Ըստ ամսագրի` ավագ օղակի ամերիկացի պրոֆեսիոնալ կառավարիչների կամ, այսպես կոչված, «սպիտակ օձիքավորների» աշխատավարձը 2008թ. միջին հաշվով կազմել է տարեկան 114.000 դոլար, ինչը վերջին հինգ տարում զգալի աճել է. 2004թ. այն կազմել էր 95,5 հազար դոլար:
Ճակատագրի հեգնանքով, ամենաշահութաբեր կառավարչական մասնագիտությունների թվում տեղ են գտել ֆինանսիստները եւ դեւելոպերները, որոնց գործունեության ոլորտը տարել է գլոբալ էկոնոմիկայի ճգնաժամի խառնարան: Թոփ տասնյակը գլխավորել է պորտֆելային կառավարիչ-տնօրենը` 130,4 հազար դոլար միջին աշխատավարձով, նրան հաջորդում է զարգացման գծով տնօրենը՝ միջին եկամուտը 121,9 հազար դոլար, առաջին «եռյակը» եզրափակում է գլխավոր տնօրենը, որը ձեւավորում է կառավարման եւ պաշարների, այդ թվում՝ կադրային պաշարների, օգտագործման հայեցակարգը: Այս տարի նրա միջին աշխատավարձը կազմել է 121,5 հազար դոլար՝ առավել բարձր դրույքներով այն ընկերություններում, որոնց գործարարությունը կապված է բժշկության հետ:
Տարեկան 113.000 դոլար եկամտով ինժեներ-կառավարիչը հայտնվել է ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող «սպիտակ օձիքավորների» վարկանիշի չորրորդ հորիզոնականում, նրան հետեւում են գործառնական տնօրենը` 112.000 դոլար աշխատավարձով եւ տեղեկատվական համակարգերի կառավարման տնօրենը՝ 107.000 դոլարով: Ի դեպ, «սպիտակ օձիքավորների» վերջին շերտում եկամուտների աճի տեմպերը հնգամյակի ընթացքում կազմել են 17 տոկոս:
Եկամուտներով գրեթե հավասարվել են վաճառքների գծով կառավարիչն ու գլխավոր հաշվեստուգիչը, որոնք ստացել են 107.000-ական դոլար՝ մի քանի հարյուր դոլարի տարբերությամբ՝ հօգուտ առաջինի: Ինչպես եւ սպասվում էր, սեփական եկամուտների աճի ամենաբուռն տեմպերը ցուցադրել են ֆինանսական տնօրենները, որոնք հոգում են ընկերության ֆինանսական հաշվետվության, շահույթների եւ ծախսերի մասին: 5 տարում նրանց աշխատավարձն աճել է 29,5 տոկոսով՝ տարեկան միջին հաշվով մինչեւ 105.000 դոլար: Ամենահեղինակավոր կառավարչական մասնագիտացումների տասնյակը եզրափակում է տեղեկատվական անվտանգության տնօրենը: Նրա տարեկան եկամուտը միջին հաշվով կազմում է 106,7 հազար դոլար:
«Forbes»-ը նշում է, որ տվյալները ստացվել են ամերիկյան ինդուստրիայի 11 ճյուղերում վերին ոլորտի անբասիր պրոֆեսիոնալների եկամուտների վերլուծության շնորհիվ: