Լեռնային Ղարաբաղը կրկին դարձել է դիվանագիտական ակտիվացման առարկա: Այն եղել է Նիկոլա Սարկոզիի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի զրույցի քննարկման առանցքային թեման, որը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին: Երկու օր ավելի վաղ ՀՀ նախագահը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի իր պաշտոնակցին: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են ԼՂ վերաբերյալ համատեղ հայտարարություն՝ ՌԴ ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի վերահսկողության ներքո: Այս փաստաթուղթն իրենից չի ներկայացնում քայլերի ճշգրիտ հերթագայության նկարագրություն՝ խաղաղ կարգավորելու համար երկու երկրների հակամարտությունն այս տարածքի շուրջ, որը գտնվում է Ադրբեջանում, սակայն բնակեցված է հայերով: Այսուհանդերձ, այն ամրագրում է «քաղաքական լուծման» անհրաժեշտությունը` ուղեկցված «միջազգային երաշխիքներով», որի շուրջ բանակցությունները պիտի ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահությամբ:
Նոյեմբերի 3-ին «Լը Մոնդին» տրված հարցազրույցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակություն հայտնեց այս փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, որն «առաջինն է 14 տարի ի վեր» այն օրվանից, ինչ դադարեց զինված հակամարտությունը, որը տեւել էր վեց տարի եւ պատճառ դարձել մոտ 25.000 զոհերի: «Այն նաեւ կարեւոր է այն առումով, որ բանակցությունները դանդաղել էին, առաջխաղացում չկար՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ընտրությունների պատճառով»,- ասում է նա: Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահ է ընտրվել փետրվարին: Իլհամ Ալիեւն՝ իր հերթին, վերընտրվել է հոկտեմբերի 15-ին: Մարտ ամսին, երբ Հայաստանն ապրում էր ետընտրական ճգնաժամ, որի բերումով 10 հոգի մահացավ, եւ մտցվեց հատուկ դրություն, Ադրբեջանի նախագահը սպառնացել էր վերանվաճել «գրավյալ տարածքները» զենքի ուժով: Հայաստանն՝ ի դեմս իր նախագահի, այսօր հայտարարում է, որ պատրաստ է անհապաղ առաջ տանել բանակցությունները: Սակայն նա չի պատրաստվում խոշոր զիջումներ անել: «Մենք երկար ժամանակ է, ինչ ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցում լուծում հնարավոր է, եթե Ադրբեջանը ճանաչի ինքնորոշման իրավունքը, եթե Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ լինի ցամաքային կապ, եթե լինեն Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովող միջազգային երաշխիքներ»,- թվարկում է Սերժ Սարգսյանը: Ի պատասխան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ de facto ցամաքային կապի մասին մեր հարցին՝ Հայաստանի նախագահը պատասխանեց. «Այն պիտի ունենա նույն կարգավիճակը», ինչ Լեռնային Ղարաբաղը:
Կապեր Թուրքիայի հետ
ՌԴ-ի ու Վրաստանի միջեւ օգոստոսին տեղի ունեցած կայծակնային պատերազմը նպաստեց սառեցված այս հակամարտության շուրջ դիվանագիտական փոխշփումների արագացմանը: Բազմաթիվ մասնագետների կարծիքով, ՌԴ-ն փորձում է վերականգնել արտերկրում իր իմիջը՝ հանդես գալով որպես խաղաղարար միջնորդ: Նա կցանկանար նաեւ շեշտել իր քաղաքական տիրապետությունը Կովկասում: Ըստ Ս. Սարգսյանի, վրացական կոնֆլիկտն ակնհայտ դարձրեց, որ «չի կարելի զենքի ուժով ճնշել ազգերի ինքնորոշման իրավունքը, այլապես հետեւանքները կարող են լինել աղետալի»: ՀՀ նախագահն այս առիթով նաեւ ընդգծում է, որ այս կամ այն երկրի դիրքորոշումները միջազգային իրավունքի այս կամ այն սկզբունքի վերաբերյալ հավերժական չեն: Դրանում համոզվելու համար, ըստ նրա, բավական է «մի քանի տարի ետ գնալ եւ Կոսովոյի վերաբերյալ արված ՌԴ հայտարարությունները համեմատել Հարավային Օսիայի շուրջ նրա ներկայիս հայտարարությունների հետ»: Ս. Սարգսյանը կտրականապես հերքում է, թե իբր ՌԴ-ն ավելացրել է ճնշումը ՀՀ արտաքին քաղաքականության վրա: «Ինչի՞ համար պիտի ռուսները ճնշում գործադրեն: Որպեսզի կատարենք ռազմավարական գործընկերոջ մեր պարտավորություննե՞րը. մենք դրանք առանց այդ էլ կատարում ենք»,- ասում է նա: «Ի դեպ, նրանք շատ լավ են հասկանում, որ մենք չենք կարող ճանաչել Հարավային Օսիայի անկախությունը, քանի դեռ չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Պարոն Սարգսյանը շոշափեց նաեւ մեկ այլ մեծ թեմա` կապերի նորմալացումը Թուրքիայի հետ: Դիվանագիտական հարաբերություններ չկան Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված հայերի ցեղասպանության վերաբերյալ կատաղի վեճի պատճառով: Սեպտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատմական այց կատարեց Երեւան՝ երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային խաղի կապակցությամբ: «Արդյունավետ զրույց է սկսվել»,- ասում է պարոն Սարգսյանը: «Մեր մոտեցումը հետեւյալն է. նախ՝ պետք է հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները, եւ հետո՝ կարող ենք քննարկել բոլոր մեզ հուզող հարցերը»,- ընդգծում է նա:
«Լը Մոնդ», 5 նոյեմբերի, 2008թ.