Գյուլն էլի «աջակցում» է

12/11/2008

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Երեկ նման տեղեկատվություն է հաղորդել թուրքական «Զաման» թերթը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին: Ըստ թերթի, նման առաջարկ Գյուլն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախօրեին Անկարայում կայացած հանդիպման ժամանակ: Նույն աղբյուրի համաձայն, Ալիեւը դրական է արձագանքել Թուրքիայի նախագահի առաջարկին: Իսկ վերջինս առաջիկայում նույն առաջարկը կփոխանցի Հայաստանին: Հանդիպման հնարավոր վայր է համարվում Ստամբուլը, իսկ ժամկետները կորոշվեն ավելի ուշ:

«Զամանը» գրում է, որ այդ հանդիպումը կարող է կայանալ մի քանի ամսվա ընթացքում: Ի դեպ, այս տեղեկատվության իսկության մասին է խոսում այն հանգամանքը, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Զամանին» տված հարցազրույցում չի հերքել դա: Ավելին` նա ասել է, որ հանդիպման օրակարգը կորոշի ընդունող երկիրը: «Ալիեւի եւ Սարգսյանի բանակցությունները չեն սահմանափակվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների քննարկմամբ»,- հայտարարել է Մամեդյարովը` նշելով, որ այդ հանդիպման ընթացքում կարող են քննարկվել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, օգոստոսին Թուրքիայի կողմից առաջադրված Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը: