Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում արդեն 30-րդ անգամ միջազգային կինոփառատոն է անցկացվում, որը համախմբում է Միջերկրական ծովի ավազանի երկրների կինոմասնագետների: Ուշագրավ է, որ փառատոնը յուրահատուկ ճշտում է արել ու կինոստուգայցը ներկայացնում է որպես Միջերկրական երկրների ու Հայաստանի փառատոն: Հայաստանը ծովափնյա երկիր չէ, սակայն փառատոնին լիիրավ ներկայանալու հնարավորություն ունի: Այս տարի փառատոնին մասնակցել է հայ ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Սեպտեմբեր» ֆիլմը, իսկ կինոնախագծերի մրցույթին ներկա է գտնվել կինոռեժիսոր Արամ Շահբազյանը, ով մասնակցել է կինոզարգացման մրցույթին, գլխավոր մրցանակի է արժանացել եւ իր ապագա՝ «Մոսկվիչ», իմ սեր» ֆիլմի համար գումար է ստացել: Հայկական կինոնախագիծը լավագույնն է ճանաչվել 16 այլ հավակնորդների շարքում: Այդ ֆիլմը, որը պատմելու է մի հայ տրակտորիստի ու նրա «երկնագույն երազանքի»` «Մոսկվիչ» ավտոմեքենայի մասին, իր ժանրով տրագիկոմեդիա է լինելու: Ֆիլմի հիմք է հանդիսանալու իրական մի պատմություն, որի հերոսը մի քանի հատորանոց օրագիր է գրել, որտեղ գրառել է իր բոլոր եկամուտները, ծախսերն ու դիտարկումները` ցանկանալով մոտեցնել այն երանելի պահը, երբ կնստի սեփական «Մոսկվիչի» ղեկին ու հպարտորեն կերթեւեկի գյուղի փողոցներով: «Մեր ֆիլմի հերոսը նույնիսկ սկսելու է իրեն դեռ չգնված մեքենայի տեր զգալ, քանի որ շատ վառ երեւակայություն է ունենալու»,- պատմում է Արամ Շահբազյանը: Ֆիլմի սցենարի հեղինակը Ֆրանսիայում ապրող Լեւոն Մինասյանն է, իսկ պրոդյուսերը` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը:
Մոնպելիեում ստացած մրցանակն այն առաջին քայլն է, որը կօգնի ստեղծագործական խմբին` մշակել սցենարն ու հետագայում այլ միջազգային կինոֆոնդերի ու մրցույթների միջոցով համալրել ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ գումարը: Բոլորս էլ գիտենք, թե որքան բարդությունների են հանդիպում Հայաստանում կինո նկարահանել ցանկացողները, եւ որքան սխալ է գործում պետական ֆինանսավորումը: Որպես կանոն՝ մեծ գումարներ են տրվում մի քանի նախագծերին, եւ որպես կանոն՝ այդ նախագծերը տապալվում են: Սակայն ոչ ոք չի շտապում նկատել այն հաջողությունները, որոնք մեր կինեմատոգրաֆիստներն ունենում են նախագծերի պրոֆեսիոնալ մրցույթներին (պիչինգներին), թեեւ` տրամաբանական է, որ կինոյի դաշտի պատասխանատուները հենց այդ նախագծերին պիտի սատար կանգնեն, քանի որ միջազգային կինոէքսպերտները, կինոպրոդյուսերներն ու դիստրիբյուտորներն անպայման այդ «պիչինգների» մասնակիցն են լինում ու ընտրում են միայն հեռանկարային նախագծերը: Եվ ֆինանսավորում են միայն լավագույններին: Ինչպես եղավ հայկական նախագծի դեպքում: Հուսանք, որ Ա. Շահբազյանի ապագա այդ ֆիլմն ավելի ճիշտ ու տրամաբանական ուղով կանցնի ու ուշադրության կարժանանա հայրենիքում: Ա. Շահբազյանը պատմեց, որ մրցույթին անպայման պիտի ներկա գտնվեր հենց ռեժիսորը, եւ ինքը իսկական մի արկածային պատմության շնորհիվ է կարողացել Մոնպելիե հասնել: «Ինքնաթիռի տոմս գնելու փող չունեի, պատկերացրեք, որ գնացի Ֆրանսիական դեսպանատուն ու մի ֆրանսուհու խնդրեցի ինձ համար տոմս գնել` խոստանալով, որ գումարը կվերադարձնեմ: Այդ կինը կապվեց այն ֆրանսիական կազմակերպության հետ, ում հետ ես նախկինում համագործակցել էի, ու նրանք ինձ համար տոմս գնեցին: Այդ ամենը շատ ծիծաղելի էր»,- պատմեց միաժամանակ երջանիկ ու նյարդայնացած Արամ Շահբազյանը, ով այժմ նկարահանում է իր դրամատիկ ու հուզիչ «Չնչիկ» ֆիլմը ու բազմաթիվ տեխնիկական ու մարդկային խնդիրների է հանդիպում: Մեր երկրում կինոն շատ ռիսկային զբաղմունք է, քիչ են լավ մասնագետները, իսկ խոչընդոտներն անհամար են: Եվ եթե եղած երիտասարդ մասնագետներն ըստ արժանվույն չգնահատվեն, ապա շատ հնարավոր է, որ մոտ ժամանակներում նրանք թողնեն Հայաստանն ու այլ պետությունների դրոշի տակ ֆիլմ նկարահանեն: Կամ էլ ստիպված կլինեն միայն սերիալներ նկարահանելով փող վաստակել, ինչի արդյունքում զիջող ու անհետաքրքիր ռեժիսորներ կդառնան: