Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում պատերազմից եւ ՌԴ-ի կողմից այդ երկրների անկախության ճանաչումից հետո (ինչն ըստ էության նշանակում է Ռուսաստանի վերադարձ Անդրկովկաս) Անդրկովկասի երեք նախկին հանրապետությունների համար նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծվեց: Այս պայմաններում կարող է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության խախտման բնական հարց ծագել, թեեւ, ըստ իս` դա չի համապատասխանում իրականությանը: Սակայն, ինչպես երեւում է, Ռուսաստանը, ցանկանալով վերականգնել իր աշխարհաքաղաքական գերիշխանությունը, հաստատել իր գերակայությունը եւ ամրապնդել դիրքերը, որոշել է ճշտել, թե ղարաբաղյան հիմնախնդրի հարցում որքանով են հեռու կամ մոտ Ադրբեջանն ու Հայաստանը: Ռուսաստանը տեսնում է, որ նրանք 14 տարուց ավելի է` չեն պատերազմում, սակայն հակամարտությունը սառեցվել է: Հաշվի առնելով, որ Աբխազիան ու Հարավային Օսեթիան այս փուլում նշանակալից քայլ արեցին իրենց անկախության ճանաչման հարցում, ռուսներն ուզում են իմանալ, թե ինչ վիճակում են գտնվում ԽՍՀՄ նախկին հանրապետությունները: Ռուսաստանի ցանկությունը հասկանալի է, քանզի դեպի Անդրկովկաս ելքն ամրապնդում է նրա դիրքերը ողջ Կովկասում, հատկապես՝ Հյուսիսային: Այստեղ մի քանի կարեւոր հանգամանքներ կան` Վրաստանի տարածքից ռազմակայանների դուրսբերումը (մասնավորապես Աջարիան եւ Ախալքալաքը ցանկանում են Վրաստանը տեսնել իբրեւ կոնֆեդերատիվ կամ, ծայրահեղ դեպքում, ֆեդերատիվ պետություն), ռուսական ռազմակայան կա Հայաստանում, Ադրբեջանում կա Գաբալինյան կայանը, որը ռուսներն ամերիկացիներին էին առաջարկում` իբրեւ այլընտրանք Լեհաստանին ու Չեխիային: Սակայն, ինչպես երեւում է` այս առաջին հայացքից խճճված հանգույցը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում մոսկովյան վերլուծաբանների կողմից դիտարկվում է որպես լավ առիթ` ստուգելու երկու հակամարտող հանրապետությունների ռեսուրսները:
Հայաստանի ցանկացած նախագահի համար պետք է պարզ լինի, որ Արցախը (այսօր գոյություն ունեցող իր սահմաններում) առուծախի առարկա չէ ոչ մի պայմանով: Լեռնային Ղարաբաղը հենց իր` Հայաստանի համար ազգային անվտանգության երաշխիքն է, իսկ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխիքն է: Սակայն երբ նախագահ են դառնում մարդիկ, որոնց անձնական շահերը միանգամայն այլ սկզբունքների վրա են հիմնված, երկակի իրավիճակ է ստեղծվում: Նրանք հասարակության առաջ սկսում են մանիպուլյացիաների դիմել իրենց գործողություններով՝ իբրեւ Հայաստանի եւ ԼՂ-ի դիրքերի՝ միջազգային բեմահարթակում ամրապնդման եւ հստակեցման կարեւորագույն գործոն։ Ուշադրություն դարձնենք այն բանին, որ հենց որ երկրում կամ աշխարհում իրավիճակը դառնում է տագնապալի, իշխանությունը հայտարարում է. «Լռե՛ք, թե չէ կկորցնենք Ղարաբաղը»: Եվ սա որոշ իմաստով ազդում է, քանզի Հայաստանի անկայունության խնդրում այս գործոնը կարեւորագույններից մեկն է: Մյուս կողմից` հասարակությունը պետք է հասկանա, որ եթե ինքը կայուն առաջընթաց է ակնկալում, ապա պետք է ռեալ գնահատի իր ուժերը, որպես ղեկավարներ ընտրի պետական մտածելակերպ ունեցող մարդկանց, ինտելեկտուալ ուժերի: Նայենք մեր օլիգարխներին. մեծ մասը պետականության հարցերում ոչ խելամիտ մարդիկ են, որոնք անձնական շահերը վեր են դասում պետական շահից: Ի՞նչն է նրանց այդքան վեր բարձրացրել իշխանության մեջ: Նախ եւ առաջ` անկախ Հայաստանի առաջին ղեկավարների սխալները, ավելի ճիշտ` ցինիզմը, նրանց ձգտումը նյութական շահի նկատմամբ: Սա վճռորոշ դարձավ մեզ համար: Իշխանության ներսում միլիոնատերերի, իսկ հիմա՝ եւ միլիարդատերերի հայտնվելը դարձավ դրական երեւույթ: Հիշում եմ, թե ինչպես 1990թ. խորհրդարանական ընտրություններից հետո մի «հայրենասեր-ժողովրդավար» ինձ ասաց. «Այնքան իշխանություն ունես, որքան ունես փող»: Հիմա նա ոչ փող ունի, ոչ իշխանությունգ Եթե այսօրվա մեր ղեկավարությունը հասկանա, որ ժողովրդավարությունը նախ եւ առաջ մարդկային հասարակության ԲՈԼՈՐ ՆԱԽԿԻՆ ՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԻ ՓՈՐՁՆ Է, որը սովորեցնում է գիտակցել եւ կիրառել արդարությունը օրենքների մեջ, իսկ այդ օրենքները կիրառել կյանքում: Բոլոր երեք նախագահների պատմական հնարավորությունը` մնալու պատմության մեջ, նրանց կողմից չօգտագործվեց: Պատմությունը չի հիշելու այդ անունները, քանի որ նրանք չլուծեցին ամենակարեւոր հարցը` լինել արդարամիտ եւ սիրել մարդուն ու ժողովրդին:
Հայաստանը պետք է հստակ սահմանի իր ռազմավարական գերակայությունները, ու նախ եւ առաջ՝ Ղարաբաղի հարցում: Իշխանությունը պետք է խորհրդակցի ժողովրդի հետ, չարհամարհի նրան ու չվախեցնի Արցախը կորցնելու վտանգով: Առանց այս ամենի, ինչն առաջին հերթին անհրաժեշտ է հենց նախագահին, քանզի այսօր իշխանությունը գտնվում է նրա եւ բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում (50-50%), առանց հզոր կամքի, առանց երկրի ու ժողովրդի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի՝ անհնար է դուրս գալ այս վտանգավոր իրավիճակից, որ ստեղծվել է աշխարհում ուժերի վերադասավորության այս շրջանում, երբ վերագնահատվում են միջպետական հարաբերություններում առկա խնդիրներն ու գլխավոր հարցերը, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական ու ռազմավարական խնդիրները:
Կա՞ արդյոք Հայաստանում վստահության ճգնաժամ: Անկասկա՛ծ: Ուրեմն ի՞նչ է պետք անել: Իհարկե, կարելի է խմբային երաշխավորության շղթա ստեղծել, սակայն նման իրավիճակն իշխանություններին չի փրկի, քանզի հասարակության կողմից նա աջակցություն չի ստանա, անգամ` եթե պարտության վտանգ սպառնա երկրին: Այսպես մենք մի անգամ չէ, որ կորցրել ենք մեր թագավորությունը. ատելով իշխանություններին` կորցրել ենք երկիրը: Նախագահը պարտավոր է հաշվի առնել այս փորձը:
Իսկ Ռուսաստանը ԼՂՀ հարցում կարող է ճշտել իրավիճակը եւ հասկանալով երկրի ու ժողովրդի միասնականությունը, ուժն ու համոզմունքը` այլ առաջարկներ ներկայացնել կամ կրկին սառեցնել այս հարցն ու հետաձգել դրա լուծումը: Իսկ եթե Ռուսաստանը պնդի իրենը, Հայաստանի նախագահը հնարավորություն ունի պաշտոնաթող լինել` այսպիսով ժողովրդին ասելով, որ ինքը համամիտ չէ Հայաստանի ռազմավարական դաշնակցի պլանների հետ: Այդ ժամանակ հարկ կլինի մտածել երկիրն այլ սկզբունքներով, այլ գերակայություններով կառուցելու հիմնարար հարցերի շուրջ:
Սակայն ինձ թվում է, որ Ռուսաստանը, որը երբեք Հարավային Կովկասի ժողովուրդների հետ այսքան պրագմատիկ ու երկարատեւ հարաբերություններ չի կառուցել, բայց իր պատկերացումներն ունի նրանց մասին, կարող է եւ պետք է հասկանա իր իրական գերակայությունները: Թեեւ շատ անգամ է Ռուսաստանը դավաճանել Հայաստանին, բայց, ի վերջո, կրկին վերադարձել է իր իսկ կոտրած տաշտակին: Իսկ այժմ պատմական յուրօրինակ հնարավորություն է ներկայացել այդ հարաբերությունների զարգացման ու բարգավաճման համար:
Եթե ՌԴ-ն խիստ միջոցների դիմի եւ ՀՀ-ից պահանջի Ադրբեջանին վերադարձնել որոշակի տարածքներ, արդյո՞ք այդ հարցերը համաձայնեցված են Իրանի հետ, թե՞ ոչ: Չէ՞ որ Իրանը տարածաշրջանում անվտանգության եւ ուժերի հավասարակշռության իր պատկերացումներն ունի: Ադրբեջանի ջանքերն Իրանին ձեռնտու չեն, ինչպես ձեռնտու չէ Գաբալինյան կայանի հետ կապված նախագիծը: Իրանն ինքնաբավ պետություն է եւ ճգնաժամից ավելի հանգիստ դուրս կգա, քան ՌԴ-ն, որը ֆինանսական ավելի թույլ իմունիտետ ունի, այսինքն` ավելի բաց է արեւմտյան ներդրումների համար եւ ավելի կոռումպացված, քան Իրանը:
Նավթի գնի կտրուկ անկման ներկայիս պայմաններում Բաքվի դիրքերը, որը աշխատում է միաժամանակ երկու ուղղություններով` դեպի Ռուսաստան եւ Թուրքիա, թույլ են, քանզի Հայաստանը ոչ մի կերպ չի համաձայնի հանձնել իր տարածքներից եւ ոչ մեկը, քանի որ դա երկրի ազգային անվտանգության խնդիր է:
Ելնելով վերը ասվածից` կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն ընդամենը ուզում է տարածաշրջանում իրեն ցույց տալ նոր-հին որակով: Իսկ թե ինչպիսի՞ն կլինի Հայաստանի պատասխանը, քանզի հենց Հայաստանը կարող է ինչ-որ բան կորցնել, կախված է ոչ այնքան նախագահից, որքան երկրից ու ողջ հայ ժողովրդից: