Հռչակագիր երեքի համար

12/11/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրած հռչակագիրը դեռ շարունակում է փորձագետների եւ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում մնալ։ Երեկ այս թեմային անդրադարձել է նաեւ ռուսական «Պրավդան»՝ ընդ որում, մեզ համար շատ մտահոգիչ նրբերանգներով։ Իսկ մտահոգությունը առավել հիմնավորված է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ «Պրավդան» համարվում է Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողներից մեկը։ Հրապարակման հիմնական նպատակը, կարելի է ասել, Ռուսաստանի ուժի ու հնարավորությունների արտացոլումն է, ինչը երեւում է հենց վերնագրից՝ «Ղարաբաղ. հզոր առաջընթաց՝ Ռուսաստանի մատուցմամբ»։ Ընդ որում, հրապարակումը սկսվում է դառը հեգնանքով, որ ռուսներն իրենք էլ ուշադրություն չեն դարձնում իրենց հզորությանը. «Ռուսաստանում ԱՄՆ նախագահի ընտրություններին այնպես էին հետեւում, կարծես ընտրում էին իրենց սեփական նախագահին, իսկ այն մասին, որ Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքերը Կովկասում եւ լուծում 20 տարվա վաղեմություն ունեցող արյունոտ հակամարտությունը, կարծես ուժ չունեն խոսելու»։ Հոդվածագիրը՝ Վլադիմիր Անտոխինը, նախ փորձել է ցույց տալ, թե ինչ մեծ արժեք ունի ստորագրված հռչակագիրը՝ նշելով, որ դա 1994-ից հետո երկու կողմերի նախագահների կողմից ստորագրված առաջին լուրջ փաստաթուղթն էր, որով կողմերը փաստում են ուժ չկիրառելու, երկխոսության եւ համաձայնությունները իրավաբանորեն ամրագրելու պատրաստակամության մասին։ «Մոսկվան վստահորեն ցույց տվեց ողջ աշխարհին, թե ինչպիսին են իր հնարավորություններն այս տարածաշրջանում»,- գրում է նա։

Որպես հռչակագրի կարեւոր արդյունք՝ թերթը նշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների դիրքորոշումների հստակեցումը՝ գրելով, որ ԵՄ-ն, Վաշինգտոնը եւ Փարիզն արդեն ողջունել են «Մոսկվայի դիվանագիտական հաջողությունը»։ «Պրավդան» ուշադրություն է հրավիրում նաեւ մեկ այլ հանգամանքի վրա. «Նախկինում ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ եվրոպական հանրությունը գտնում էին, որ նախ պետք է վերականգնվեն տնտեսական հարաբերությունները, եւ հետո միայն ստեղծվեն տվյալ հակամարտության լուծման պայմաններ։ Իսկ Մոսկվայում ստորագրված հռչակագրի մեջ հարցն այլ կերպ է դրված. սկզբում հակամարտությունը պետք է լուծում ստանա, որից հետո միայն կողմերը կարող են հասնել տարածաշրջանային կայունության, համագործակցության եւ այլն»։

Իսկ ինչի՞ շնորհիվ հաջողվեց հռչակագրի ստորագրումը։ Հոդվածագրի կարծիքով, Երեւանին եւ Բաքվին համոզելու համար բավարար եղավ վրացական օրինակը: «Թբիլիսիի՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորուստը ցույց տվեց, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Կովկասում «փոքրիկ հաղթական պատերազմ» սանձազերծելու ցանկությունը»։

Հետո խոսք է գնում այն մասին, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ երաշխիքներ է տվել։ Եվ պարզվում է, որ Ադրբեջանի կողմից տրված միակ երաշխիքը պատերազմ չսկսելն է, կարծես այդ պատերազմից վախենում է միայն հայկական կողմը։ «Գաղտնիք չէ, որ Երեւանին անհանգստացնում է, որ ադրբեջանական բանակն ինտենսիվ վերազինվում է։ Պաշտոնական Բաքուն նպատակադրված կամպանիա էր ծավալել՝ իր բնակչությանը նախապատրաստելով հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անխուսափելիությանը»,- գրում է «Պրավդան»՝ ավելացնելով, որ «տարածքային ամբողջականության վերականգնման» թեման որոշ չափով շեղել է հասարակ ադրբեջանցիների ուշադրությունը լուրջ սոցիալական խնդիրներից։

Իսկ ի՞նչ երաշխիքներ է տվել Երեւանը։ «Պրավդան» այս մասին էլ է գրում՝ պարզաբանելով, որ նոր բան առանձնապես չկա, եւ հռչակագրի կետերն, ըստ էության, «ամրագրում են նախկինում ձեռք բերված համաձայնությունները՝ այդ թվում, հայկական զինված ուժերի դուրսբերումը պատերազմի ընթացքում գրավված տարածքներից»։ Ավելին, հոդվածագիրը նշում է, որ մինչեւ այս տարվա վերջ, ամենայն հավանականությամբ, կլինի եւս մեկ եռակողմ հանդիպում: Եվ` «Չի բացառվում, որ մինչեւ տարվա վերջ կստորագրվի համաձայնագիր՝ հայկական ուժերը գրավված 7 շրջաններից դուրս բերելու եւ ադրբեջանցի բռնի տեղահանվածներին այդ տարածքներ վերադարձնելու մասին։ Հնարավոր է, որ դրանից հետո բացվի նաեւ Մոսկվա-Բաքու-Երեւան ճանապարհը»։

Սակայն, սա դեռ ամենը չէ, հոդվածագիրն առանց ավելորդ դիվանագիտական շղարշների նշել է հայկական կողմի այն բացթողումը, որի մասին խոսեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. դա Ղարաբաղի լիարժեք դուրսմղումն է իր սեփական կարգավիճակի շուրջ ընթացող բանակցային գործընթացից։ «Պրավդան» սա անվանել է «ծանրակշիռ մրցանակ» Բաքվի համար։ Իսկ ինչը մրցանակ է Բաքվի համար, պարզ է, թե ինչ է մեզ համար։

Այս ամենը, իհարկե, Ռուսաստանին քիչ է հետաքրքրում. կարեւորը սեփական դիրքերի ամրապնդումն է Կովկասում եւ այլուր։ Իհարկե, ինչպես գրում է հոդվածագիրը, դրա համար Ռուսաստանը տարածաշրջանային մակարդակով չպետք է կորցնի ո՛չ դաշնակիցներին, ո՛չ գործընկերներին, այլ հակառակը՝ ավելացնի նրանց թիվը։ Այլ կերպ ասած, չի կարելի նեղացնել դաշնակիցներին։ Սակայն, դատելով հրապարակումից, ռուսները կամ մեզ որպես դաշնակից չեն դիտում, կամ համոզված են, որ մենք նեղացկոտ չենք՝ կարող ենք «մանր-մունր» զիջումների գնալ՝ մեծ եղբոր դիրքերն ուժեղացնելու համար, կամ էլ Ռուսաստանն ընդհանրապես թքած ունի մեր նեղանալ-չնեղանալու վրա։ Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ դաշնակիցներին ու գործընկերներին չկորցնելու մասին խոսելուց անմիջապես հետ հոդվածագիրը շարունակում է. «Այդ պատճառով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա բանակցությունները տեղի կունենան ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ»։ «Թուրքիան կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւս մեկ երաշխավոր»,- հավաստում է հոդվածագիրը՝ ավելացնելով սակայն, որ առաջընթաց այս հարցում չի կարելի շուտ ակնկալել՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացման սպասվող նոր ալիքի պատճառով։

Հրապարակման վերջում հոդվածագիրը կոչ է անում հասկանալ, որ եթե Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կերպով կարգավորելու նպատակ չունենար, ապա մոսկովյան եռակողմ հանդիպումն ընդհանրապես չէր կայանա։ «Բանակցություններում վրա է հասել վճռական պահը։ Տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, եւ Ռուսաստանը ձգտում է հասնել նրան, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները խաղաղ համաձայնության գան»,- եզրափակել է «Պրավդան»։