«Նվեր» մարտական ընկերոջը

12/11/2008

Երեկ, այսպես կոչված, «7-ի գործով» փաստաբանական խումբը երկրորդ միջնորդությունն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը:

Այս գործի շրջանակներում մեղադրվող Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի ու Ալեքսանդր Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանը տեղեկացրեց, որ պահանջել են պաշտոնական կողմին ներկայացնել այդ քրեական գործի բոլոր իրեղեն ապացույցները: «Վնասվածք ստացած ոստիկանների մարմնից բժշկական միջամտության արդյունքում հանվել են բեկորներ, եւ դրանք իրեղեն ապացույց են ճանաչվել: Մենք ուզում ենք ծանոթանալ նաեւ այդ բեկորների հետ կապված զննության արդյունքներին, փորձաքննությունների եզրակացություններին՝ մասնավորապես պարզելու, թե այդ բեկորներն ի՞նչ մետաղական բաղադրություն ունեն: Մինչ օրս մեզ չեն տրամադրել տուժողների ներկայացուցիչների ցուցմունքների արձանագրությունը: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր ինքը տրամադրել: Դա համարվում է գործի նյութերի անքակտելի մաս: Հաջորդը` 2008թ. մարտի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու միջնորդությունը ներկայացնելիս հայտարարել էր, թե շարժումը ղեկավարվել է միասնական կենտրոնից: Իսկ քրեական գործում միասնական կենտրոնը հավաստող որեւէ փաստ գոյություն չունի: Նաեւ միջնորդել ենք, որ տրամադրեն այդ նյութերը»,- ասաց Հ.Արսենյանը: Հիշեցնենք, որ «7-ի գործով» առաջին միջնորդությունը Հատուկ քննչական ծառայության պետ Վահագն Հարությունյանին պաշտպանական կողմը ներկայացրել էր նոյեմբերի 5-ին: Այս միջնորդության պահանջներից էր՝ իրենց տրամադրել իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքների արձանագրությունների պատճենները, նրանց կողմից մարտի 1-ի դեպքերի առնչությամբ արձակված գրավոր ցուցումների, հրահանգների, կարգադրությունների կրկնօրինակները: Վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել այդ 7 քաղբանտարկյալների` Ս.Միքայելյանի, Մ.Մալխասյանի, Ա.Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի եւ Գրիգոր Ոսկերչյանի կողմից «նախնական համաձայնության ու դերաբաշխման փաստը»: Սակայն փաստաբաններին չեն տրամադրվել այդ հանգամանքը հաստատող փաստերը: Պաշտպանական կողմը ցանկանում է ծանոթանալ նաեւ թալանված «Ռոբերտո» խանութի, «8» եւ «Սիթի» սուպերմարկետներում տեղադրված նկարահանող սարքերի` մարտի 1-ի գիշերվա տեսաժապավենների ձայնագրությանը: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հնգօրյա ժամկետում պաշտպանական կողմին տրամադրել պահանջած փաստերը: Առաջին միջնորդության վերջնաժամկետը լրանում է նոյեմբերի 11-ին: Տեղեկացնենք նաեւ, որ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը եւս 2 ամսով երկարացրեց «7-ի գործով» մեղադրվող Սասուն Միքայելյանի կալանքի ժամկետը: Երեկ Սասուն Միքայելյանի ծննդյան 51-ամյակն էր: