Եվրամիության ներկայիս նախագահող երկիրը` Ֆրանսիան, անցյալ կիրակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մասին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից Մոսկվայում ընդունված հռչակագիրը գնահատել է՝ որպես քաղաքական ժեստ, որը կոչված է հանգստացնելու լարվածությունը տարածաշրջանում եւ քաջալերելու կայունությունը Հարավային Կովկասում: «Մադրիդյան բազային սկզբունքների հիման վրա բանակցությունները շարունակելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի օժանդակությամբ քաղաքական երկխոսությունը ուժեղացնելու մասին կողմերի որոշումը ներդրում կդառնա տվյալ հակամարտության խաղաղ եւ հավասարակշռված լուծում գտնելու գործին»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում: