Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ կայացած եռակողմ հանդիպումից հետո ստորագրված հռչակագիրը, բնականաբար, լայն արձագանք ունեցավ: Հակամարտության մեջ ներգրավված կողմերից յուրաքանչյուրը սկզբում սեփական հանրության ուշադրությունը հրավիրեց հռչակագրի այն կետերի վրա, որոնք, իրենց կարծիքով, «դիվանագիտական հաղթանակներ» են պարունակում: Այս առումով ակնհայտ դարձավ, որ իրականում երկու կողմերն էլ որոշակի անբավարարվածության զգացում ունեն Մոսկվայում իրենց հրամցված փաստաթղթի ստորագրումից եւ ավելի շատ մտահոգ են սեփական երկրի հասարակության կարծիքն էլ ավելի վատին նախապատրաստելու համար: Հետաքրքրական է, որ եթե հակամարտության կողմերը եւ առհասարակ միջազգային հանրությունը մի բանում համամիտ են եղել մոսկովյան հանդիպման արդյունքների վերաբերյալ, ապա դա այն է, որ Մոսկվայում ստորագրված փաստաթուղթն անկասկած ծառայել է ՌԴ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական դերի բարձրացմանը եւ քարոզմանը: Գոնե արտաքնապես ընդամենը նման նշանակություն են ուզում տալ մոսկովյան հռչակագրին եւ ԼՂՀ-ի շուրջ բանակցային գործընթացում Կրեմլի դերին Արեւմուտքում: Հակիրճ ձեւով այս տրամադրություններն արտահայտվեցին «Ֆայնենշլ թայմս» թերթում, որի գնահատմամբ՝ ԼՂ հակամարտության շուրջ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում Ռուսաստանը փորձում է վերականգնել իր` որպես բանակցային գործընթացներում արդյունավետ միջնորդի հեղինակությունը, եւ դրա համար բարոյական հող է նախապատրաստվում»: Ըստ այդ հեղինակավոր պարբերականի՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանի հեղինակությունը սասանվեց Վրաստանում, որտեղ նրան չհաջողվեց երկու հակամարտությունում էլ խաղաղ լուծումներ գտնել, Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացում լիարժեք միջնորդի դերակատարի ստանձնումը Ռուսաստանի համար առանձնակի արժեք ունի: Իհարկե, Արեւմուտքի եւ մասնավորապես ամերիկյան դեռեւս գործող վարչախմբի ներկայացուցիչների նման ցուցադրական հանգստության հետեւում իրականում թաքնված է տարածաշրջանում ընթացող գործընթացների հանդեպ վերահսկողությունը կորցնելու խոր մտահոգությունը: Բայցեւ ակնհայտ է, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ միացյալ Եվրոպան ձեռքները ծալած չեն նստելու ու զուտ դիտորդի դերով չեն բավարարվելու: Ընդհակառակը, գերտերությունների եւ աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնների միջեւ մրցակցությունը մեր տարածաշրջանում էլ ավելի է սրվում: Եվ հատկանշական է, որ այդ գլոբալ խաղի մեջ հիմնական խաղացողների համար ազդեցիկ խաղաթուղթ են դարձել ԼՂ հիմնահարցի կարգավիճակի շուրջ «հրապուրիչ առաջարկները»: Մասնավորապես, վերջին շրջանում նկատելի դարձավ, որ ի պատասխան Ռուսաստանի՝ Ադրբեջանին նախ եւ առաջ ԼՂ հարցի լուծման ադրբեջանամետ տարբերակով հրապուրելու քաղաքականությանը, ԱՄՆ-ը ամեն կերպ փորձում է նույն խնդրի շուրջ Հայաստանին թիկունք կանգնելով, փաստորեն, «սիրախաղեր սկսել» Հայաստանի ղեկավարության եւ երկրի հիմնական էլիտաների հետ: ԼՂ հակամարտության հարցի շուրջ Ռուսաստանի դրսեւորած աննախադեպ ակտիվության հանդեպ ամերիկյան «խանդի» դրսեւորումները նկատվեցին դեռեւս Դմիտրի Մեդվեդեւի Երեւան կատարած այցից առաջ: Բոլորովին պատահական չէր, որ հենց ամերիկյան դիվանագիտական աղբյուրների պնդման համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը ՀՀ ամենաբարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նույնիսկ բացահայտորեն նրանց առաջարկել է չենթարկվել Ռուսաստանի ճնշումներին. առանց ինքնորոշման իրավունքի սկզբունքի շուրջ հստակեցում մտցնելու՝ չհամաձայնել «ռուսական սցենարին» եւ որպես Հայաստանի համար անբարենպաստ լուծումներից խուսափելու տարբերակ՝ չբացառել նաեւ ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու ուղին: Ըստ նույն դիվանագիտական աղբյուրների` փաստացի այդ նույն տարբերակն են առաջարկել անցած ամիս ԱՄՆ-ում այցով գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին: Ընդ որում, նույն աղբյուրների պնդմամբ՝ պաշտոնական Երեւանի ներկայացուցիչները ոչ միայն չեն բացառել նման զարգացման հնարավորությունը, այլեւ հստակ երաշխիքների եւ պայմանավորվածության առկայության պայմաններում խոստացել են մոտ ապագայում քննարկումներ սկսել «այս ֆորսմաժորային տարբերակի դետալների շուրջ»:
Զուտ զուգահեռներ անցկացնելու համար հիշեցնենք, որ ԼՂՀ անկախության ճանաչման տարբերակի շուրջ միտինգային իր վերջին ելույթում խոսեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն առաջարկեց ՀՀ խորհրդարանին՝ ճանաչել ԼՂ անկախությունը, առանց Սերժ Սարգսյանի վավերացման` վերջինիս մանեւրելու հնարավորությունները մեծացնելու համար: Դե՛, իսկ այդ նույն տարբերակի մասին խոսել, Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես ռուսներն են ասում. «հՈՎ ոՏչ Չպսպս»: Մոսկովյան հռչակագրի ստորագրումն ամերիկյան վարչախմբի ներկայացուցիչները թեեւ պաշտոնապես ողջունեցին, սակայն, ինչպես միշտ, իրենց «կիսապաշտոնական» դիրքորոշումներ հայտնելու առաքելությունը տվեցին Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզային: Վերջինս Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, ինչպես հայտնի է, ներկա էր ՌԴ-ում տեղի ունեցած հռչակագրի ստորագրման արարողությանը եւ փաստաթղթի ներկայացմանը: Սակայն, ինչպես Մ. Բրայզան հայտարարեց, Մինսկի խմբի համանախագահներին թույլ չտվեցին մասնակցել այդ նոր ֆորմատով կայացած բանակցություններին, եւ ուրեմն, ըստ նրա, ստորագրված հռչակագիրը չի կարող դիտարկվել որպես Մինսկի խմբի շրջանակում ձեռք բերված համաձայնագիր: Իսկ Հայաստանի «սիրաշահումների» էստաֆետն ԱՄՆ իշխանությունների համար այսօրվա «անցումային շրջանում» օրերս իր ձեռքը վերցրեց Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը: Նա նախ նկատեց, որ Մեթյու Բրայզային վերագրվող` միջազգային իրավունքի ասպարեզում տարածքային ամբողջականության իրավունքի գերադասության մասին արտահայտությունները զուտ թյուրիմացության եւ «սխալ մեջբերման» արդյունք են: Նա նաեւ հայտարարեց, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ կարգավորման հարցի շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը իր երկարամյա գործունեության ընթացքում ղեկավարվել է որոշակի հիմնարար սկզբունքներով, որոնց թվում են տարածքային ամբողջականության սկզբունքը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ՝ ուժ չկիրառելու դրույթը: Ի հավելումն դրա՝ ԱՄՆ դեսպանը պնդեց, որ «Մինսկի խումբը հիմա էլ շարունակում է առաջնորդվել այդ սկզբունքներով, եւ կասկածից վեր է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իր կարծիքն արտահայտելու առաջիկա իրադարձությունների շուրջ»:
Բայց նույնիսկ նշված արմատական տարաձայնություններով հանդերձ էլ՝ դժվար թե Արեւմուտքը որդեգրի մոսկովյան հռչակագրից ինքնամեկուսացման քաղաքականությունը եւ, դրանով իսկ, ըստ էության, ինքնակամ օժանդակելով Մինսկի խումբը ԼՂ հարցի կարգավորման գործընթացից դուրս մղելու փորձերին: Ընդհակառակը՝ Արեւմուտքում բոլոր հիմքերն ունեն մոսկովյան հռչակագրի «դափնիները» վերագրել (նկատենք՝ իրավացիորեն) հենց Մինսկի խմբի գործունեությանը: Այս առումով տրամաբանական է, որ նույն Մեթյու Բրայզան օրերս հայտարարել է, թե մոսկովյան հռչակագրով մադրիդյան սկզբունքների շուրջ մոտ 1 տարի շարունակված բանավեճը կարելի է համարել ավարտված: «Այսպիսով, մադրիդյան սկզբունքների ուժի մեջ լինել-չլինելու հարցն օրակարգից դուրս է գալիս: Այս հարցի լուծմանն ուղղված բոլոր համատեղ ջանքերն այսուհետեւ հիմնված են լինելու հենց այդ հիմնարար սկզբունքների վրա»,- գոհունակությամբ հայտարարեց Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը: Կարծում ենք՝ առանձնակի ուշադրության է արժանի նաեւ Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ-ում ԼՂ հարցի կարգավորման շուրջ «հանրային քննարկումներ» անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը: «Այս ընթացքում, կարծում եմ, որ հանրային քննարկումների կարիք կլինի: Ես գոնե Հայաստանի, հայ հասարակության համար տեսնում եմ քննարկման անհրաժեշտություն, մենք հաճույքով կգնանք այս քննարկումներին»,- ասել է ՀՀ նախագահը: Թեպետ նա դժվարացել է ժամկետներ նշել, սակայն ընդգծել է` «Մենք, գոնե ես, ձգտելու եմ, որպեսզի ձգձգումներ այս ճանապարհին չլինեն»: Իսկ ինչ վերաբերում է հանրային քննարկումներին, ապա ամենայն հավանականությամբ դրանց գագաթնակետը կլինի ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվելիք քննարկումները: Իսկ այնտեղ, կախված պահի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական կոնյունկտուրայից, ցանկացած որոշում կարող է ընդունվել: