«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագիրը»,- երեկ կայացած ասուլիսում ասել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ըստ որի` դրա հիմքում դրված են կարեւոր այնպիսի սկզբունքներ, որոնք լուրջ հնարավորություններ են ստեղծում բանակցությունները կառուցողական ճանապարհով տանելու համար:
Նրա խոսքերով, կողմերը եկել են համաձայնության, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի, այլ ֆորմատ չկա բանակցությունները վարելու համար: Փաստաթղթում արձանագրված է այն հանգամանքը, որ հանուն տարածաշրջանային կայունության, խաղաղության կողմերը կողմնակից են հարցը բանակցությունների ճանապարհով լուծելուն: «Բանակցությունները պետք է շարունակվեն միջազգային իրավունքի նորմերով, որն ասելով` մենք հասկանում ենք ԵԱՀԿ հիմնարար սկզբունքները»,- ասել է Ա. Սաֆարյանը: