդի ստեղնահար Դերեք Շերինյանը եւ նրա նոր խումբը` «Փլանեթ X»-ը: