Մինչ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը պարբերաբար ժամկետներ է
սահմանում Վանաձորի Քիմգործարանի վերագործարկելու վերաբերյալ,
ձեռնարկության գույքը «մանրից» աճուրդի է հանվում։ Ահավասիկ, վանաձորյան
մամուլում տպագրվել է մի պատկառելի ցուցակ՝ «Վանաձորի Քիմգործարան ՇՄՎ
ԴՁ-ի (Շինմոնտաժային վարչություն դուստր ձեռնարկություն)»
անվճարունակության գործով կառավարչի կողմից հուլիսի 6-ին Գյումրիի
Տնտեսական դատարանի շենքում ձեռնարկության՝ սեփականության իրավունքով
պատկանող գույքի աճուրդ-վաճառք անցկացնելու վերաբերյալ (ընդ որում,
կրկնակի աճուրդն է)։ Հետաքրքիր է, թե մինչեւ ե՞րբ պետք է Վանաձորում սնանկ
ճանաչված ձեռնարկությունների գույքի աճուրդ-վաճառքը կայանա Գյումրիի
Տնտեսական դատարանում։ Չէ՞ որ Վանաձորում նույնպես տնտեսական դատարան
գոյություն ունի։ Տվյալ պարագայում առավել հետաքրքիր (եթե ոչ՝ զավեշտական)
է այն, որ աճուրդի հանված գույքը գտնվում է… անբավարար վիճակում, ինչին
ծանոթանում ենք գույքի ցուցակն ուսումնասիրելիս։ Այսպես. «Թթվածնի բալոն 2
հատ անբավարար», «մանկական ունիտազ՝ 1 հատ բավարարից ցածր», «բազմոց՝ 1
հատ անբավարար», «հակահրդեհային փական՝ բավարարից ցածր», «թուջե խողովակ՝
չուգուն, բավարարից ցածր», եւ այլն։ Հետաքրքիր է, թե ի՞նչ դեր է կատարելու
անբավարար վիճակում գտնվող թթվածնի բալոնը՝ թթվածնի անհրաժեշտության
դեպքում, կամ՝ «բավարարից ցածր» վիճակում գտնվող փականները։ Միաժամանակ
հարց է ծագում, թե ո՞վ պետք է Վանաձորից Գյումրի հասնի՝ անպետք իրեր
գնելու համար, եթե վանաձորյան «սեւ շուկան» էլ հեղեղված է
տնտեսական-կենցաղային ապրանքներով՝ առավել բարվոք վիճակում գտնվող, որոնց
գնելու ժամանակ ոչ «աճուրդի մասնակցության կանխավճար» է պահանջվում, եւ ոչ
էլ՝ «նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր», ավելացրած՝
Վանաձոր-Գյումրի ճանապարհածախսը։