ՀՀ կառավարությունում ավարտվել է 2009թ. բյուջետային հատկացումների վերաբերյալ պատգամավորներից առաջարկներ ընդունելու առաջին փուլը: Իսկ ԱԺ-ից ստացված առաջարկների մեջ կան բավականին հետաքրքիր նախաձեռնություններ: Նախ հիշեցնենք, որ մի խումբ պատգամավորներ առաջարկել էին 2009 թ. կրկնակի բարձրացնել իրենց եւ ընդհանրապես ղեկավար մարմինների աշխատավարձերը: 2 շաբաթ առաջ ԱԺ-ում ընթացող բյուջեի քննարկումների ժամանակ այդ առաջարկը չէր քննարկվում, այն դեռ ընդգրկված չէր 2009թ. ծախսերի մեջ: Առաջարկը կքննարկվի ԱԺ հաջորդ լիագումար նիստի ժամանակ: Նախաձեռնության հեղինակներից ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իրենք առաջարկել են բարձրացնել ոչ միայն պատգամավորների ու մյուս բոլոր պաշտոնյաների, այլեւ ընդհանրապես նվազագույն աշխատավարձի շեմը: 2009թ. բյուջեով նախատեսված է, որ հաջորդ տարի մեր երկրում նվազագույն աշխատավարձը 5000 դրամով պետք է բարձրանա եւ 25.000 դրամի փոխարեն՝ դառնա 30.000 դրամ: Նախաձեռնող խումբն առաջարկել է նվազագույն աշխատավարձն ավելացնել եւս 10.000 դրամով: Եվ եթե կառավարությունն ընդունի այս առաջարկը, 2009թ. նվազագույն աշխատավարձը կդառնա 40.000 դրամ: Բացի այդ, նախաձեռնող խումբն առաջարկել է 30 տոկոսով բարձրացնել քաղծառայողների աշխատավարձի բազային շեմը: Այն ներկայումս 40.000 դրամ է. եթե առաջարկն ընդունվի, կդառնա 52.000 դրամ: Ա.Մինասյանը տեղեկացրեց, որ այս բոլոր բարձրացումների համար բյուջեից կպահանջվի լրացուցիչ մոտ 13 մլրդ դրամ, որից 1,6 մլրդ դրամը բաժին կհասնի մոտ 300 ղեկավար պաշտոնյաներին` պատգամավորներին, նախարարներին, փոխնախարարներին, մարզպետներին եւ այլոց: Հիշեցնենք, որ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էր դժգոհ, որ ցածր են իր աշխատողների աշխատավարձերը: Եվ ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն առաջարկել է օմբուդսմենի գրասենյակի պահպանման համար 2009թ. բյուջեում նախատեսել 167 մլն 954 հազար 900 դրամ:
Մեկ այլ առաջարկ վերաբերում է ԱԺ հայտարարությունների հեռարձակմանը, որի համար եւս բյուջեից գումար է հատկացվում: Առաջարկվել է հեռարձակման իրավունքը տալ ոչ թե Հանրային հեռուստատեսությանը, այլ դա ցուցադրող հեռուստաընկերության ընտրության համար մրցույթ հայտարարել: Եվ որ հեռուստաընկերությունը կշահի մրցույթը, նա էլ կհեռարձակի պատգամավորների` տարվա կտրվածքով 36 ժամ տեւող հայտարարությունները: Առաջարկվել է այդ նպատակով Հանրայինին հատկացվող 15 մլն դրամն առանձնացնել եւ տալ մրցույթը շահող հեռուստաընկերությանը: Այս առաջարկի պատճառն այն է, որ 3 տարի առաջ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական էր ճանաչվել ԱԺ կանոնակարգ-օրենքի այն նորմը, որով հենց Հանրայինը պետք է հեռարձակի պատգամավորների հայտարարությունները: Առաջարկ է եղել նաեւ ավելացնել ԼՂՀ-ին տրվող միջպետական վարկի չափը եւ 33 մլրդ դրամի փոխարեն՝ դարձնել 34,5 մլրդ դրամ: