Որտե՞ղ են այն ֆիլմերը, որոնք սերիալների այլընտրանքն են

12/11/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Մեր հասարակական կյանքում նոր մոդայիկ զբաղմունք է ծագել. բոլորը սկսել են քննադատել հայրենական սերիալները:

Ուշագրավ է, որ հեռուստատեսային սերիալային արտադրանքը քննադատելու, վերահսկելու, գրաքննելու եւ նույնիսկ` օրենսդրաբար արգելելու կոչերը հնչում են տարբեր հարթակներից: Սերիալների վտանգի մասին խոսում են պատգամավորները, հոգեբանները, հաջողակ եւ ոչ այնքան հաջողակ դերասանները: Ինչո՞ւ է սերիալներից դժգոհելու ցանկությունը հենց հիմա ծնվել եւ ինչո՞ւ է այդքան համատարած սփռում ստացել: Պատճառը մեկն է. սերիալներն աչք են ծակում, դրանք շատ են, միանման են ու մեծ մասամբ` տգեղ կենցաղ են պատկերում ու տգեղ հայերեն լեզվով են նկարահանված:

Հեռուստաէկրանն ընդհանրապես ամեն ինչը խոշորացնելու սկզբունքով է աշխատում: Եթե խորհրդային ժամանակներում խոշորացույցի տակ էր դրվում ու զննվում էր քաղաքացու մաքրամաքուր ու անբիծ կերպարանքը (ինչը կեղծ ու արհեստական էր շատերի համար), ապա հիմա արվում է ճիշտ հակառակը` ցուցադրվում է, որ անբիծ մարդիկ անհաջողակներ են, իսկ լավ կյանքով ապրում են միայն կրիմինալի մեջ թաղված ու անօրինական եկամուտներ ունեցող անձերը: Ուզենք թե չուզենք՝ դա այդպես է: Եթե խորհրդային տարիներին ֆիլմերի (իսկ սերիալները ֆիլմեր են) հերոսները արհեստական հերոսական քողի տակ էին մատուցվում, ապա այսօրվա հերոսները մատուցվում են բնական ու ճանաչելի տեսանկյունով: Դա է իրականությունը, եւ այդ իրականությունը մեզ վանում է: Ինչպես վանում է նաեւ այն սարսափելի հայերեն լեզվի խառնուրդը, որը հեղվում է էկրանից: Բայց այդ նույն հայերենը մենք լսում ենք նաեւ տրանսպորտում, խանութներում, փողոցներում, ամեն քայլափոխի հանդիպում ենք նաեւ կրիմինալ արտաքին ու շարժուձեւ ունեցող «հաստավզերի»: Իսկ ինչո՞ւ նրանց չպիտի հանդիպենք նաեւ էկրաններին:

Փառք Աստծո, որ էկրանն այդ տգեղը ոչ թե քողարկում ու «գեղեցկացնում» է, այլ` խոշորացնում է ու զայրացնում է մեզ: Դա նշանակում է, որ ինչ-որ բան փոխելու ժամանակը հասունացել է: Բայց քանի որ հասարակական բարձր դիրքեր զբաղեցնող պերսոնաժներին մենք փոխել չենք կարող (մենք չունենք նախադեպեր, երբ հարուստ ու հաջողակ են դառնում ուսուցիչները, տաղանդավոր նկարիչները, գիտնականները կամ ազնիվ ոստիկանները, որոնք տիրապետում են գեղեցիկ մայրենի լեզվին ու մարդկային էթիկան գերադասում են ավելի, քան անձնական շահը), ուրեմն սերիալներից բողոքելն անբարոյական է: Փոխելով արտացոլքը, մենք իրական պատկերը չենք շտկի: Ասելով, որ հայաստանցիների կուռքը կրիմինալ ու կիսագրագետ «ավտարիտետներն» են, որոնք սովոր են բռնությամբ իրենց հարցերը լուծել, մենք պարզապես տհաճ փաստն ենք արձանագրում: Իսկ փաստերը շատ հետաքրքիր հատկություն ունեն, նրանց չես թաքցնի:

Բնավ էլ զարմանալի չէ, որ շատ սերիալներ գռեհիկ ու անզուսպ կենցաղի արտացոլքն են դարձել: Մենք այդպես ենք ապրում, եւ այդ մեր կյանքն ենք տեսնում էկրանին: Ու տեսածից դժգոհ ենք: Եվ հիմա, երբ նման հերոսների ու իրադրությունների քանակն այլեւս չենք կարող «մարսել», սկսել ենք խոսել ազգային անվտանգությունից ու մատաղ սերնդի դաստիարակությունից: Ստացվել է այնպես, որ ֆիլմարտադրությունը դարձել է խթան` այդ խոսակցությունները սկսելու համար: Միայն դրա համար պետք է շնորհակալ լինել այդ սերիալների հեղինակներին: Հայաստանյան սերիալները հենց այն արտադրանքն է, որն իր տեղն է գտել շատ հստակ ինքնակառավարվող շուկայի մեջ: Դրանք սկիզբ են առել վերջին մի քանի տարիներին նկատվող հանրության պահանջարկից ու գովազդատուների` գումար ներդնելու ցանկությունից: Այն զարգանում է շուկայի կանոններով. եթե սերիալը վարկանիշ ունի, այն պետք է ապրի: Հիմա կամ պետք է հանգիստ թողնել այդ դաշտը, որպեսզի այն մինչեւ «կոկորդը» լցվի «կեղտով» ու փորձի զարգացման նոր ճանապարհներ գտնել, կամ էլ պետք է մտածել նույն շուկայի օրենքներով մրցել սերիալների դեմ: Ինքնահոսի թողնված հեռուստասերիալների ու կինոֆիլմերի արտադրությունը տալիս է այն պտուղները, որը կարող է: Եվ դրա համար գումար է գտնվում հենց մասնավոր հեռուստաալիքների մենեջմենթի շնորհիվ: Թվում է, որ սերիալային հերոսների վտանգավոր ազդեցությունը նկատած պետական այրերը պետք է իրենց ուշադրությունն ուղղեն ֆիլմեր կամ հեռուստանովելներ ստեղծող այն պրոֆեսիոնալներին, որոնք ունակ են այլընտրանքային գումարներով այլընտրանքային` ավելի որակյալ ու ավելի «մաքուր» արտադրանք ստեղծել:

Եթե հանրությունը սերիալների պահանջ ունի (իսկ այդ պահանջը միշտ էլ լինելու է), ուրեմն հարկավոր է պետական կարիքներին չհակասող նովելային արտադրանք կամ ֆիլմեր ֆինանսավորել:

Հիմա շատ հարմար պահ է վերստին հիշել մեր կինոստուդիաների մասին ու հարց տալ` ինչո՞վ են նրանք զբաղված: Տրամաբանական է, որ մեր «Հայկ» ու «Հայֆիլմ» ստուդիաները պետք է իրենց վրա վերցնեն հանրության դժգոհության հիմնական բեռը եւ պատասխանեն, թե ինչո՞ւ են իրենք սխալ աշխատում ու ժամանակ կորցնում` պետական փողերն ու լավագույն ուժերը վատնելով անպիտան ֆիլմեր ստեղծելու վրա: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ այդ հարցերը չեն տրվում Մշակույթի նախարարության մաս կազմող «Ազգային կինոկենտրոնին», իրենց պարտավորվածությունները չկատարող «Հայֆիլմի» սեփականատերերին: Մենք հիմա ֆիլմեր ենք նկարահանում, որոնք հնացած ու անհետաքրքիր սյուժեներ, հնացած ու անպտուղ ռեժիսորական հայացքներ ունեն: Բայց բողոքում ենք այն քայլերի դեմ, որոնք ամեն դեպքում «հին» անվանել չի կարելի: Դրանք արդիական են, նույնիսկ` շատ արդիական են: Եվ որ շատ կարեւոր է, դրանք եկամտաբեր են:

Լավ կլիներ բարձրաստիճան պաշտոնյաները սերիալների հեղինակների գլխին «սուր ճոճելու» փոխարեն` խորհրդակցեին կինոմասնագետների ու օլիգարխիկ խավի հետ` գտնելու համար այն կինոարտադրանքը, որը ֆինանսավորելով` նրանք կհավասարակշռեն կինոդաշտը: Վերջիվերջո, սերիալներն ապացուցեցին, որ մենք կինոպատմությունների մեծ պահանջարկ ունենք: Եվ այդ պահանջարկը բավարարելու համար հարկավոր է ֆինանսավորել ավելի գրագետ ու պրոֆեսիոնալ կինոնախագծերը: Եվ թող սերիալներից բողոքող հերթական ասուլիսի կամ քննարկման մասնակիցները հաջորդ անգամ հանրությանը ներկայացնեն այն այլընտրանքային կինոն, որը պետական գումարով (այսինքն` մեր բոլորի փողերով) եւ պետական շահերից (այսինքն՝ մեր բոլորի շահերից) է ելնում: