Նոյեմբերի 14-ից մինչեւ դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում արգելվել է Սեւանա լճում բոլոր ձկնատեսակների եւ խեցգետնի որսը: Այս մասին «Panorama»-ի հետ զրույցում ասել է Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների պահպանության գործակալության պետ Արտաշես Զիրոյանը: Նրա խոսքով, ժամանակաշրջանը որոշվել է սիգի, իշխանի ու խեցգետնի ձվադրման ժամկետներից ելնելով: «Այս մասին խորհրդակցություն ենք անցկացրել Գեղարքունիքի մարզում: Քննարկմանը ներկա էին բոլոր շահագրգիռ կողմերը` «Սեւան» ազգային պարկի ներկայացուցիչները, մարզպետարանի, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու, իհարկե, նախարարության ներկայացուցիչները: Ձկնորսության արգելքի հիմնական նպատակը արդյունագործական ձկնորսությունից զերծ մնալն է»,- նշել է Ա. Զիրոյանը` ավելացնելով, որ միաժամանակ արգելվում է ձկնորսությունը Սեւան թափվող գետերում: Բացի ձկնորսության արգելքը, ըստ Ա. Զիրոյանի, խորհրդակցության ժամանակ որոշվել է նոյեմբերի 14-ից լիճը մաքրել բոլոր տեսակի որսացանցերից, լողամիջոցներից, որսագործիքներից, իսկ լճի ափերը` ձկնորսական նշանակության վագոն-տնակներից եւ ժամանակավոր շինություններից: «Հաջորդ կարեւոր խնդիրը, որը նույնպես որոշվեց իրականացնել, Սեւանը գոտեւորող բոլոր անտառային ճանապարհների փակումն ու հսկիչ կետերի տեղակայումն էր, դրանից բացի՝ նշանակվելու է շուրջօրյա հերթապահություն` մշտական կապ պահպանելով իրավապահ մարմինների հետ ու, որ առավել կարեւորն է, արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների ու լողամիջոցների մուտքը Սեւանա լիճ»,- ասել է նա: Իսկ այդ ժամանակահատվածում, ըստ նրա` մայրաքաղաքի ու մարզերի շուկաներում կազմակերպվելու են ձկնատեսակների ու խեցգետնի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր, որոնք իրականացվելու են տեսչության ու Ոստիկանության համատեղ ուժերով: