Շուրջ 5 ամիս է, Վանաձորի Կ. Դեմիրճյան 26 շենքի շքամուտքերից մեկի
միջնապատը սկսել է փլվել՝ ռեալ վտանգ հանդիսանալով շենքի հիմքերը խախտելու
համար։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ չբնակեցվող բնակարանների
ջրատար խողովակների անսարքության պատճառով հերթական վթարը տեղի ունեցավ,
որի հետեւանքով շքամուտքի միջնապատը սկսեց խոնավանալ՝ նպաստելով ծեփի
քայքայմանը։ Խողովակների անսարքությունը վերացվեց բնակիչների ուժերով,
բայց այնքանով, որ մի քանի օր անջուր մնալուց հետո ջրամատակարարումը
վերականգնվեց, սակայն միջնապատի սվաղման աշխատանքները, որ, ենթադրվում է,
թե պետք է անեին բնակտնտեսության աշխատողները, այդպես էլ չարվեցին, ինչը
նպաստեց միջնապատի դանդաղ քայքայմանը՝ պարբերական խոնավացման հետեւանքով,
ինչն էլ ջրատար խողովակների անբավարար վիճակի արդյունք է։ Միջնապատի՝
յուրաքանչյուր խոնավացումից եւ դրա արդյունքում ծեփը պարբերաբար թափելուց
հետո բնակիչները ջանասիրաբար մաքրում են տարածքը, իսկ արդեն առավել
խորությամբ քայքայվող պատն այդպես էլ չի նորոգվում։ Այժմ սկսել են թափվել
միջնապատի քարերը։ Բնակիչները քանիցս ահազանգել են համապատասխան
մարմիններին, սակայն բողոքները մնացել են «ձայն բարբառոյ», քանի որ այդ
մարմինների համար, թերեւս, նախընտրելի է շենքը դիտարկել որպես 3-րդ
աստիճանի վնասվածություն ունեցող, իսկ այդ կարգի շենքերում, իբր, «կապիտալ
կամ ընթացիկ նորոգումներ» չեն արվում։ (Չղջիկի եւ մկան պատմությունն է,
երբ հարցը վերաբերում է շենքում գազատար խողովակներ տեղադրելուն, այն
դիտարկվում է որպես «ոչ վթարային», իսկ երբ հարցը վերաբերում է
նորոգումներին, ապա այն դասվում է «ամրացման ենթակա» շենքերի շարքին)։
Ի դեպ, այս տարածքը սպասարկող համատիրության գոյության մասին բնակիչներն
իմանում են միայն այն ժամանակ, երբ որեւէ պետական տոնի առթիվ շքամուտքում
շնորհավորական ուղերձ է փակցվում։ Առաջիկայում այդ կարգի տոն չկա, եւ, ըստ
այդմ, հույս էլ չկա, թե ուղերձ փակցնողները կնկատեն, թե ինչպես է դանդաղ
փլվում երկրաշարժից հետո անգամ կանգուն մնացած շենքի միջնապատը։
…Հետաքրքիր է, թե ո՞ւր են գնում համատիրությունների զարգացմանն ուղղված
գումարները. չենք կարծում, թե դրանք առավելապես այդ համատիրությունների
զարգացմանը նվիրված սեմինարներով «փոշիացնելու» նպատակին են ուղղվում։