Երեկ առավոտյան մոտ 150 անհատ տաքսիների վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք հավաքվել էին «Տէցի կրուգի» մոտ, որպեսզի այդտեղից ավտոմեքենաների երթով շարժվեին դեպի ՀՀ Կառավարություն եւ հանդիպեին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ոստիկանության աշխատակիցները եւ կարմիր բերետավորները, սակայն, թույլ չեն տվել տաքսիստներին առաջ շարժվել՝ ասելով, որ իրենք պետական մարմիններից կպարզեն վարորդներին հուզող հարցի պատասխանը (նկատենք, որ սա Ոստիկանության գործառույթների մեջ, մեղմ ասած, չի մտնում): Սակայն մինչեւ ժամը 13:00-ն որեւէ պատասխան չտալով, ոստիկանները վարորդներին ստիպել են ցրվել` սպառնալով, որ հակառակ դեպքում բռնի ուժով նրանց կհեռացնեն: Այդուհանդերձ, բողոքի ակցիային մասնակցող մեծ թվով տաքսիների վարորդներ առանձին-առանձին գնացել են Հանրապետության հրապարակ, եւ շուրջ 100 տաքսի 20 րոպե կանգնել է Կառավարության շենքի դիմաց: Սակայն ոստիկանները նույնպես հայտնվել են Հանրապետության հրապարակում եւ ոտքերով խփելով տաքսիստների մեքենաներին` ստիպել են հեռանալ: «Քացիներ մեքենաներին» օպերացիան ղեկավարել է ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, «Բազազ» մականունով Ռոբերտ Մելքոնյանը, ով հայտնի է Հյուսիսային պողոտայում կազմակերպվող քաղաքական զբոսանքի մասնակիցներին ծեծելու իր անհագուրդ մոլուցքով: Իսկ տաքսիների վարորդները ոչ թե «հոգեխանգարված» են եղել, ինչպես հավանաբար թվացել է ոստիկաններին, այլ բողոքել են նախօրեին` Տրանսպորտի եւ կապի նախարարության սկսած դեղին համարանիշեր չունեցող տաքսիների նկատմամբ սկսած վերահսկողության կապակցությամբ: Հիշեցնենք, որ տաքսի ծառայությունների եւ անհատ տաքսու վարորդների դեմ «արշավը» կառավարությունը սկսել էր դեռ տարեսկզբից: Սակայն գարնանը` ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով, կառավարությունը գործնականում չկիրառեց նրանց կողմից վճարվող հարկերը մի քանի անգամ ավելացնող որոշումը: Հավանաբար՝ մտածելով, որ այդ վտանգն արդեն անցել է` կառավարությունը որոշել է փոխհատուցել բաց թողնվածը: