Երեկ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում լուրջ-լուրջ քննարկել են օրացույցում հայի ինքնությունը որպես պետական տոն ընդգրկելու մասին հարցը: Դաշնակցական 6 պատգամավորներ՝ Վահան Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը, Արա Նռանյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Արտուշ Շահբազյանը եւ ինքնին ազգային, ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր, վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայի ինքնության մասին օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել` առաջարկելով լրացում կատարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում եւ օգոստոսի 11-ին` Նավասարդի օրը, նշել հայի ինքնության տոնը:
Օրինագծում որպես հիմնավորում՝ հեղինակները գրել են, թե` հայոց պատմական ավանդության համաձայն` Հայկ նահապետը, որին «նախապես պաշտել ենք իբրեւ Աստծո», եղել է մեր երկրի եւ ժողովրդի անվանադիրը: «Նույն ավանդության համաձայն` հանուն Հայոց աշխարհի եւ ազգի ազատության տարած նրա մեծ հաղթանակը դարձել է Հայոց բուն տոմարի սկիզբը, հայոց ամենահին եւ ամենափառապանծ տոնը: Ականավոր հայագետ Ղեւոնդ Ալիշանի հաշվարկի համաձայն` այդ հաղթանակը տեղի է ունեցել Ք.ա. 2492թ. օգոստոսի 11-ին»: Սակայն երեկ տոմարագետ Լիլիթ Սիմոնյանը, ով հատուկ հրավիրված է եղել այդ խիստ կարեւոր հարցի քննարկմանը, հայտարարել է, որ ամենահին պատմական աղբյուրները վկայում են, որ Հայկի եւ Բելի միջեւ տեղի ունեցած` «մի նետով» պատմությունը եղել է ոչ թե ամռանը, այլ` աշնանը: Այսինքն, ըստ նրա` օգոստոսի 11-ին նշվող Նավասարդի տոնը բոլորովին կապ չունի իսկական Նավասարդի հետ: Օրինագծի համազեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը, սակայն, գտնում է, որ օրացույցում հայի ինքնության օրը հաստատելով՝ հայի գիտակցության մեջ ինքնություն չի արթնանա: Նա նիստի ժամանակ նաեւ հայտարարել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, թե Վարդավառ կոչվող տոնի օրը քանի երեխա է ընկնում մեքենայի տակ ու, թե քանի ծերեր են այդ օրն ինֆարկտից մահանում` դառնալով այդ «բարբարոսական մշակույթի» զոհերը: Իսկ որպեսզի ազգայնականների անհեթեթությունների շարքն ամբողջական դառնա, առաջարկում ենք օրացույցում ընդգրկել, ասենք, նաեւ «հայի առողջության», «հայի երկարակյացության», «քարից հաց քամելու» օրերը: