12 տարի անց

12/11/2008

Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման օր: 1996 թվականի նոյեմբերի 10-ին տեղի են ունեցել ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները: Այդ առիթով երեկ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունում կազմակերպվել է կլոր սեղան` «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. անցած ուղին եւ հեռանկարները» խորագրով: Կլոր սեղանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշել է, որ մի կողմից 12 տարին ոչ քիչ ժամանակահատված է, մյուս կողմից էլ` ոչ բավարար, որպեսզի ստացվի կառավարման համակարգի կատարյալ ձեւաչափ: «Այսօր մենք ունենք ամբողջական մի իրավական դաշտ, որը հնարավորություն է տալիս նորմալ գործելու, աշխատելու: Ինչպես նաեւ՝ ունենք ձեւավորված այն հիմնական մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին պետության հետ փոխհարաբերությունները զարգացնել կառուցողական ճանապարհով»,- ասել է Ա. Գեւորգյանը: Իսկ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ մշակվել են համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգային մոտեցումներ: Գործընթացն իրականացվելու է փուլ առ փուլ: Վ. Տերտերյանի խոսքով, պետք է ճիշտ գնահատել որդեգրած մոտեցումները: «Կան համայնքներ, որոնք սակավաթիվ բնակչություն ունեն, իսկ որոշ համայնքներ չեն կարողանում օրենքով սահմանված լիազորություններին համապատասխան, ընկալելի բյուջե ձեւավորել: Մի շարք համայնքներ էլ, կարծես, ամառանոցային լինեն, այսինքն` բնակավայրեր են, որտեղ գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված մարդիկ գալիս են ամռանը, սակայն ձմռանը որպես համայնք այն գոյություն չունի: Միավորումը պետք է սկսել այդ կարգի համայնքներից»,- ասել է Վ. Տերտերյանը: